Նյութը՝ Երիտասարդական ակումբների դաշնությունից
Լուսանկարները՝ Երիտասարդական ակումբների դաշնությունից
Տեղադրվել է 01-11-2018
Երիտասարդական աշխատանքի առաջխաղացումը միջազգային ծրագրի առանցքում
Հայաստանի Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) նախաձեռնությամբ «Միջազգային երիտասարդական հետազոտություններ» (InYouS) կարողությունների զարգացման երկարաժամկետ ծրագրի շրջանակում Ուկրաինայի Խարկով քաղաքում իրականցվում է «Երիտասարդական աշխատանքի առաջխաղացում» երիտասարդական փոխանակության ծրագիրը:

Այն համախմբել  է Եվրոպայի տարբեր երկրների երիտասարդական կազմակերպությունների ակտիվ ներկայացուցիչների՝ միմյանց փոխանցելու երիտասարդական աշխատանքի ոլորտում ունեցած իրենց երկրի եւ կազմակերպության փորձը: Ծրագրի այս փուլում մասնակիցները տեղեկատվական արշավներ կազմակերպելու գիտելիքներ ու հմտություններ ձեռքբերելու հնարավորություն ունեն, ինչը կօգնի առավել տեսանելի եւ հրապարակային դարձնել երիտասարդական կազմակերպությունների աշխատանքն ու իրականացրած ծրագրերը։

Ծրագրի համակարգող, Երիտասարդական ակումբների դաշնության միջազգային քարտուղար Դիանա Եղիազարյանի տեղեկացմամբ «հոկտեմբերի 26-ից Խարկով քաղաքում մեկնակված երիտասարդական փոխանակության ծրագիրը 5 փուլից բաղկացած երկարաժամկետ ծրագրի հերթական փուլն է: Ծրագրի սկիզբն ազդարարվել է 2018 թվականի ապրիլին Երեւանում՝ գիտաժողով ձեւաչափով, հուլիսին՝ Թբիլիսիում, որտեղ ուսուցողական դասընթացի շրջանակում վերապատրաստվել են երիտասարդական աշխատողները, օգոստոսին էլ Պրահայում տեղի ունեցավ երիտասարդական փոխանակության ծրագիր, որտեղ կիրառվեցին նախորդ երկու ծրագրերում մշակված մեթոդներն ու տեխնոլոգիանները՝ երիտասարդներին առավել մասնակցային դարձնելով որոշումների կայացման եւ երիտասարդական աշխատանքի խրախուսման գործընթացին»:

Երիտասարդական փոխանակման ծրագրի շրջանակում մասնակից երիտասարդները ճանաչողական հանդիպում են ունեցել Խարկովի երիտասարդական խորհրդի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ներկայացվել են Ուկրաինայում երիտասարդական աշխատանքի ոլորտում իրականացվող ծրագրերն ու արձանագրած հաջողությունները:

«Մասնակիցներն այժմ զինված են նոր գիտելիքներով եւ հմտություններով, որոնք կարող են կիրառել սեփական համայնքներում, երիտասարդական ակումբներում երիտասարդներին ներգրավելիս»,- հավաստում է ծրագրի համակարգողը։
 
Լյուբով Կոլդինան, ով ներկայացնում է ծրագրի գործընկեր ուկրաինական Liberty Forum կազմակերպությունը, ուրախ է, որ Խարկովում կարողացել են հյուրընկալել այսքան պայծառ երիտասարդների. «մեզ համար մարտահրավեր էր այն, որ շատերը ծանոթ չէին Ուկրաինային եւ հատկապես Խարկով քաղաքին, սակայն արդեն ծրագրի 4-րդ փուլում ստեղծվել են ընկերային լավ հարաբերություններ, որոնք կազմակերպությունների մակարդակում դառնում են գործընկերային համագործակցություն»: 
 
Երիտասարդական աշխատանքի առաջխաղացմամբ հետաքրքրված երիտասարդները Խարկովի կենտրոնում իրականացրել են ֆլեշմոբ՝ տեղացիների ուշադրությունը հրավիրելով երիտասարդական աշխատանքի վրա։
 
«Երիտասարդական աշխատանք. ի՞նչ է այն, ստուգեք #InYouS ծրագիրը» նախադասությունը գրավել է շատ անցորդների, որոնք իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները գտել են ֆլեշմոբի մասնակիցներին հարցուփորձ անելով։ Մասնակիցները պատրաստել էին QR գաղտնաբառեր, ժամանակակից թվանշային ներկայացում՝ անցորդներին տեղեկությունն ավելի արագ փոխանցելու նպատակով։

Առաջիկայում մասնակից երիտասարդները   մշակելու են նաեւ տեղեկատվական արշավներ, որոնք կօգնեն հետագայում ավելի արդյունավետ դարձնել «Միջազգային երիտասարդական հետազոտություններ» հեռավար ուսուցման դասընթացը։ 13 ԵՄ եւ Արեւելյան գործընկերության երկրների երիտասարդների ջանքերով կստեղծվի հեռավար ուսուցման դասընթաց, որը հասանելի կդառնա յուրաքանչյուրին: InYouS ծրագիրը Երիտասարդական ակումբների դաշնությունն իրականացնում է Եվրամիության Erasmus+ ծրագրի շրջանակում: