Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 26-11-2018
Կայացավ «Սառույցի արքաները» սառցե շոուի նոր ծրագրի եւ «Ախթամար» լեգենդի համաշխարհային պրեմիերան
Նոյեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ օլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի եռակի, Եվրոպայի յոթակի, ՌԴ 10-ակի չեմպիոն, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ, գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի «KINGS ON ICE»` «Սառույցի արքաները» սառցե շոուի նոր ծրագրի համաշխարհային պրեմիերան, որի մասն է կազմում «Ախթամար» լեգենդի ներկայացումը սառույցի վրա:
Ծրագրի առաջին մասում հատուկ լուսային եւ գունային էֆեկտների, ներկայացման դեկորացիաների՝ արքայական կահավորանքի, խորհրդանիշների, հագուստի, երաժշտական ձեւավորման, բացառիկ ռեժիսորական լուծումների եւ արտիստների վառ ելույթների ու պրոֆեսիոնալիզմի շնորհիվ կյանք առավ հավերժական սիրո մասին պատմող լեգենդը եւ ներկաներին «տեղափոխեց» ժամանակային ու տարածական այլ հարթություն:  
 
«Ախթամար» սառույցի շոուի հեդլայներն է աշխարհի կրկնակի չեմպիոն, պատմության մեջ Եվրոպայի առաջին յոթակի չեմպիոն, մենասահորդուհի, ՌԴ սպորտի վաստակավոր վարպետ Իրինա Սլուցկայան, ով մարմնավորեց կրակի աստվածուհուն: Արտաշես արքայի կերպարը մարմնավորեց  ՌԴ սպորտի վաստակավոր վարպետ Արթուր Դմիտրիեւը, գլխավոր՝ Թամարայի եւ Ազատի դերերում հանդես եկան  Անաստասիա Մարտյուշեւան եւ Կոնստանտին Գավրինը: 

Առանձնահատուկ ջերմությամբ ընդունվեց օդային գիմնաստ, գեղասահորդ Վիկտորյա Ժուկովցովայի ելույթը: 

Ներկայացմանը մասնակցում էր նաեւ միջազգային կարգի սպորտի վարպետ, աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների մասնակից, միջազգային մրցումների հաղթող, հայազգի գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը: 

«Գեղասահքով զբաղվել եմ մանկուց, բայց մարզվել սկսել եմ տասը տարեկանից, երբ տեղափոխվեցինք ՌԴ: Մարզիչներս  հայրս՝ Սամվել Հայրապետյանը, եւ ՌԴ սպորտի վաստակավոր վարպետ, օլիմպիական չեմպիոն Ալեքսեյ Ուրմանովն են: «Ախթամար» ներկայացման մեջ մարմնավորում եմ Չինաստանի իշխանին, իսկ ծրագրի երկրորդ հատվածում հանդես եմ գալու առանձին ելույթով»,- Eritasard.am-ի հետ զրույցում ասաց Սլավիկ Հայրապետյանը: 

Երիտասարդ գեղասահորդը նշեց, որ Հայաստանի հետ կապը միշտ սերտ է. «Ամռանն այստեղ հավաքներ ենք ունեցել: Դեկտեմբերի վերջին կրկին կլինեմ Հայաստանում, այստեղ կտոնեմ Ամանորը, քանի որ սա իմ տունն է, ապա կպատրաստվեմ Եվրոպայի առաջնությանը, որը հունվարի վերջին կկայանա Մինսկում»: 

«Ախթամար» նախագծի պատրաստման աշխատանքները տեւել են ավելի քան մեկ տարի: Ներկայացման հաջողությունը պայմանավորված է 200-ից ավելի պրոֆեսիոնալ մասնագետների աշխատանքով: Վառ կերպարների ստեղծման համար աշխատել է ավելի քան 10 հոգանոց ստեղծագործական խումբ՝ զգեստների նկարիչ Կարինե Դնոյանի ղեկավարությամբ:

Շոուի ստեղծմանը մասնակցել են նաեւ պրոդյուսեր Ալեքսանդր Տոլստելեւը, պարուսույց-բեմադրիչ Նիկիտա Միխայլովը, կոմպոզիտոր Ալեքսեյ Գալինսկին, կրեատիվ պրոդյուսեր եւ արտադրության գծով տնօրեն Ստանիսլավ Կորչեւսկին եւ այլք:  

Բացառիկ ներկայացման 2-րդ մասում հանդիսատեսը վայելեց ճանաչված գեղասահորդների՝ օլիմպիական չեմպիոնների եւ աշխարհի առաջնությունների հաղթողների առանձին  ելույթները՝ Եվգենի Պլյուշչենկոյի գլխավորությամբ: 

Իրենց վառ ու բացառիկ ելույթներով հանդիսատեսին տոն պարգեւեցին միջազգային կարգի սպորտի վարպետ, աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների մասնակից, միջազգային մրցումների հաղթող Սլավիկ Հայրապետյանը, Հայաստանի հավաքականի անդամ, Հայաստանի բազմակի չեմպիոն Անաստասիա Գալստյանը, ՌԴ-ն ներկայացնող գեղասահորդներ, օլիմպիական չեմպիոն Անաստասիա Սոտնիկովան, ՌԴ սպորտի վաստակավոր վարպետ Արթուր Դմիտրիեւը՝ իր բացառիկ հնարքներով, Անաստասիա Մարտյուշեւան եւ Կոնստանտին Գավրինը, Իտալիայի եռակի չեմպիոն, միակ գնչու գեղասահորդ Իվան Րիգինինը, Կանադայի ներկայացուցիչ, աշխարհի լավագույն գեղասահորդներից մեկը համարվող Էլայջա Բալդեն, աշխարհի լավագույն խորեոգրաֆներից մեկը համարվող Միշա Ջին եւ այլք: 

Շոուն եզրափակեց Եվգենի Պլյուշչենկոն՝ բացառիկ գեղեցիկ ելույթով, ապա իր երախտագիտությունը հայտնեց հանդիսատեսին. «Ես շնորհակալ եմ ձեր ջերմության համար: Շնորհակալ եմ, որ կրկին եկել եք: Ես տեսնում եմ՝ դուք սիրում եք գեղասահքը, եւ մենք կրկին կվերադառնանք: Մենք անպայման կգանք՝ նոր շոուով՝ ավելի գեղեցիկ ու հետաքրքիր ծրագրերով: Ես սիրում եմ ձեզ»: 

Լրագրողների հետ զրույցում գեղասահորդը նշեց, որ իր 4-րդ կամ 5-րդ այցելությունն է Հայաստան, եւ մեր երկրի հետ իր հարաբերությունները բավականին ջերմ են. «Իմ դպրոցը գործում է մեկուկես տարի, եւ արդեն շատ լավ արդյունքներ ենք արձանագրել: Շնորհիվ իմ մենեջեր Արի Զաքարյանի՝ շատ տաղանդավոր մի քանի մարզիկներ Հայաստանը կներկայացնեն միջազգային հարթակներում, եւ նրանց մարզիչը կլինեմ ես: Նաեւ չեմ բացառում, որ ապագայում այստեղ եւս  դպրոց կբացվի, ես ինքս կգամ, կմարզեմ, ինչպես նաեւ կընտրենք մեր մարզիչների կազմը՝ հավանաբար ՌԴ-ից, որը կաշխատի նախ հայ մարզիչների հետ: Գիտեմ, որ Հայաստանում կա գեղասահքի դպրոց, որը բավականին լավն է ու հեռանկարային: Այնտեղ մեծ թվով երեխաներ են սովորում: Կփորձենք նոր բան անել հայ երեխաների համար: Հայերը հետաքրքրված են գեղասահքով: Ես տեսնում եմ միշտ լեփ-լեցուն դահլիճներ: Մարդիկ գալիս են երեխաների հետ, ինչը չափազանց կարեւոր է: Իմ դպրոցում սովորում են 4-5 տարեկան երեխաներ: Ես նրանց ընտրել եմ տարբեր շրջաններից եւ հնարավորություն ընձեռել անվճար սովորելու իմ դպրոցում: Ես 5 տարեկան աղջիկ ունեմ, որն աշխարհում լավագույնն է: Նա մեծ ապագա կունենա, դրա համար հովանավորում եմ նրան: Կան այլ տաղանդավոր երեխաներ եւս: Ի դեպ, ես հովանավորում եմ նաեւ մի աղջկա, որը ներկայացնելու է Հայաստանը»: 

Համաշխարհային ճանաչում ունեցող գեղասահորդը նշեց, որ տպավորված է հայ ժողովրդի ջերմ ընդունելությամբ: Ապա հավելեց, որ ելույթից առաջ երբեք չի սնվում, սակայն սպասում է ներկայացման ավարտին, որ կարողանա վայելել հայկական խորովածը: 

Պատկերասրահ՝ «Ախթամար» լեգենդի ներկայացումը եւ «Սառույցի արքաները» Երեւանում