Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 26-10-2018
Կոնֆերանսը Երեւանում է համախմբել Հայաստանի եւ Եվրոպայի շուրջ 100 երիտասարդների
Հոկտեմբերի 25-ից 28-ը Երեւանում կկայանա Հայաստանում Եվրոպական երիտասարդական պառլամենտի (ԵԵՊ) ազգային ընտրական կոնֆերանսը, որը համախմբել է շուրջ 100 երիտասարդների Հայաստանի մարզերից եւ եվրոպական մի շարք երկրներից:


Բացման պաշտոնական արարողությունը հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ «Դաբլթրի բայ Հիլթն Երեւան Սիթի Սենթր» հյուրանոցում: Կոնֆերանսի խորագիրն է «Քաջալերելով ժողովրդավարական հասարակության հիմք հանդիսացող ակտիվ քաղաքացիներին»: 



Քննարկման առանցքում սոցիալական տարբեր տեսակի խնդիրներն են՝ բանտարկյալներին հասարակություն վերաինտեգրում, ապաստան հայցողների կենսաչափական եւ անձնական տվյալների պաշտպանություն, ներառական կրթություն, Եվրոպական միության համագործակցությունը արեւելյան երկրների հետ, պլաստիկ թափոններ, սոցիալական ցանցերում խոսքի ազատություն եւ այլն:



Հայաստանում Եվրոպական երիտասարդական պառլամենտի նախագահ Վարդգես Շահմուրադյանը eritasard.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում տեղի է ունենում Եվրոպական երիտասարդական պառլամենտի 6-րդ ազգային ընտրական կոնֆերանսը, որի ընթացքում ընտրվելու են լավագույն մասնակիցները, ովքեր Հայաստանը կներկայացնեն Եվրոպական երիտասարդական պառլամենտի միջազգային կոնֆերանսներում:



«Եվրոպական երիտասարդական պառլամենտի հիմնական նպատակն է երիտասարդների շրջանում զարգացնել իրենց կարծիքը ձեւավորելու եւ զարգացնելու հմտությունները: Մատենադարանում տեղի կունենա կոնֆերանսի գլխավոր համագումարը, որտեղ մասնակիցները հանդես կգան առաջարկություններով՝ տարբեր խնդիրների լուծման հետ կապված»,- ասաց նա:



Եռօրյա քննարկումներից հետո մասնակիցների բաց քվեարկությունն անցած լուծումները կներկայացվեն Եվրոպական երիտասարդական պառլամենտի, ինչպես նաեւ համապատասխան պետական եւ մասնավոր մարմինների դատին:



Հավելենք, որ կրթական աշխատանքներից բացի՝ Եվրոպայից, այդ թվում՝ Գերմանիայից, Իտալիայից, Շվեյցարիայից, Ավստրիայից, Հունաստանից, Լատվիայից, Ֆինլանդիայից, Ուկրաինայից եւ Վրաստանից ժամանած 40 միջազգային մասնակիցները կծանոթանան հայկական մշակույթին ու պատմական ժառանգությանը։ Մշակութային միջոցառումների եւ փորձի փոխանակման շնորհիվ հայ պատվիրակները եւս կզարգացնեն միջմշակութային հաղորդակցության հմտությունները: