Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 06-11-2018
Մեկնարկեցին «Էրազմուս+» ծրագրի տեղեկատվական օրերը
Նոյեմբերի 6-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մեկնարկեցին «Էրազմուս+» ծրագրի տեղեկատվական օրերը:
Միջոցառման նպատակը երիտասարդության բարձրագույն կրթության համար նախատեսված «Էրազմուս+» միջազգային ծրագրերի մանրամասներին ծանոթացնելն է: 

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Վարդան Ուռուտյանը, ողջունելով ներկաներին, հույս հայտնեց, որ համալսարանի հարկի տակ կծնվեն համատեղ ծրագրերի եւ համագործակցության նոր գաղափարներ ու հնարավորություններ. «Եթե ինձ հարցնեն, թե որոնք են Հայաստանում երիտասարդության՝ մարդկային կապիտալի զարգացման առումով եւ  բուհերի՝ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման տեսանկյունից ամենաշատ ազդեցություն ունեցած եւ ունեցող ծրագրերը, ապա իմ ցուցակում ԵՄ  ծրագրերը՝ ներառյալ «Էրազմուս+»-ը, կլինեն վերին հորիզոնականներում: Ես շնորհակալ եմ ԵՄ-ին շարունակական աջակցության համար»: 



Վարդան Ուռուտյանն ամփոփեց ելույթը՝ արդյունավետ աշխատանք եւ արժեքավոր տեղեկատվությամբ լի օրեր մաղթելով: 

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի խորհրդական, «Էրազմուս+» բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների ազգային թիմի համակարգող Սամվել Կարաբեկյանն էլ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից ողջունեց ներկաներին, ապա նշեց. «Դժվար է գերագնահատել «Էրազմուս+» ծրագրի դերը հատկապես վերջին տարիներին Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի զարգացման գործում: Կարելի է ասել, որ մեր բարձրագույն կրթության համակարգում արձանագրված դրական տեղաշարժերի գերակշիռ մասի համար մենք պարտական ենք հենց այս ծրագրին»: 



Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան. «Ինչպես գիտեք, աշնանը եվրոպական հանձնաժողովը մրցույթ է հայտարարում, եւ ինչպես շատերդ տեղեկացված եք,  «Էրազմուս+» ծրագիրը խոշոր գումար ունի՝ փոփոխություններ իրականացնելու բարձրագույն կրթության ոլորտում:  Եվրոպական հանձնաժողովի կողմից գումար է փոխանցվել,  որպեսզի շուրջ 180 երկրներ իրենց բարձրագույն կրթությունը զարգացնելու հնարավորություն ունենան: Մեծ պահանջ է դրված: Հայ ժողովուրդը գտնվում է նոր իրավիճակում: Մենք մեծ ակնկալիքներ ունենք: Այո՛, դա շատ մեծ մարտահրավեր է  մեր ղեկավարների համար: Ուսանողները պահանջում են փոփոխություններ, եւ մենք պետք է շատ աշխատենք, որ կարողանանք ե՛ւ ուսումնական ծրագրերի վերանայում իրականացնել, ե՛ւ  նորերը տեղծել»:



Միջոցառմանը ներկա էին նաեւ Լեհաստանի «Էրազմուս+» ազգային գործակալության համակարգող Դորոտա Ռիտվինսկան եւ Բելառուսի պետական համալսարանի միջազգային ծրագրերի բաժնի ղեկավար Ալեքսանդր Ռիտովը: Նրանք ներկայացրին «Էրազմուս+» ծրագրի իրենց երկրների ազգային փորձը: