Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 30-11-2018
Մարիամ Մերաբովան հանդես եկավ «Երջանկության 100 ժամ» համերգային ծրագրով
Ճանաչված երգչուհի Մարիամ Մերաբովան Հայաստանում հանդես եկավ «Երջանկության 100 ժամ» համերգային ծրագրով: Համերգային երեկոն նոյեմբերի 29-ին անցկացվեց «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Հայաստանի պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Հյուսնունց) հեղինակային մեկնաբանությամբ ծրագրում ներկայացվեցին համաշխարհային ջազի դասական գործեր, ինչպես նաեւ Կոնստանտին Օրբելյանի, Առնո Բաբաջանյանի, Մարկ Մինկովի, Վալերի Զուբկովի, Մարկ Ֆրադկինի, Ժորժ Կարվարենցի, Արմեն եւ Լեւոն Մերաբովների երգերը: Դրանց հիմքում Ռոբերտ Ռոժդեստվենսկու, Վերոնիկա Տուշնովայի, Եվգենի Դոլմատովսկու, Մարինա Ցվետաեւայի, Մարիամ Մերաբովայի բանաստեղծություններն են: Համերգի ընթացքում ելույթ ունեցավ նաեւ «Miraif» նախագծի գեղարվեստական ղեկավար, դաշնակահար եւ կոմպոզիտոր Արմեն Մերաբովը: 

«Ես անչափ ուրախ եմ նորից ձեզ տեսնելու համար: Որտեղ էլ որ ապրես, եթե ծնվել ես այս քաղաքում, սիրտդ միշտ քեզ այստեղ է բերում: Միշտ այդպես է

Նշենք, որ Մարիամ եւ Արմեն Մերաբովները մենահամերգներով Հայաստանում հանդես են եկել բազմիցս: Նրանց առաջին համերգը Երեւանում տեղի է ունեցել 2011 թ.: 2013-ին Մարիամ եւ Արմեն Մերաբովները մասնակցել են Էմիլ Կարատի կազմակերպած «Երաժշտության շաբաթ Երեւանում» փառատոնին, հանդես են եկել «Ջազի օր» երեկոյին: 2015-ին էլ Մարիամ Մերաբովան հաջողված համերգային շրջագայությամբ հանդես է եկել Հայաստանում եւ Արցախում: 

Մարիամ Մերաբովան ունի խորը թավշյա ձայն, որի շնորհիվ կարողանում է կատարել ցանկացած ոճի երաժշտություն: Նրա երկրպագուների համար մեծ բացահայտում էր այն, թե ինչպես է Մերաբովան ինքնատիպ ոճով կատարում խորհրդային էստրադային երգեր: 

Մերաբովայի յուրաքանչյուր ելույթ նորույթ է, պրեմիերա, բացահայտում: Փաստի վառ ապացույցն այն է, որ արտիստը հաջողությամբ մասնակցել է Ռուսաստանի Առաջին ալիքի «Голос»,  «Новогодняя ночь», «Три аккорда» նախագծերին, մասնակցել մաեստրո Ռայմոնդ Պաուլսի հոբելյանական համերգին, Տատյանա Տարասովայի հոբելյանական սառցե շոուին, ինչպես նաեւ «Սառույցի արքաները Երեւանում» սառցե շոուին: Նա նաեւ հանդես է եկել «Новая волна» փառատոնին՝ Նիկիտա Միխալկովի կինոյին նվիրված երեկոյին: 

Հավելենք, որ երեւանյան համերգի կազմակերպիչն էր «Emile Karat studio»-ն:

Պատկերասրահ՝ Մարիամ Մերաբովայի «Երջանկության 100 ժամ» համերգը