Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 10-11-2018
Սիմոն Մարտիրոսյանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն
8 տարվա ընդմիջումից հետո հայ ծանրորդին հաջողվել է դառնալ լավագույնն աշխարհում։
Հայ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն՝ երկամարտի 435 կգ ռեկորդային արդյունք գրանցելով Թուրքմենստանում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում։ 109 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի ներկայացուցիչը լավագույն արդյունքը ցույց տվեց հրում վարժությունում։ Առաջին մոտեցմամբ Սիմոն Մարտիրոսյանին հաջողվեց արդեն 230 կգ արդյունք է գրանցել։ Այդ քաշի հրումը հայ ծանրորդին դարձրեց աշխարհի ռեկորդակիր։

Արդեն երկրորդ մոտեցմամբ Սիմոն Մարտիրոսյանը չեմպիոնի կարգավիճակում հրեց եւս 10 կգ ավելի՝ 240 կգ` աշխարհի նոր ռեկորդ սահմանելով: Հատկանշական է, որ հայ ծանրորդն արծաթե մեդալ էր նվաճել պոկում վարժությունում՝ գլխավերևում պահելով 195 կգ: Երրորդ մոտեցմամբ 21-ամյա ծանրորդին հաջողվել էր բարձրացրել 197 կգ ծանրաձող, սակայն մրցավարները չէին հաշվել Սիմոն Մարտիրոսյանի այդ մոտեցումն ու չէին գրանցել աշխարհի ռեկորդ:

Այսպիսով՝ կոտրվեց սառույցը. Հայաստանի ներկայացուցիչներին 8 տարի չէր հաջողվում նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը ծանրամարտում: Ռիոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի երիտասարդական առաջնության 2018 թվականի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն այս քայլով մեծ նվաճում բերեց հայկական ծանրամարտին, որը վերջին մեկ տարվա ընթացքում չափից շատ անհաջողություններ էր արձանագրել՝ ենթարկվելով նաեւ պատժամիջոցների։  

Հիշեցնենք նաեւ, որ Սիմոն Մարտիրոսյանը բացի Ռիոյի 2016 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի 2018 թվականի երիտասարդական առաջնության հաղթողը լինելուց, դարձել է նաեւ Եվրոպայի 2017 թվականի առաջնության չեմպիոն։