Նյութը՝ Նելլի Անդրեասյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 15-11-2018
«Հով արե՛ք». Հակոբ Հակոբյան եւ Արմեն Հովհաննիսյան
Հակոբ Հակոբյան եւ Արմեն Հովհաննիսյան դուետը իրենց բազմահազարանոց հանդիսատեսին հանձնեց 7-րդ տեսահոլովակը:

«Հով արե՛ք»․ այսպես է կոչվում հայրենասիրական, ազգագրական շունչ ու ոգի ունեցող ստեղծագործությունը, որի երաժշտության ու բառերի հեղինակը Քնար Մակարյանն է: Երգի բառերի համահեղինակ է նաեւ Հակոբ Հակոբյանը: Երգի գործիքավորումը կատարել է Գարեգին Առաքելյանը: Փողային գործիքների միջոցով երգին հետաքրքիր լուծումներ են տվել Արթուր Պետրոսյանն ու դհոլահար Ալիկ Փելոշյանը: Տեսահոլովակի ռեժիսորն այս անգամ եւս Հակոբ Հակոբյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադեւոսյանը, իսկ մոնտաժային աշխատանքները վստահվել է Կարեն Մելքումյանին:

Երգի ընտրությունը, Հակոբի խոսքով, Արմենինն է. «Հենց նա որոշեց, որ այս երգը պետք է երգենք, իսկ հետո, երբ այն պատրաստ էր, որոշվեց, որ պետք է անպայման տեսահոլովակ ունենա: Մենք այն շատ սիրեցինք եւ ամեն անգամ երգելուց մեծագույն հաճույք ենք զգում»:

Ինչպես նշեցին տղաները, շատ կարեւոր էին նաեւ պարային լուծումներն ու պրոֆեսիոնալ մոտեցումն ընտրված երաժշտական ժանրին, քանի որ շատ փոքրիկ ժամանակահատվածի մեջ նաեւ պարի լեզվով պետք է ներկայացնեին հայոց պատմության կարեւորագույն ժամանակաշրջանները․ «Պատմություն, որը սկսվում է քրիստոնեական ժամանակաշրջանից, ընդգրկում հայոց թագավորներին եւ հասնում մեր օրերը: Եվ ըստ հասարակության կարծիքների՝ կարծում ենք, որ հաջողված աշխատանք է:  Պրոֆեսիոնալ պարողները բեմադրիչ Ռաֆիկ Հարությունյանի ղեկավարությամբ ջանք չխնայեցին երգի էությունն առավելագույնս բացահայտելու համար: Այն, ինչ կապված է մեր պատմությանը, մեր ավանդույթներին եւ առհասարակ մեզ՝ հայերիս, մեծ պատասխանատվություն ենք զգում եւ չխախտելով ոչինչ՝ փորձեցինք մեր տարբերակը ներկայացնել լսարանին»: