Նյութը՝ Դավիթ Գրիգորյանից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 05-11-2018
Մեկնարկում է Yerevan Jazz Fest 2018-ը
Ջազի հայկական ասոցիացիան եւ «Մեցցո Պրոդաքշնը»՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 7-20-ը կանցկացնեն ամենամյա միջազգային ջազ փառատոն Yerevan Jazz Fest 2018-ը:

2018 թվականին լրանում է Հայաստանի պետական ջազ նվագախմբի հիմնադրման 80-ամյակը: Այդ իսկ առիթով  Yerevan Jazz Fest 2018-ը նվիրված է նվագախմբի հիմնադիր, դիրիժոր Արտեմի Այվազյանին:

Այս տարի Yerevan Jazz Fest-ն էլ ավելի է մեծացրել իր աշխարհագրությունը՝ համերգներ կազմակերպելով նաեւ Շուշիում ու Գյումրիում: Yerevan Jazz Fest 2018-ը կմեկնարկի նոյեմբերի 7-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում 10-ակի Գրեմմի դափնեկիր, շեփորահար Արթուրո Սանդովալի եւ Հայաստանի պետական ջազ նվագախմբի համատեղ համերգով:

Փառատոնի երկրորդ օրը՝ նոյեմբերի 11-ին Yerevan Jazz Fest 2018-ը կուղեւորվի Շուշի, որտեղ կկայանա Սերգեյ Մանուկյանի եւ Արցախի պետական ջազ նվագախմբի համատեղ համերգը (գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Լալայան): Նոյեմբերի 13-ին Սերգեյ Մանուկյանի,  Ռաֆայել Պետրոսյան քառյակի ու Կարեն Գրիգորյան քառյակի մասնակցությամբ համերգ կանցկացվի Գյումրիի Վ. Աճեմյանի անվան թատրոնում:

2018-ին Ջազի հայկական ասոցիացիան, «Մեցցո Պրոդաքշնը» եւ «Արարատ» լեգենդար կոնյակը կներկայացնեն նոր ձեւաչափի համերգ, որը կկայանա նոյեմբերի 19-ին «Դվին» հյուրանոցի նորաբաց շքեղ սրահում՝ հանրահայտ Չայնա Մոսեսի եւ Հայաստանի պետական ջազ նվագախմբի մասնակցությամբ:

Փառատոնի շրջանակում մեծ եւ հաճելի անակնկալ է սպասվում Հայաստանի պետական ջազ նվագախմբին ու հայ հանդիսատեսին: Նոյեմբերի 20-ին՝ փառատոնի փակման գալա համերգին «Արամ Խաչատրան» համերգասրահում համատեղ համերգով հանդես կգան Հայաստանի պետական ջազ նվագախումբը եւ Օլեգ Լունդստրեմի անվան ջազ նվագախումբը՝ Բորիս Ֆրումկինի ղեկավարությամբ: