Նյութը՝ Նունե Հարությունյանի
Լուսանկարները՝ Նունե Հարությունյանի
Տեղադրվել է 29-11-2018
ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի ուսանողների օրը «մանդարինաշատ» էր
Նոյեմբերի 28-ը ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի ուսանողների համար լի էր երաժշտությամբ, հումորով, վառ գույներով եւ․․․ շատ մանդարիններով։
Ուսանողների նախաձեռնությամբ անցկացվեց «Մանդարին» միջոցառումը, որը ֆակուլտետում արդեն ավանդույթ դարձած նախաձեռնություն է։ Յուրաքանչյուր տարի հոգեբանության բաժնի երկրորդ կուրսի ուսանողները կազմակերպում են «Մանդարին» միջոցառումը` հրավիրելով առաջին կուրսեցիներին։



Ֆակուլտետի ուսանողների համար այդ միջոցառումը հեքիաթի է վերածվել։ Նրանք կերտել են իրենց «Փսյուխե թագավորությունը», եւ իրենք իրենց համարում են այդ թագավորության բնակիչներ։

Միջոցառման նպատակն է առաջին կուրսեցիների օրը լցնել ուրախությամբ, ծանոթություն եւ ջերմ հարաբերություններ հաստատել բարձր կուրսերի ուսանողների հետ եւ նրանց ընդգրկել ֆակուլտետում իրականացվող միջոցառումներին։



Միջոցառման ընթացքում ուսանողները ներկայացրին իրենց ֆակուլտետին եւ հոգեբանությանը վերաբերող հումորային ու երաժշտական համարներ, տեսանյութեր, կազմակերպեցին բազում խաղեր եւ  նմանակեցին դասախոսներին՝ ընդգծելով  նրանց վառ հատկանիշները, հասկանալով, որ այդ օրը ոչ ոք չի վիրավորվի։ 



Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Թորոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ միջոցառումն առաջին անգամ տեղի է ունեցել 1999 թվականին. «Երբ բարձր կուրսերի ուսանողները հանդիպել են առաջին կուրսեցիներին, նրանց բոլորի ձեռքին մանդարին է եղել, եւ քանի որ միջոցառումը շարունակական բնույթ է կրել, այն պայմանականորեն անվանել են «Մանդարին»: Այդպես ավանդաբար պահպանվել է այդ անվանումը»: