Նյութը՝ Նունե Հարությունյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 12-11-2018
«Ճապոնիայի տիկնիկները» ճանապարհորդող ցուցադրությունը ներկայացվեց նաեւ Հայաստանում
Հովհ. Թումանյանի թանգարանում սեպտեմբերի 20-ից նոյեմբերի 11-ը ցուցադրվեց «Ճապոնիայի տիկնիկները» խորագրով ցուցահանդեսը։
Այն կազմակերպվել էր «Ճապոնիա» հիմնադրամի, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության եւ Հովհ. Թումանյանի թանգարանի կողմից։ Ցուցադրությանը ներկայացված էին ձեռագործ տիկնիկներ, որոնք ճապոնական ժառանգության մասն են կազմում։

Ճապոնական տիկնիկները ներկայացնում են ճապոնական տարազները եւ դրանց կրողների էությունը։ Այդ տիկնիկների միջոցով այցելուները ծանոթացան թե՛ ճապոնական կենցաղին, թե՛ մշակութային յուրահատկություններին։

«Ճապոնիայի տիկնիկները» ցուցահանդեսին, բացի ծագող արեւի երկրից ժամանած 7 տասնյակ բացառիկ տիկնիկներից, ցուցադրված էր նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ընտանիքի հիմնադրամին պատկանող ճապոնական մեկ տիկնիկ։

Ցուցադրված էին նաեւ Հովհաննես Թումանյանի ճապոնական հետաքրքրությունները` ճապոներենից կատարած թարգմանություններ եւ նրա անձնական հավաքածուից Սամուրայի արձանիկը։

Նշենք նաեւ, որ «Ճապոնիա» հիմնադրամը համագործակցում է ավելի քան 130 երկրների հետ։

Այդ համագործակցությունը արվեստների եւ մշակութային փոխանակման, արտերկրում ճապոնական լեզվի ուսուցման, ինտելեկտուալ փոխանակման միտում ունի: Մշակութային փոխանակման միջոցներից մեկն էլ թանգարանների հետ համագործակցումն է։ Բազմաբնույթ ցուցահանդեսների միջոցով ներկայացվում են թե՛ ավանդական, թե՛ ժամանակակից ճապոնական արվեստները:

Պատկերասրահ՝ «Ճապոնիայի տիկնիկները» խորագրով ցուցահանդեսը