Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 09-11-2018
«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ճակատագիրն անորոշ է
Հոկտեմբերի 22-ին E-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից հանրության ուշադրությանն է ներկայացվել Կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է լուծարել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Ըստ նախագծի՝ «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի գործառույթները պետք է իրականացվեն ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության վարչակազմի միջոցով: 

Միակ հիմնավորումը ձեւակերպված է այսպես. «Կազմակերպությունը իր գործառույթներն իրականացնում է 17 հաստիքային միավոր ունեցող անձնակազմով, որի պահպանման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տարեկան հատկացվում է 29569.4 հազար ՀՀ դրամ, ինչը նպատակահարմար չի համարվում»:

Այսինքն՝ ՊՈԱԿ-ը լուծարելու միակ պատճառը (ըստ Կառավարության որոշման նախագծի) կազմակերպության վարչակազմի պահպանման համար տրամադրվող գումարը՝ 29569.4 հազար ՀՀ դրամը, տնտեսելն է: Այլ հիմնավորումներ, համենայն դեպս, չեն նշվում: 

ՊՈԱԿ-ի աշխատակազմը կառույցի լուծարման մասին ծանուցվել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարի գրությամբ, որտեղ նշված է, որ նախատեսվում է 2 ամսվա ընթացքում լուծարել ՊՈԱԿ-ը: 

««Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը միակ պետական երիտասարդական կառույցն է: Որպես երիտասարդական ոլորտի ներկայացուցիչներ (ՊՈԱԿ-ը բավականին փորձառու թիմ ունի)՝ մենք այսօր մտահոգված ենք ոլորտի հեռանկարներով: Իհարկե, համագործակցում ենք ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ: Փոխնախարար Քրիստինե Ասատրյանի հետ զրույցներ ենք ունեցել, նա նշել է, որ հնարավոր է՝ ստեղծվեն մի քանի հաստիքներ, որոնցում որպես փորձառու մասնագետներ առաջնահերթ կդիտարկվի ՊՈԱԿ-ի աշխատակիցների թեկնածությունը: Մեզ համար, սակայն, այս պահին առավել կարեւոր է ոլորտի կայացման խնդիրը. չէ՞ որ տարիներ շարունակ ռեսուրսներ են օգտագործվել, եւ՝ ոչ միայն մարդկային: Ստեղծվել են նաեւ համապատասխան համակարգեր»,- Eritasard.am-ի հետ զրույցում նշեց «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռոզա Հակոբյանը: 

Ստեղծման պահից «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ն իր գործունեությունն ուղղել է երիտասարդական ՀԿ-ների, ինչպես նաեւ երիտասարդների ոչ ֆորմալ խմբերի ծրագրերի իրականացմանն աջակցելուն,  ազգային երիտասարդական քաղաքականության պետական եւ ոչ պետական հատվածների փոխգործակցությանն ուղղված միջոցառումների իրականացմանը եւ այլն: 

Իրականացվել են երիտասարդների հիմնախնդիրների վերաբերյալ բազում ուսումնասիրություններ: ՊՈԱԿ-ի կողմից կյանքի կոչված ծրագրերը բազմաթիվ ու բազմաբնույթ են: Տարիների ընթացքում նաեւ ձեւավորվել ու ամրապնդվել են մի շարք համագործակցություններ թե՛ օտարերկրյա, թե՛ միջազգային կազմակերպությունների հետ:

Ռոզա Հակոբյանը նշեց, որ քանի դեռ անորոշ է ՊՈԱԿ-ի ճակատագիրը, ի թիվս այլ խնդիրների՝ մտահոգիչ է նաեւ ՊՈԱԿ-ի կազմում գործող Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի ճակատագիրը. «Եթե ՊՈԱԿ-ը լուծարվի, որպես նրա կազմում գործող կառույց՝ կլուծարվի նաեւ Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը, որը հսկայական աշխատանք է կատարել՝ փաստարկված դարձնելով երիտասարդական քաղաքականությունը: Այս պահին անորոշ է նաեւ ինստիտուտի ճակատագիրը»: 

«Հետազոտությունների վրա հիմնված երիտասարդական պետական քաղաքականության մշակումը վտանգված է» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի պետ Մարինա Գալստյանը մտահոգություն հայտնեց, որ E-draft.am-ում շրջանառության մեջ դրված որոշման նախագծում հստակ նշված չէ, թե ինչպես են իրականացվելու Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի հետազոտական գործառույթները. «Նշված է, որ գործառույթներն իրականացվելու են  նախարարության վարչակազմի միջոցով, եւ տնտեսվելու է պետական բյուջեից տրամադրվող գումարը: Ըստ այդ տրամաբանության՝ նոր մասնագետների համալրում չի սպասվում: Սակայն երբ ուսումնասիրում ենք նախարարության վարչությունը, այնտեղ վերլուծական, հետազոտական աշխատանքներ իրականացնող հաստիք չկա: Դա է մեր մտահոգությունը, որի մասին բարձրաձայնել ենք: Նախարարության հետ քննարկումներ ենք անցկացրել, սակայն միասին որոշում կայացնելու երկխոսություն չկա: Մենք հարց ենք տալիս՝ եթե նոր բաժին ստեղծվի, այդ բաժինն ի՞նչ գործառույթներ է իրականացնելու, ինստիտուտի աշխատանքներն ինչքանո՞վ չեն համապատասխանում այն կարիքներին, որ ունի դաշտը, այն որակային չափանիշներին,  որ ունեն հետազոտական կազմակերպությունները»:

Մարինա Գալստյանը նշեց, որ ակնկալում են Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի 5 տարվա աշխատանքի գնահատում, ապա եւ սցենարների համատեղ քննարկում: 

Նշենք, որ Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը գործում է 2013 թ.-ից: Այն փաստարկված երիտասարդական քաղաքականությանն աջակցող եւ երաշխավորող կառույց է, ինչի ստեղծման համար 5 տարիների ընթացքում ներդրվել են ռեսուրսներ ինչպես պետական, այնպես էլ միջազգային աղբյուրներից: Ինստիտուտն իրականացրել է մի շարք հետազոտություններ, որոնք հիմք են հանդիսացել երիտասարդական քաղաքականության մշակման համար: 

Անդրադառնալով խնդրին՝ երիտասարդական ոլորտի փորձագետ Արեգ Թադեւոսյանը շեշտեց, որ օպտիմալացման գործընթացը պետք է իրականացվի որոշակի տրամաբանության շրջանակում. «Պետք է այնպես անել, որ երկար  տարիների աշխատանքի ու ջանքերի արդյունքում կայացած կառույցները գրչի մի շարժումով մի կողմ չնետվեն, եւ չսկսենք նորից զրոյից»: 

Արեգ Թադեւոսյանի խոսքով՝ Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի հիմնադրումը լուրջ ջանքեր է պահանջել: Ինստիտուտը երկար ու դժվարին ճանապարհ է անցել, նաեւ սխալներ է գործել, շտկել դրանք ու կայացել: Եվ ամբողջ աշխատանքը ջնջելն ու այդ դժվարին ճանապարհը նորից անցնելը սխալ քաղաքականություն է. «Երիտասարդական ոլորտում չպիտի լինի որոշում, որը կկայացվի փակ պայմաններում: Եթե ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտություն կա, դա պետք է հիմնված լինի նախորդի արդյունավետության վերլուծության վրա: Այդ գործընթացը չպետք է երբեւէ որեւէ պետական կառույցի պատերի ներսում արվի: Դա պետք է լինի թափանցիկ, մասնակցային: Եթե կա վերափոխման անհրաժեշտություն, նախքան որոշում կայացնելը պետք է հանրային քննարկում ծավալել, որի արդյունքում էլ կձեւավորվեն ամենաարդյունավետ սցենարները»: 

Մարինա Գալստյանը հավելեց. «Այդ սցենարները լուծարման նախագծի հետ զուգահեռ պետք է հանրային քննարկման դրվեն: Այսինքն՝ լուծարում ենք այս կառույցը, ստեղծում ենք այս մեկը: Մենք ենրկայացրել ենք 2 սցենար: Առաջարկում ենք ինստիտուտը տեղակայել գիտական, հետազոտական կառույցի կա՛մ որեւէ բուհի կազմում, կա՛մ ստեղծել առանձին հիմնադրամ»: 

Այս պահի դրությամբ «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի, հետեւաբար նաեւ Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի ճակատագրերն անորոշ են: 

Նշենք, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, հաշվի առնելով երիտասարդական քաղաքականության ոլորտում կատարվող փոփոխությունների եւ ընդունված որոշումների վերաբերյալ հասարակության լայն շրջանակների արտահայտած կարծիքները, երիտասարդական քաղաքականության ոլորտում աշխատող փորձագետներին եւ երիտասարդական աշխատողներին հրավիրում է նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանի հետ հանդիպման, որը նոյեմբերի 12-ին՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում: