Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 12-11-2018
Մեդալային հաշվարկում Հայաստանը 8-րդն էր Թուրքմենստանում
Աշխաբադում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունը մեդալների առումով այնքան էլ բարեբեր չէր հայ ծանրորդների համար։

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը յուրատեսակ վարկանիշային ստուգատես էր 2020 թ.-ին Տոկիոյում կայանալիք Ամառային օլիմպիական խաղերից առաջ։ Հայաստանը ներկայացնում էին 8 ծանրորդ:

Կանանց հավաքականի կազմում ընդգրկված էին Իզաբելլա Յայլյանը (59 կգ), Լիանա Գյուրջյանը (71 կգ), Տաթեւ Հակոբյանը (81 կգ) եւ Արփինե Դալալյանը (87 կգ)։ Տղամարդկանց հավաքականում տեղ էին զբաղեցրել երիտասարդ Անդրանիկ Կարապետյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը (89 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) եւ Գոռ Մինասյանը (գերծանր, 109+):

Հայ ծանրորդները միասնական 2 ոսկե եւ 5 արծաթե մեդալ նվաճեցին ու ընդհանուր մեդալային հաշվարկում զբաղեցրին 8-րդ հորիզոնականը: 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը նվաճել է 1 փոքր ոսկե, 1 փոքր արծաթե մեդալ եւ երկամարտի արդյունքով դարձել է աշխարհի չեմպիոն:

109+ կգ քաշային կարգում հանդես եկող Գոռ Մինասյանը նվաճեց 3 արծաթե մեդալ (երկուսը՝ պոկում եւ հրում վարժություններում, մեկը՝ երկամարտում): Եվս մեկ փոքր արծաթե մեդալ նվաճեց 89 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը:

Անդրանիկ Կարապետյանը եւ Տաթեւ Հակոբյանը, պոկում վարժությունում 0 ստանալով, հրաժարվել էին հետագա պայքարից: Իզաբելլա Յայլյանը զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը, Լիանա Գյուրջյանը՝ 11-րդ, իսկ Արփինե Դալալյանը C խմբում զբաղեցրեց երրորդ տեղը:

Հատկանշական է, որ մեդալային հաշվարկում առաջատարը Չինաստանի ընտրանի դարձավ՝ 53 մեդալ (20 ոսկե, 23 արծաթե եւ 10 բրոնզե): Երկրորդ հորիզոնականում ընդհանուր 17 մեդալով Թաիլանդի հավաքականն էր (9 ոսկե, 2 արծաթե եւ 6 բրոնզե), իսկ լավագույն եռյակը եզրափակեց Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության թիմը` 12 մեդալ (5 ոսկե, 4 արծաթե, 3 բրոնզե):