Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 18-11-2018
Հայասատանի հավաքականը ջախջախեց Ջիբրալթարի ընտրանուն
Հարձակվող Յուրա Մովսիսյանն ընդամենը 6 րոպեում կարողացավ 3 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը, իսկ Հայաստանի հավաքականը խոշոր՝ 6-2 հաշվով արտագնա հաղթանակ տոնեց։

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգա մրցաշարում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեծ հաշվով կախվածություն ունի մրցակիցների գրանցած արդյունքից. ինչպիսի արդյունք էլ ցույց տան Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած ազգային ընտրանու ֆուտբոլիստները, միեւնույն է նրանք երկար են հիշելու, որ Երեւանում ձախողել են անչափ կարեւոր հանդիպում՝ 0-1 նվազագույն հաշվով, բայց ոչ ամենեւին խաղով պարտվելով Ջիբրալթարի ազգային հավաքականին։ Ֆուտբոլում միավորներ են տրվում ոչ թե խաղային ձեռագրի, գեղեցիկ խաղի, այլ հանդիպման ավարտին ցուցատախտակին վառվող հաշվի համար։

Ազգերի լիգայի «D» ի 4-րդ խմբում Հայաստանի ազգային հավաքականը 5-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս ուժերը չափեց Ջիբրալթարի ընտրանու հետ ու ոչ արդյունավետ առաջին կեսից հետո կարողացավ հաղթել՝ գերարդյունավետ 6-2 հաշվով։ Սա վերջին շրջանում Ազգերի լիգայում գրանցված ամենատպավորիչ ու արդյունավետ խաղերից մեկն էր։

Ջիբրալթարի «Վիկտորիա» ստադիոնում կայացած հանդիպման արդեն 10-րդ րոպեին Տյայ դե Բարն առաջ մղեց դաշտի տերերին՝ օգտվելով Հայաստանի հավաքականի պաշտպանների ոչ ներելի սխալից։ Հանդիպման 26-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները կարողացան գրոհն արդյունավետ եզրափակել. աչքի ընկավ Յուրա Մովսիսյանը՝ հավասարեցնելով խաղի հաշիվը։ Թիմերն ընդմիջման գնացին 1-1 հաշվով, իսկ զուգահեռաբար ընթացող խաղում դեռ հույսեր կային, որ Լիխտենշտեյնի ազգային հավաքականը կարող է անակնկալ մատուցել եւ գոնե չպարտվել Մակեդոնիայի ընտրանուն։

Երկրորդ խաղակեսում Հայաստանի ազգային ընտրանին շատ ավելի լավ ու վստահ գործեց։ Խաղի 48-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը դուբլ ձեւակերպեց, իսկ արդեն 52-րդ րոպեին նա դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Ընդամենը 2 րոպե անց Յուրա Մովսիսյանի ակտիվում գրանցվե պոկեր՝ 4 գնդակ մեկ խաղում։ Հայաստանի հավաքականի առավելությունը դարձավ խոշոր՝ 4-1։

Հանդիպման 66-րդ րոպեին ազգային հավաքականի կազմում նորամուտ նշող կենտրոնական պաշտպան Արթուր Քարտաշյանը անդրանիկ խաղում գոլ խփեց՝ 5-1 դարձնելով խաղի հաշիվը։ Սա որոշակիորեն հանգստացրեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին։ Արդյունքում խաղի 78-րդ րոպեին Ադամ Պրիստլիի ջանքերով հանդիպման հաշիվը կրճատվեց դաշտի տերերի համար։

Գոլային հրավառությունը երկրորդ խաղակեսում այսքանով չավարտվեց։ Խաղի վերջակետը դրեց փոխարինման դուրս ելած Ալեքսանդր Կարապետյանը, ով նույնպես առաջին գոլը խփեց ազգային ընտրանու կազմում՝ 6-2։ Զուգահեռաբար ընթացող խաղում, սակայն, հաշվի փոփոխություն էր տեղի ունեցել՝ Մակեդոնիայի ազգային հավաքականը հաղթանակ էր տոնում հյուրընկալվելիս։ 

Այսպիսով՝ «D» խմբում տոնած հաղթանակներից հետո 12 միավորով առաջատարը դեռեւս մնում է Մակեդոնիայի ընտրանին, երկրորդում տեղում հաստատվեց Հայաստանի հավաքականը, որն այժմ վաստակել է 9 միավոր, իսկ Ջիբրալթարի ընտրանին 6 միավորով խմբում երրորդն է։ Վերջինն այս խմբում Լիխտենշտեյնի հավաքականն է, որը վաստակել է 3 միավոր։ Հաշված ժամեր անց տնային «Ռայնպարկ» ստադիոնում վերջինս կհյուրընկալի Հայաստանի ազգային հավաքականին, իսկ ահա Մակեդոնիա-Ջիբրալթար խաղում մակեդոնացիների վաստակած մեկ միավորն անգամ բավարար կլինի վերջիններիս հաղթելու խմբում եւ անցնելու «ԵՎՐՈ2020»-ի համար պայքարի փուլ։