Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 12-11-2018
Լուսինե Ավետիսյան․ «Պետք է վստահ լինեմ, որ աշխատանքս իր ճիշտ հասցեատիրոջ մոտ է»
Մասնագիտությամբ հոգեբան, տեսակով լուսավոր Լուսինե Ավետիսյանի անունը, հնարավոր է, ձեզ ոչինչ չասի, սակայն նրա աշխատանքները համակարգող ապրանքանիշը՝ «Sorpresa»-ը, շուրջ մեկ տարի է, ինչ իր անվան ներքո է հավաքել երիտասարդ ստեղծագործողի գունեղ, նախշազարդ սպասքը եւ ոչ միայն։


Լուսինեն սկսել է նկարել 15 տարեկան հասակից։ Ասում է՝ մասնագիտական կրթություն չունենալը ոչ միայն չի խանգարում իր ստեղծագործական ոլորտում, այլեւ հակառակը՝ օգնում է․ «Նման ձեռագործ աշխատանքներով ներկայանում եմ մոտ 2 տարի։ Սկզբում մտքերս հանձնում էի թղթին, այնուհետեւ սկսեցի աշխատել կավի, ապակե սպասքի եւ կտավի հետ, այդպիսով՝ փորձարարական այդ փոքրիկ շրջանից հետո  ստեղծվեց այն ամենը, ինչ այսօր տեսնում եք»։



Մեզ հետ զրույցում Լուսինեն խոստովանեց, որ ապրանքանիշ հիմնելու մտադրություն չի ունեցել, սակայն ընկերները «ստիպել են»՝ ասելով, որ ցանկացողներն իրոք շատ են, ուստի նրանց պետք է Լուսինեի աշխատանքները ձեռք բերելու հնարավորություն տալ․ «Անուն որոշեցի, լոգոն ինքս պատրաստեցի եւ կարճ, շատ կարճ ժամանակահատվածում ստեղծվեց «Sorpresa»-ն»։ Իրականում աշխատանք ստեղծելիս պետք է հասկանալ գնորդ-պատվիրատուի տեսակը, բնավորությունը, քանի որ հենց այդ ամենի հիմքի վրա եմ ստեղծում աշխատանքս, ուստի լինում են նաեւ պատվերներ, որոնցից հրաժարվում եմ։ Պետք է վստահ լինեմ, որ աշխատանքս իր ճիշտ հասցեատիրոջ մոտ է»։



Երիտասարդ հոգեբան-արվեստագետը սիրում է, երբ գնորդը հասկանում է աշխատանքը, առավել եւս այն օգտագործում է, այլ ոչ թե դիտարկում է որպես ձեռքի աշխատանք եւ դնում տան անկյուններից մեկում։



Մեկ տարի է, ինչ Լուսինեն մեկ ապրանքանիշի ներքո է հավաքել իր աշխատանքները, սակայն դրանք արդեն սիրվել են ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում։



Ինչ վերաբերում է ապագային, ապա Լուսինեն չակերտներ չի բացում, սակայն հետաքրքիր աշխատանքներ է խոստանում։