Նյութը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 23-11-2018
Տարվա 10 լավագույն մարզիկներ - 2018
Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2018 թվականի մրցույթ:
Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության (այսուհետ` Նախարարություն) կողմից անցկացվող Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2018 թվականի մրցույթի (այսուհետ` Մրցույթ) մասնակիցների առաջադրումը (շրջանակը) որոշվելու է հետեւյալ ընթացակարգով. 
 
1. Նախարարությունը մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 5-ը հրապարակելու է 2018 թվականի ընթացքում օլիմպիական մարզաձեւերից եւ ոչ օլիմպիական մարզաձեւերից ուշու, սամբո եւ շախմատ մարզաձեւերով մարզական բարձր ցուցանիշներ արձանագրած եւ Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի հրամանով հաստատված չափորոշիչներին համապատասխան ամենաբարձր միավորներն ունեցող 20 մարզիկների անվանացանկը (20-րդ տեղում հավասար միավորների դեպքում ընդգրկվում են հավասար միավորներ ունեցող բոլոր մարզիկները):
2. Մինչեւ 2018 թ. դեկտեմբերի 5-ը Հայաստանի Հանրապետության մարզաձեւերի ֆեդերացիաները (օլիմպիական մարզաձեւեր, ոչ օլիմպիական մարզաձեւերից ուշու, սամբո եւ շախմատ) մրցութային անվանացանկում ներառելու նպատակով մրցույթի կազմակերպչական աշխատանքներն իրականացնող հանձնաժողովին (այսուհետ` Հանձնաժողով) են ներկայացնելու մեկից երեք մարզիկի թեկնածություն, որոնք ընթացիկ տարում ունեցել են նշանակալի մարզական հաջողություններ եւ նվաճումներ (օլիմպիական խաղերում, աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում եւ համաշխարհային ուսանողական խաղերում), գրավել են մրցանակային տեղեր, խաղային մարզաձեւերում ցուցաբերել են անհատական հաջողություններ եւ/կամ իրենց մրցելույթներով Հայաստանն ու հայ ժողովրդին ավելի ճանաչելի են դարձրել, նպաստել են Հայաստանի հանրահռչակմանը եւ Հայաստան-Արցախ-սփյուռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը: Հայաստանի Հանրապետության մարզաձեւերի ֆեդերացիաների կողմից մրցույթի մասնակիցների թեկնածություններ չառաջադրվելու դեպքում տվյալ մարզաձեւից թեկնածություններ առաջադրելու լիազորությունը վերապահված է Հանձնաժողովին:

Վերը նշված կետերում սահմանված կարգով առաջադրված թեկնածությունները միասին կազմելու են մրցութային անվանացանկը: 

Մրցույթի հաղթողները որոշվում են SMS քվեարկության եւ մրցույթի քվեարկության համար Նախարարության կողմից հավատարմագրված լրատվամիջոցների ու Նախարարությունում գրանցված օլիմպիական մարզաձեւերի եւ ոչ օլիմպիական մարզաձեւերից՝ ուշու, սամբո, շախմատ, Հայաստանի Հանրապետության հավաքականների գլխավոր մարզիչների (այսուհետ` գլխավոր մարզիչ) քվեարկության արդյունքների համադրմամբ (մրցույթի արդյունքի նշված երեք բաղադրիչներից յուրաքանչյուրը կազմում է մրցույթի ընդհանուր արդյունքի մեկ երրորդ մասը):

Մրցույթի SMS քվեարկության անցկացման նպատակով Նախարարությունը սահմանված կարգով պայմանագիր է կնքում Հայաստանի Հանրապետությունում գործող հեռահաղորդակցության օպերատորական կազմակերպության (կազմակերպությունների) հետ:
 
Լրատվամիջոցների մասնակցությունը մրցույթի քվեարկությանը ապահովելու նպատակով Նախարարությունը ընթացիկ տարվա նոյեմբեր ամսին կազմակերպում է լրատվամիջոցների հավատարմագրում: 

Գլխավոր մարզիչների մասնակցությունը մրցույթի քվեարկությանն ապահովելու նպատակով Նախարարությունը ընթացիկ տարվա նոյեմբեր ամսին կազմակերպում է նրանց գրանցումը Նախարարությունում (գլխավոր մարզիչների գրանցման եւ քվեարկությանը մասնակցելու անհնարինության դեպքում` նոյեմբեր ամսվա ընթացքում մարզաձեւերի ֆեդերացիաները (օլիմպիական մարզաձեւեր եւ ոչ օլիմպիական մարզաձեւերից՝ ուշու, սամբո, շախմատ) քվեարկությանն այլ մասնագետի մասնակցության համար միջնորդություն են ներկայացնում նախարարություն, նշելով ներկայացուցիչ-մասնագետի  տվյալները` անուն-ազգանուն, ֆեդերացիայում զբաղեցրած պաշտոնը): 

Մրցույթի SMS քվեարկությունն անցկացվելու է 2018 թվականի դեկտեմբերի 7-ից մինչեւ դեկտեմբերի 21-ը (մինչեւ ժամը 1800-ը), իսկ լրատվամիջոցների եւ գլխավոր մարզիչների կողմից քվեարկությունն անցկացվելու է 2018 թվականի դեկտեմբերի 21-ին` ժամը 1300-ից 1800-ն ընկած ժամանակահատվածում:

Էլեկտրոնային քվեարկությունը կատարվում է մրցույթի մասնակիցներից մեկ մարզիկի հերթական (անհատական) համարի նշումով SMS հաղորդագրություն ուղարկելու միջոցով: Ընդ որում, քվեարկության համար սահմանված ժամանակահատվածում մեկ հեռախոսահամարից կարող է ուղարկվել միայն մեկ SMS հաղորդագրություն:

Նախարարությունում հավատարմագրված լրատվամիջոցները եւ Նախարարությունում գրանցված գլխավոր մարզիչները մրցույթի մասնակիցներից առավելագույնը 10 մարզիկների հերթական  (անհատական)  համարների նշումով եւ լավագույն տասնյակի հերթականության դասավորմամբ ուղղակի` արդյունքների հրապարակմամբ բաց քվեարկություն են իրականացնում:

Քվեարկությունն ավարտվում է 2018 թվականի դեկտեմբերի 21-ին` ժամը 18:00-ին:  

Մրցույթն անցկացվելու է Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգի համաձայն, իսկ Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկությանը մասնակցելու համար լրատվամիջոցների հավատարմագրումը` Նախարարությունում լրատվամիջոցների հավատարմագրման կարգի համաձայն: