Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 11-11-2018
Ծանրորդ Գոռ Մինասյանը՝ աշխարհի փոխչեմպիոն
Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Մինասյանն արծաթե մեդալ նվաճեց Թուրքմենստանում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունում։
Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնության վերջին օրը պայքարի է դուրս եկավ Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ գերծանր քաշային Գոռ Մինասյանը: Հայ ծանրորդը պոկում վարժությունում առաջինը պատվիրեց 200 կգ, որն էլ առանց դժվարությունների կարողացավ գլխավերեւում պահել:

Գոռ Մինասյանը երկրորդ մոտեցմամբ բարձրացրեց 205 կգ եւ ապահովեց փոքր արծաթե մեդալ: Երրորդ մոտեցման համար Գոռ Մինասյանը պատվիրեց 210 կգ, որը այդպես էլ նա չկարողացավ պահել գլխավերեւում:

Հրում վարժությունում հայ ծանրորդն առաջին մոտեցմամբ գլխավերեւում պահեց 240 կգ: Երկրորդ մոտեցմամբ Հայաստանի ներկայացուցիչը բարձրացրեց 245 կգ՝ դառնալով արծաթե մեդալակիր:

Երկամարտում Գոռ Մինասյանը գրանցեց 450 կգ արդյունք ու դարձավ աշխարհի փոխչեմպիոն: Իսկ այս քաշային կարգում մրցակցությունից դուրս էր ու ոսկե մեդալ նվաճեց Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն՝ երկամարտի 474 կգ արդյունք գրանցելով:

Պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնեց Ռուստամ Ջանգաբաեւին։ Բրոնզե մեդալ նվաճած Ուզբեկստանի ներկայացուցիչը երկամարտի 447 կգ արդյունք ցույց տվեց: