Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 17-11-2018
Այսօր Ուսանողների միջազգային օրն է
Այսօր աշխարհի տարբեր հատվածներում նշվում է Ուսանողների միջազգային օրը (International Students' Day)։
Քչերին է հայտնի, թե ինչպես է ստեղծվել այս տոնը: Այս օրվա հիմքում ընկած են արյունալի եւ ողբերգական դեպքեր, որոնք իրենց անջնջելի հետքն են թողել պատմության էջերում: 

1939 թ. հոկտեմբերի 28-ին ֆաշիստների կողմից գրավված Չեխոսլովակիայում ուսանողները եւ դասախոսները դուրս են գալիս փողոց, որպեսզի նշեն Չեխոսլովակիայի պետության կազմավորման օրը (1918 թ. հոկտեմբերի 28): Տոնը,  սակայն, վերածվում է արյունահեղության: Գնդակահարվում է բժշկական ֆակուլտետի ուսանող Յան Օպլետալը, ում հուղարկավորությունը հետագայում վերածվում է բողոքի ակցիայի, ձերբակալվում են տասնյակ ուսանողներ։ 

Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան գեստապոյականներն ու էսէսականները շրջապատում են ուսանողական հանրակացարանները, ինչի արդյունքում շուրջ 1200 ուսանող ձերբակալվում է եւ ուղարկվում Զաքսենհաուզենի համակենտրոնացման ճամբար: Նրանցից շատերը մահապատժի են ենթարկվում: 

Հիտլերի հրամանով չեխական բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները փակվում են մինչեւ պատերազմի ավարտը։

Այդ ողբերգական իրադարձություններից երկու տարի անց Լոնդոնում տեղի է ունենում ֆաշիզմի դեմ պայքարող ուսանողների միջազգային հանդիպում, որի ժամանակ որոշվում է ի հիշատակ նահատակ հայրենասեր ուսանողների նոյեմբերի 17-ն ամեն տարի նշել որպես Ուսանողի օր։ 

1946 թ. նոյեմբերի 17-ին Պրահայում ընթացող Ուսանողների համաշխարհային կոնգրեսն այդ օրը հռչակում է Ուսանողության միջազգային օր։ 

Հայաստանում Ուսանողների միջազգային օրը ՀՀ կառավարության որոշմամբ սկսել են նշել 2014 թ.: Հայաստանյան բուհերում Ուսանողների միջազգային օրը նշում են՝ տարբեր միջոցառումներ եւ համերգային ծրագրեր կազմակերպելով:

Պատկերասրահ՝ 
Ուսանողների միջազգային օր - 2018