Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 31-10-2018
«Իմ երազանքն իրականացել է». Յան Մաքսինի համերգ-ճանապարհորդությունը երեւանյան բեմում
«Իմ երազանքն իրականացել է. ես Երեւանում եմ: Ու ելույթ եմ ունենում այս հրաշալի դահլիճում, ձեզ համար»,- երեւանյան հանդիսատեսին այս խոսքերով ողջունեց աշխարհում ճանաչում ունեցող ամերիկացի թավջութակահար, կոմպոզիտոր, վոկալիստ Յան Մաքսինը:

Հոկտեմբերի 30-ին Երեւանում՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, կայացավ տաղանդավոր թավջութակահարի առաջին ելույթը: 

Յան Մաքսինը ճանաչում է ձեռք բերել կատարողական բացառիկ ոճի շնորհիվ. նրա երաժշտությունը դասական, էթնիկ,  ջազային, հաճախ նաեւ այլ երաժշտական ուղղությունների  տարրերով հագեցած յուրօրինակ համաձուլվածք է: 

Իր երաժշտությունը նա անվանել է «կախարդական ճանապարհորդություն՝ թավջութակի հետ»: Ավելի դիպուկ հնարավոր չէ բնորոշել. նրա երաժշտությունն իսկապես շուրջերկրյա ճանապարհորդություն է: Տաղանդավոր երաժիշտը տիրապետում է 9 լեզուների, երգում 15 լեզուներով, իսկ նրա թավջութակն ունկնդրին անսպասելիորեն «տեղափոխում է» մոլորակի մի կետից մյուսը, ներկայացնում տարբեր ժողովուրդների էթնիկ երաժշտությունը: 

Երեւանյան համերգի առաջին մասում Յան Մաքսինը հանդես եկավ Յոհան Սեբաստիան Բախի թավջութակի մենանվագով եւ մի շարք հեղինակային ստեղծագործություններով: Երկրորդ մասում նրան միացան հայ երաժիշտներ Մովսես Էբեջյանը, Հայկ Կարապետյանը, եւ սկսվեց ճանապարհորդությունը՝ Ռուսաստանից, Ուկրաինայից մինչեւ Ֆրանսիա եւ Իտալիա, Բալկաններ, Մերձավոր Արեւելքից մինչեւ Լատինական Ամերիկա: Այնուհետեւ հնչեցին երգեր՝ 10-ից ավելի լեզուներով՝ հայերեն, ռուսերն, ուկրաիներեն, անգլերեն, իտալերեն, ֆրանսերեն, քրդերեն… Չափազանց ջերմ ընդունելության արժանացան հատկապես «Սարերի հովին մեռնեմ» եւ «Ով, սիրուն, սիրուն»  երգերի կատարումները, որով էլ եզրափակվեց համերգը: 

Յան Մաքսինը ելույթներ է ունենում ամբողջ աշխարհում: Նա համագործակցել է Անդրեա Բոչչելիի, Գլորիա Էստեֆանի, Ստինգի հետ: 

Ինչո՞ւ է աշխարհի հեղինակավոր բեմերը (այդ թվում՝ Փարիզի, Նյու Յորքի) նվաճած երաժիշտը երեւանյան փոքրիկ, բայց ջերմ դահլիճում նշում, որ կատարվել է իր երազանքը: Հայաստանյան համերգը եւ առհասարակ մեր երկիր այցելությունն առանձնահատուկ իրադարձություններ են նրա համար:  

Այդ մասին Յան Մաքսինը պատմեց Eritasard.am-ին. «Մայրս ծնվել է Երեւանում, թեպետ մենք հայկական արմատներ չունենք: Պապս զինվորական էր, ծառայել է Գերմանիայում, ապա ընտանիքը տեղափոխվել է Հայաստան, որտեղ էլ ծնվել է մայրս, այնուհետեւ բնակություն են հաստատել Թբիլիսիում: Երկար տարիներ մորս ընտանիքը բնակվել է Կովկասում: Հայկական մշակույթը մեր ընտանիքի համար առանձնահատուկ նշանակություն ունի»:  

Ինչպես ինքն է ասում, Հայաստանը եւ հայերը վճռորոշ դեր են ունեցել Յանի կյանքում. «Իմ ուսուցիչներից մեկը եղել է հայազգի հայտնի թավջութակահար Սուրեն Բագրատունին: Թավջութակի հետ իմ ծանոթությունը տեղի է ունեցել շնորհիվ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի: Այո՛, ես այդ երաժշտության շնորհիվ դարձա թավջութակահար: …Իսկ նախօրեին տեղի ունեցածը երազանք չէր, այլ մի բան, որի մասին անգամ չէի երազել. ես եղա Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, եւ ինձ համար հատուկ էքսկուրսիա կազմակերպեց թանգարանի տնօրեն, դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը: Դա նշանակալի իրադարձություն էր ինձ համար: Հետո ես Կասկադի բարձունքից  տեսա Արարատ լեռը եւ հիացա  իմ կյանքում տեսած ամենագեղեցիկ մայրամուտներից մեկով»: 

Պատկերասրահ՝ Յան Մաքսինը Երեւանում