Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 17-11-2018
Արվո Պյարտի «Lamentate» -ն առաջին անգամ հնչեց հայաստանյան բեմում
Նոյեմբերի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի կատարմամբ եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ (դիրիժոր՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյան) կայացավ կոմպոզիտոր Արվո Պյարտի «Lamentate» դաշնամուրի կոնցերտի հայաստանյան պրեմիերան:

Արվո Պյարտը մեր ժամանակների ամենաճանաչված կոմպոզիտորներից  է: Էստոնացի կոմպոզիտորն աշխարհին հայտնի է հատկապես 1970-ական թվականներին իր իսկ հայտնագործած երաժշտական տեխնիկայով՝  տինտինաբուլիով («tintinnabulum» լատիներենից  թարգմանաբար նշանակում է զանգակներ): «Lamentate»-ն էլ (դաշնամուրի եւ նվագախմբի համար) կոմպոզիտորի ամենաճանաչված ստեղծագործություններից մեկն է: 

«Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում վերջապես կներկայացնեմ աշխարհահռչակ էստոնացի կոմպոզիտոր Արվո Պյարտի «Lamentate» ստեղծագործությունը՝ դաշնամուրի եւ նվագախմբի համար: Հիմքում հին հունական դիցաբանությունից Ապոլլոնի եւ Մարսիասի պատմությունն է. երաժշտական մրցության ժամանակ Մարսիասը պարտվում է, եւ Ապոլլոնը սպանում է նրան, ապա քերթելով կաշին՝ այն կախում է ծառից:  Ընդհանուր առմամբ ոճրագործությունների, ցեղասպանությունների թեման է շոշափվում ստեղծագործության մեջ: «Lamentate»-ն նվիրված է Լոնդոնի  «Tade» թանգարանի պատվերով հնդիկ ճարտարապետ-դիզայներ Անիշ Կապուրի կողմից ստեղծված «Մարսիաս» կոթողին: Պրեմիերան 2003 թ.-ին տեղի է ունեցել նույն թանգարանում ֆրանսիացի դաշնակահարուհի Հելեն Գրիմոյի կատարմամբ եւ «London Sinfonietta»-ի ուղեկցությամբ»,-Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դաշնակահար Հայկ Մելիքյանը:

Դիրիժոր Ռուբեն Ասատրյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ Արվո Պյարտը ստեղծել է գործեր, որոնք ապրում են ու դեռ երկար կապրեն. «Կոմպոզիտորը 83 տարեկան է եւ հետեւում է, թե ինչ է կատարվում երաժշտական աշխարհում: Համերգի առաջին մասում կհնչի նրա «Lamentate»-ն՝ փայլուն դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ, երկրորդ մասում կներկայացնենք Չայկովսկու կոթողային 5-րդ սիմֆոնիան: Դա կոմպոզիտորի ամենահայտնի սիմֆոնիաներից է, որում  աշխարհն է, մարդը, իր ապրած կյանքը, եւ երբեմն էլ հեղինակի գաղտնի մնացած մտքերը: Ներկայացնում ենք այսպիսի գեղեցիկ, գաղտնիքներով լեցուն, ծավալուն եւ արտաքուստ  իրար նկատմամբ բավականին մեծ կոնտրաստ հանդիսացող երկու կոթողային ստեղծագործություններ: Կոթողներ, որոնք, սակայն, իրականում բավականին ընդհանրական տարրեր ունեն»: 

Պատկերասրահ՝  Արվո Պյարտի «Lamentate» դաշնամուրի կոնցերտի հայաստանյան պրեմիերան