Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 16-11-2018
Հայաստանի ազգային հավաքականից կրկին սպասելիքները մեծացել են
ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարում ֆուտբոլի Հայաստանի հավաքականը մոտակա օրերին երկու արտագնա հանդիպում կանցկացնի՝ ուժերը չափելով Ջիբրալթարի եւ Լիխտենշտեյնի ազգային հավաքականների հետ։
Ընդամենը մեկ ամիս առաջ Երեւանում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը խոշոր սենսացիա մատուցեց ամբողջ ֆուտբոլային աշխարհին՝ տնային խաղում զիջելով Ջիբրալթարի հավաքականին։ Հետագայում Հայաստանի ընտրանին կարողացավ որոշակիորեն հույսեր տալ երկրպագուներին՝ հաջորդ իսկ խաղում ջախջախելով ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայում մինչեւ այդ հարյուրտոկոսանոց արդյունք ցույց տվող Մակեդոնիայի հավաքականին։ Թերեւս հենց խոշոր հաշվով տնային հաղթանակն է, որ Հայաստանի հավաքականին կրկին վերածնվելու հույսեր է պարգեւել առաջիկա մրցակիցների հետ խաղերում։

Այսօր՝ ժամեր անց, Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլի շրջանակում 2-րդ անգամ է մրցելու Ջիբրալթարի ընտրանու հետ։ Հյուրընկալ կողմը մեկ ամիս առաջ Հայաստանի հավաքականին ցույց է տվել, թե ինչի հաշվին կարող է այս խաղում դրական արդյունք ակնկալել։

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը անցնած օրերին կարծես մի լավ ուսումնասիրել է իր տրամադրության տակ առկա ֆուտբոլիստներին եւ ստացել է հանդիպմանը հայտավորված թիմի կազմը: Այսպիսով՝ Ջիբրալթարի հավաքականի հետ խաղում Հայաստանի հավաքականին կարող են օգնել՝ 1. Արսեն Բեգլարյան, 2. Արտյոմ Խաչատուրով, 3. Վարզադատ Հարոյան, 4. Տարոն Ոսկանյան, 5. Արտակ Գրիգորյան, 6. Լեւոն Հայրապետյան, 7. Էդգար Մալաքյան, 8. Ալիկ Առաքելյան, 9. Գոռ Մալաքյան, 10. Գեւորգ Ղազարյան, 11. Ալեքսանդր Կարապետյան, 12. Հենրի Ավագյան, 13. Կամո Հովհաննիսյան, 14. Յուրա Մովսիսյան, 15. Գագիկ Դաղբաշյան, 16. Արամ Հայրապետյան, 17. Նարեկ Պետրոսյան, 18. Հենրիխ Մխիթարյան, 19. Հովհաննես Համբարձումյան, 21. Ռումյան Հովսեփյան, 22. Սարգիս Ադամյան, 23. Արթուր Քարտաշյան։ Թիմի հետ մարզված հարձակվող Տիգրան Բարսեղյանը խաղը բաց է թողնելու որակազրկման պատճառով։

Հանդիպման մեկնարկից հաշված րոպեներ առաջ ՀՖՖ-ի ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի՝ հանդիպմանը չի մասնակցելու կենտրոնական պաշտպան Արտյոմ Խաչատուրովը, ով ոտնաթաթի վնասվածք ունի։ ՀՖՖ մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդման մեջ նշվում է նաեւմ որ եզրային պաշտպան Լեւոն Հայրապետյանի մասնակցությունը հանդիպմանը հարցականի տակ է։

Չնայած նշյալ կորուստներին՝ Հայաստանի հավաքականից մեծ սպասելիքներ ունեն ազգային ընտրանու երկրպագուները։ Վերջիններս անգամ ավտոբուսով ուղեւորություն են պլանավորել Երեւանից մինչեւ Լիխտենշտեյն ու ճանապարհին են, որպեսզի կարողանան Հայաստանի ազգային հավաքականի վերջին հանդիպմանը մրցակցի դաշտում երկրպագեն եւ թիմին ոգեշնչեն, որպեսզի այն կարողանա հաղթական ավարտել ընտրական շրջանը՝ Ազգերի լիգան ու հույս ունենա անգամ պայքարելու «ԵՎՐՈ2020» մրցաշարի եզրափակիչ փուլի բաղձալի ուղեգրի համար։