Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 09-11-2018
Տեղի կունենա «Կարմեն» օպերայի հայաստանյան պրեմիերան
Նոյեմբերի 10-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ֆրանսիացի երգահան Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի հայաստանյան պրեմիերան:
Այն իրականացվում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար, մաեստրո Կոնստանտին Օրբելյանի անձնական նախաձեռնությամբ եւ ջանքերով:  

«Վաղը նշանակալի պրեմիերա է սպասվում: «Կարմեն»-ը ներկայացվել է Դուբայի օպերային թատրոնում, որտեղ ջերմ ընդունելության է արժանացել: Իսկ վաղն այն կներկայացնենք հայ հանդիսատեսին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Կոնստանտին Օրբելյանը: 


Ներկայացնելով օպերայի ստեղծագործական կազմը՝ նա փաստեց, որ ամենեւին հեշտ չէ նորովի ներկայացնել աշխարհում ամենահայտնի օպերաներից մեկը, սակայն ստեղծագործական թիմին հաջողվել է դա անել: 

Օպերայի բեմադրող ռեժիսոր Նաիրե Ստեփանյանը հավաստիացրեց, որ յուրաքանչյուրը հոգեհարազատ մասնիկ կգտնի ներկայացման մեջ. «Աշխատել ենք հրաշալի թիմով, ինչի համար ես իսկապես երջանիկ եմ: Նրանք ոչ միայն լավ մասնագետներ են, այլեւ լավ մարդիկ, ինչն էլ, կարծում եմ, արդյունավետ ու հաջողված աշխատանքի գրավականն է»:



Նաիրե Ստեփանյանը նշեց, որ օպերայում նոր կերպար կլինի: Տարբերվող կլինի նաեւ լեզուն, քանի որ այժմ հանդիսատեսը ցանկանում է ավելի կենդանի խաղ տեսնել, քան նախկինում էր: 

Մեներգիչների հետ կներկայանան նաեւ օպերային թատրոնի երգչախումբը, նվագախումբը, բալետային թատերախումբը, Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի սաները:  Թատրոնի գլխավոր խմբավարը ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյանն է, բալետային խմբի ղեկավարը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Գրիգորյանը: 



Ներկայացման բեմադրող դիրիժորը Կոնստանտին Օրբելյանի հրավերով ԱՄՆ-ից  Հայաստան ժամանած Քրիստոֆեր Օկասեկն է: Նա աշխատել է Սան Ֆրանցիսկոյի եւ Վաշինգտոնի օպերային թատրոններում: 

Կոնստանտին Օրբելյանի խոսքով՝ Քրիստոֆեր Օկասեկը  ճանաչված դիրիժոր է եւ պարբերաբար հրավերներ է ստանում տարբեր երկրների օպերային թատրոններից: Այս տարի արդեն համերգային ներկայացումներ է ունեցել Չինաստանում, Իսպանիայում (Պլասիդո Դոմինգոյի հետ) եւ այլ երկրներում: 



Օկասեկը նշեց, որ իր հիմնական խնդիրն այն է, որ նվագախումբը գերազանց ներկայանա, եւ հույս ունի, որ այդպես էլ կլինի: 

Գլխավոր դերերում հանդես կգան Կարինե Բաբաջանյանը (Կարմեն), Լիպարիտ Ավետիսյանը (Խոզե),  Դմիտրի Լավրովը (Էսկամիլիո), Ալինա Փահլեւանյանը (Միկայելա) եւ այլն:  

Կարինե Բաբաջանյանն էլ իր երախտագիտությունը հայտնեց Կոնստանտին Օրբելյանին՝ հրավերի եւ հայրենիքում ելույթ ունենալու հնարավորության համար. «Չափազանց մեծ պատասխանատվություն եմ զգում, քանի որ Կարմենի դերը խաղացել է Տաթեւիկ Սազանդարյանը, որն իմ սիրելի  ուսուցչուհին է: Ներկայացման ժամանակ ես կմտածեմ նրա մասին»:



Լիպարիտ Ավետիսյանը նշեց, որ ներկայացումը չափազանց հետաքրքիր է լինելու. «Մեր «Կարմեն»-ը շատ վառ է եւ զգացմունքային: Իսկ հարթակն այնքան բաց է, որ կերպարը լիովին մատուցելու ու զարգացնելու հնարավորություն է  տալիս: Դա հրաշալի է: Հպարտ եմ ու ոգեշնչված»: 

ՌԴ-ից ժամանած Դմիտրի Լավրովը Եվրոպայում ամենահայտնի Էսկամիլիոն է: Նա վերջերս է վերադարձել Նորվեգիայից: Այժմ իր արվեստը կներկայացնի հայ հանդիսատեսին. «Ինձ հրավիրել է մաեստրո Կոնստանտին Օրբելյանը: Սիրով եմ ընդունել հրավերը: Ինձ համար մեծ պատիվ է»: 

Հանդիսատեսին կներկայացվեն տպավորիչ բեմական հագուստներ՝ դիզայներ Քրիստինե Ավետիսյանի ձեւավորմամբ: Նա նշեց, որ աշխատանքը կատարվել է կարճ ժամանակահատվածում. «Չնայած մեր ժամանակը սուղ էր, բայց ամեն ինչ նոր է՝ սկսած կոշիկներից մինչեւ ամենափոքր դետալները: Հիմնական գույներն են սեւը, ոսկեգույնը, կարմիրը:  Ինձ ոգեշնչել է այն միտքը, որ Նաիրե Ստեփանյանը ցանկանում էր ցույց տալ նոր տեսակի Կարմեն»: 



Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերան առաջին անգամ բեմադրվել է 1875 թ.-ին Փարիզի «Opéra-Comique» թատրոնում։ Կարծիքներ կան, որ Ժորժ Բիզեի մահվան պատճառն օպերայի տապալած առաջնախաղն է եղել, որից ընդամենը 3 ամիս անց 37 տարեկանում Բիզեն հանկարծամահ է եղել: 

1875 թ.-ին «Կարմեն»-ը բեմադրվել է Վիեննայում, ինչից հետո  օպերան համաշխարհային ճանաչում է ձեռք բերել։