Նյութը՝ Դիանա Գաբրիելյանի
Լուսանկարները՝ համացանցից եւ Eritasard.am-ի արխիվից
Տեղադրվել է 01-12-2018
Լիլի Էլբակյան. «Ես կստեղծագործեմ անգամ անհայտ մոլորակի վրա»
Մանկություն՝ կուլիսների հետեւում, գենետիկորեն ժառանգած տաղանդ, ստեղծագործական երազներ ու այդ ամենի իրականացումը բեմում՝ որպես դերասանուհի եւ ռեժիսոր-բեմադրիչ։ Արդեն երկար տարիներ են, ինչ մշտապես փայլող աչքերով, հմայիչ ժպիտով ու ստեղծագործող մտքով Լիլի Էլբակյանը խաղում է ու բեմադրում կամ՝ հակառակը։ Նա շարունակում է ծնողների մասնագիտությունը՝ թատրոնի մասին իր տեսլականով, գաղափարներով ու երազներով։

Մեր զրուցակիցն է հայ թատրոնի եւ կինոյի դերասանուհի, բեմադրիչ-ռեժիսոր Լիլի Էլբակյանը։ 

- Լիլի՛, Դուք թատերական աշխարհի երկու մեծ գործիչների՝ Աննա եւ Արմեն Էլբակյանների դուստրն եք։ Դառնալով դերասանուհի՝ դժվա՞ր էր հաղթահարել ծնողների անունը, նրանց ունեցած ավանդը, որին պետք է ավելացնեիք նաեւ Ձերը։ 

- Քանի որ ծնողներս արդեն հայտնի դերասաններ էին, փոքր տարիքից ես արդեն ինձ դերասան ու ռեժիսոր էի պատկերացնում։ Համենայն դեպս, այդ շրջանում այնքան կենտրոնացած էինք թատրոնի վրա ու այնքան էինք թատրոնով ապրում, որ ուրիշ մասնագիտության մասին չեմ էլ մտածել։ Հետո այն ինձ համար ապրելակերպից վերածվեց մասնագիտության։ Առ այսօր շեշտվում է իմ՝ Էլբակյանների աղջիկը լինելու հանգամանքը․ դա ցավալի է, որովհետեւ ես առանձին ստեղծագործող անհատ եմ, ով ունի իր տեսլականը, իր երազները, իր ստեղծագործական ընթացքը։ Եթե ես չլինեի Էլբակյանների աղջիկը, գուցե չունենայի այդ շնորհքը։ Չէ՞ որ այն փոխանցվում է ժառանգաբար, եւ քանի որ ունեմ այն, ուրեմն պիտի ստեղծագործեմ, իսկ թե լավ եմ բեմադրում, թե՝ ոչ, լավ եմ խաղում, թե՝ ոչ, դրա գնահատականը տալիս է հանդիսատեսը, որն իրոք անաչառ է։ Ի վերջո, ամեն ինչ որոշում է հանդիսատեսը։ Մեր մասնագիտությունը բաց ափի նման է, հնարավոր չէ՝ ծնողդ քեզ հնարավորություն տա այնտեղ, որտեղ դու քեզ չես կարող դրսեւորել։ Այժմ ես ուշի-ուշով հետեւում եմ իմ երեխաներին՝ հասկանալու համար՝ նրանք ունեն դերասանական ձիրք, որ լինեն մեր գործի կրողները, թե ես իմ մասնագիտությունը նրանց տալով՝ կդժբախտացնեմ։ Կարծում եմ՝ ժամանակին իմ ծնողները եւս այդպես են վարվել, եւ եթե այսօր ես ինչ-որ բանի հասել եմ, դա իմ, նրանց ու Աստծո շնորհքն է։

- Ինչպե՞ս անցաք քննությունը։ 

- Ամենալուրջ քննությունը՝ որպես հայտ, որ ես ոչ միայն Էլբակյանների աղջիկն եմ, այլեւ դերասանական ձիրք ունեցող մի երիտասարդ, Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ընդունելության քննություններն էին։ Պատասխանատու պահ էր, քանի որ Սոս Սարգսյանը, ում գրկում մեծացել եմ, հանձնաժողովի անդամ էր։ Չէ՞ որ ծնողին քննություն հանձնելն ավելի դժվար է, քան օտար մարդկանց։ Լավ էի պատրաստվել, քննությունը լավ հանձնեցի, բարձր գնահատականներ ստացա ու սիրվեցի։ Ուսանողական տարիներին շնորհքով ուսանողի համբավ ունեի (ժպտում է)։ 

- Ո՞ր տարիքում բացահայտեցիք թատրոնը, եւ ե՞րբ այն բացահայտեց Ձեզ՝ որպես դերասանուհի։ Կպատմե՞ք Ձեր առաջին ստանձնած դերի մասին։

- Ծնված օրվանից թատրոնում եմ ապրել, հիմա տղաս՝ Էդգարն է այդպես։ Կուլիսներում քնում ու արթնանում էի կամ քնում էի որեւէ դերասանի ձեռքերի մեջ՝ Կարեն Ջանիբեկյանի եւ շատ ու շատ մեծությունների, որոնց հիշում եմ դեռ հինգ տարեկանից։ Նույնիսկ կարող եմ ասել, թե այդ տարիներին Մայր թատրոնի ճաշարանում որն էր ամենահամեղ ուտեստը։ Մեծացել եմ տարբեր թատրոններում․ դա սովորական երեւույթ էր։ Նույնիսկ դպրոցում ասում էին, որ ես երազող արվեստագետ եմ։ Արդեն հինգ տարեկանում «Մետրո» թատրոնի ստուդիայում ձյունանուշիկ էի խաղում. երեխաներին զվարճացնում էր այն հանգամանքը, որ ձյունանուշիկը փոքրիկ երեխա է, եւ այդպես սկսեցի խաղալ։ Առաջին դերս եղել է հայրիկիս բեմադրած «Ֆիզիկոսներ» ներկայացման մեջ։ Հայրս խելագար էր խաղում, եւ եղբայրս՝ Էդգար Էլբակյանը, ստանձնել էր իր տղայի դերը, բայց քանի որ այդ օրը նա հիվանդացել էր, ես ստանձնեցի աղջկա դերը։ Կերպարիս անունը դրեցին Մարիաննա, եւ ես առանց փորձի հայտնվեցի բեմում։ Ներկայացման մեջ պիտի լաց լինեի, բայց ես լաց լինել չգիտեի․ դերասան չէի այդ ժամանակ, սակայն երբ տեսա, որ հայրիկս իսկապես խելագարվում է եւ խելագարի շորերով է, սկսեցի շատ ուժեղ լաց լինել։ Հիշում եմ՝ դուրս եկա կուլիսներ, բոլորն ասում էին, թե ինչ լավ եմ խաղում, բայց ես իսկապես լաց էի լինում ու շարունակում էի լաց լինել։ Հետո հասկացա, որ այդտեղից սկսվեց իմ դերասանական կարիերան։ Հետո թատրոնը դարձավ հիվանդություն, առանց որի հնարավոր չէր ապրել։

 - Նախընտրո՞ւմ եք խաղալ, թե՞ բեմադրել։ Թե՞ դրանք փոխկապակցված են եւ հնարավոր չէ իրարից զատել։ 

- Այո՛, իրար հետ փոխկապակցված են։ Իրականում շատ եմ սիրում խաղալ, մանավանդ՝ իմ ներքին երազներում։ Ցավոք, ավելի քիչ եմ խաղում, քան բեմադրում եմ։ Շրջաններով է։ Եթե առաջարկները լավն են, ապա խաղում եմ։ Ինքս իմ բեմադրած ներկայացումների մեջ, որպես սկզբունք, չեմ խաղում, եւ երբեք ինձ որպես դերասանուհի չեմ տեսնում իմ ներկայացումներում։



- Ըստ Ձեզ՝ թատրոնում խաղալու կամ ներկայացում բեմադրելու համար արդյո՞ք անհրաժեշտ է անցնել դժվար փորձությունների միջով, կամ, ինչպես մեծագույն արտիստներն են հաճախ սիրում ասել, մի կյանք ապրել։

- Այո՛, ներկայացում բեմադրելու համար պետք է ունենալ կյանքի որոշակի փորձառություն։ Օրինակ՝ որքան դերասանը մեծ է տարիքով, այդքան ավելի մեծ է նրա փորձառությունը, եւ դերն ավելի խորքից է հասկանում, սակայն երբեմն կարող ես չունենալ փորձառություն եւ գերազանց խաղալ։ Գոյություն ունի ասոցիատիվ հիշողություն, երբ դու տեսել ես դա որեւէ ֆիլմում, տպավորվել ինչ-որ տեղից, այդ իսկ պատճառով արվեստագետը պիտի ուշադիր լինի իրեն շրջապատող աշխարհի նկատմամբ, որովհետեւ թատրոնը կյանքի փոքր մոդելն է, բայց իրականության տափակ պատկերը չէ։ Շատ բան մենք վերցնում ենք կյանքից ու համեմում գեղարվեստական «համեմունքներով»։ 

- Ըստ տարվա ընթացքում Ձեր բեմադրած ներկայացումների քանակի, դերերի՝ վստահ կարող ենք ասել, որ շատ քիչ եք հանգստանում։ Ի՞նչ է դա․ աշխատասիրություն, նվիրում մասնագիտությանը, պրոֆեսիոնալիզմ․․․ 

- Ես ընդհանրապես չեմ հանգստանում, որովհետեւ երբ ես հանգիստ եմ, ուրեմն անհանգիստ եմ։ Եթե ես չեմ ստեղծագործում դրսում, ապա ստեղծագործում եմ տանը, իմ երազներում, երազներս բեմադրում եմ։ Հիմնականում իմ բեմադրությունները ծնվում են հենց իմ մտքում։ Օրինակ՝ երբ բեմադրում էի «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացումը, մի օր արթնացա ու ասացի, որ փոխում ենք ամբողջ ձեւավորումը, բայց ներկայացումը գրեթե պատրաստ էր։ Ուսանողներս էին խաղում, զարմացան․ ասացի, որ երազում տեսել եմ մեծ ճաղավանդակների նման ցանցեր, եւ փողոցի ամբողջ պատկերը ցանցերով լուծեցի։ Նույնիսկ իմ առաջին կուրսի էտյուդներն էի տեսել երազում ու բեմադրել։ Ինձ չեմ պատկերացնում առանց ստեղծագործելու, անգամ անհայտ մոլորակի վրա, որտեղ հնարավոր չէ ստեղծագործել, կգտնեմ երկու տերեւ, երկու ծառ, մի դերասան ու կստեղծագործեմ։ 

- Ինչպե՞ս եք կարողանում աշխատանքային այդքան ծանր գրաֆիկը համատեղել մայր եւ կին լինելու հետ։

- Փորձում եմ օրվա գրաֆիկս այնպես դասավորել, որ հասցնեմ։ Ճիշտ է, քիչ ժամանակ եմ կարողանում հատկացնել երեխաներին, սակայն փորձում եմ այդ ժամանակը լրացնել կիրակի օրերով, ազատ ժամերով։ Գիտեք, լավ մայր լինելը երեխայի հետ միայն երկար ժամանակ մնալը չէ, դա նաեւ այդ ժամանակն արդյունավետ օգտագործելն է։ Ավելի կարեւոր է, որ նրանց հետ անցկացրած նույնիսկ մեկ ժամը բավարար լինի, որ նրանք կարողանան քեզ լիովին ընկալել, սիրել, հասկանալ, որ սիրված են։ 

- Շատերն ասում են, որ ստեղծագործելու համար օրվա ամենալավ հատվածը գիշերն է։ Ե՞րբ է գալիս Ձեր մուսան։

- Իմ մուսան կարող է ծագել շատ տարբեր բաներից, օրինակ՝ ես կարող եմ նայել իմ դերասանուհի Տաթեւ Հոռոփյանին, ում հաճախ եմ ասում, որ իմ մուսան է, ու ստեղծագործեմ։  Հիմնականում իմ մուսան արթնանում է, երբ տաղանդավոր երեւույթի եմ բախվում․ դա կլինի մարդ, լավ ստեղծագործություն, երգ, պար, երաժշտություն։ Ամենահետաքրքիր զգացողությունն այն է, երբ գնում ես տուն, միացնում ես լավ երաժշտություն ու հասկանում, որ այդ պահին տանը բոլորը պիտի լռեն, որովհետեւ քո մուսան եկել է։ Իհարկե, երեխաների համար դա դժվար է, քանի որ մուսան կարող է գալ ցանկացած պահի (ժպտում է)։ 

- Ինչո՞վ է ապրում թատրոնը։

- Թատրոնը պիտի քայլի ժամանակի հետ։ Քանի դեռ մարդն ապրում է, թատրոնը եւս ապրում է։ Որպեսզի թատրոնը մնա կենդանի, այն պետք է ունենա ասելիք, թեմա, որի մասին պիտի խոսի։ Հաճախ ինձ հարցնում են, թե ինչո՞ւ այս տարի ոչինչ չբեմադրեցիր։ Եթե ես չունենամ ասելիք, ոչինչ չեմ բեմադրի։ Աշխարհում թեմաները պակասել են, ավելի շատ լոզունգներն են ավելացել ու ֆեյսբուքյան մտքերը։ Մարդիկ ապրում են ուրիշների կյանքով, կարծես ամբողջ կյանքն է դարձել թատրոն, եւ այս ամբողջ համընդհանուր թատերական կյանքի մեջ թատրոնը կարծես մղվել է երկրորդ պլան՝ իր ասելիքով ու իր թեմաներով։ Կան թեմաներ, որ մնացել են երեկ, որովհետեւ դրանք անհաղորդ պատմություններ են։ Թատրոնը պիտի լինի մեր մասին, չեմ ասում, որ չպետք է բեմադրել դասական պիեսներ, սակայն դրանք պետք է բեմադրել այնպես, որ հանդիսատեսին թվա, թե դա հենց իր մասին է։ 

- Առաջնահերթ ինչի՞ մասին եք մտածում, երբ թատրոնի վարագույրները բարձրանում են, եւ ներկայացումը սկսվում է։

- Երբ հանդիսատես եմ, եւ ուրիշի բեմադրություն է, մտածում եմ, թե որքան է տեւելու։ Եթե ես եմ բեմադրել, մտածում եմ դերասանների խաղի մասին, եթե ես եմ խաղում, ուրեմն ներկայացումից առաջ անպայման աղոթում եմ ներկայացման համար։ Վարագույրը բացվելուն պես  կուլիսներում վախեցած կանգնած եմ լինում, իսկ հետո մտնում եմ բեմ ու ամեն ինչ մոռանում։ Ինձ թվում է՝ դա բեմի կախարդական մասն է։ Նույնիսկ մնջախաղային ներկայացում է եղել, երբ պետք է պլաստիկ շարժումներ անեի եւ խաղացել եմ դուրս ընկած ոտքով։ Բեմում այդ ցավն անհետացել էր։ Բեմը կախարդական եւ բուժիչ հատկություններ ունի։



- Ինչպե՞ս եք ընտրում դերասաններին այս կամ այն ներկայացումների համար։ 

- Ես ընտրում եմ դերասաններին՝ ըստ տվյալ ստեղծագործության հեղինակի նկարագրության, ըստ իմ պատկերացման, թե ինչպիսին պետք է լինի այդ կերպարը, եւ իմ ու հեղինակի պատկերացումներն անպայման պիտի համընկնեն, կամ եթե հակասում են, ապա ես անպայման պիտի ունենամ արդարացում։ Ինձ համար շատ կարեւոր են շնորհքը, ֆակտուրան, տարիքը, որ համապատասխանի դերին, կարեւոր չէ՝ այդ մարդն իմ ընկերն է, թե թշնամին։ Շատ կարեւոր է նաեւ մի բան, որ մենք ստեղծագործենք նույն դպրոցի մեջ, ու նա ինձ կես խոսքից հասկանա։ 

- Իսկ Դուք հե՞շտ եք համաձայնում այս կամ այն դերին։ Եղե՞լ են դեպքեր, որ մերժել եք ինչ-որ դերով հանդես գալը, եւ ինչո՞ւ։

- Կարելի է ասել՝ ավելի շատ հրաժարվել եմ, քան համաձայնել։ Բազմաթիվ առաջարկներ են եղել սերիալում եւ շատ լավ գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու, բայց չեմ համաձայնել։ Գիտեք, եթե ես այդ դերը խաղում եմ, ապա այդ դերով պիտի որեւէ բան ասեմ։ Եթե ասելիք չկա, ուրեմն հրաժարվում եմ։ Հիմնականում խաղում եմ կերպարներ, որոնք ունեն ներքին փոփոխություն. փոխակերպվում են։ Ես առաջնահերթ ստեղծագործում եմ ինձ համար, հետո՝ ուրիշների, որովհետեւ եթե ես ինձ համար չստեղծեմ, չեմ կարողանա ստեղծագործել հանդիսատեսի համար։ Եթե համաձայնեի բոլոր այն դերերին, որ ինձ առաջարկել են առ այսօր, ես հիմա հեռուստացույցով ամենաշատ հայտնված դերասանուհին կլինեի։

- Դուք բազմաթիվ ներկայացումներ ունեք նաեւ ամանորյա թեմայով, օրինակ՝ «Լապլանդիա»-ն, «Մարդուկ-Ջարդուկ»-ը, հատկապես ուզում եմ առանձնացնել Մայր թատրոնում բեմադրած «Սառցե սիրտը» ներկայացումը, որի մասին խոսում էր ողջ Երեւանը։ Այս տարի ի՞նչ սպասենք Ձեզնից։

- Յուրաքանչյուր տարի տարբեր թատրոններում ես ամանորյա ներկայացումներ եմ բեմադրել։ Այս տարի վերականգնում եմ «Մարդուկ-Ջարդուկ»-ը՝ արդեն նոր դերասանական կազմով, բազմաթիվ հանդիսատեսի խնդրանքով «Սառցե սիրտը» ներկայացումը նորից կլինի Մայր թատրոնի բեմում, արդեն՝ նոր Էլզայով՝ տաղանդավոր դերասանուհի Մարիամ Շահինյանի մասնակցությամբ։ Կարծում եմ՝ նրա եւ ներկայացման մեջ Աննայի դերը ստանձնած Տաթեւ Հոռոփյանի դուետը շատ հետաքրքիր կլինի։ «Մարդուկ-Ջարդուկ»-ը նույնպես հետաքրքիր կլինի, որովհետեւ երբ վերաբեմադրում ես ներկայացումը, ավելի թարմ աչքով ես նայում, եւ քո նոր փորձառությունը նոր գույներ է տալիս ներկայացմանը։ Այս պահին մի փոքր ուզում եմ դադար տալ մանկական ներկայացումներին, մտածում եմ նախադեպը չունեցող ավելի լուրջ գործի մասին։ 

- Ձեր հեղինակած ամենասիրելի ներկայացումը եւ դերը․․․

- Դժվար հարց է, որովհետեւ անխտիր սիրահարվում եմ բոլոր դերերին։ Որպես դերասանուհի ճակատագրական եմ համարում «Դոն Քիշոտ»-ի Ալդոնսայի կերպարը, ով հասարակ պոռնիկ էր, եւ ում մեջ իդեալիստական գաղափարներով Դոն Քիշոտը տեսնում է ազնվական Դուլսինեային եւ  ամուսնության առաջարկություն անում։ Շատ հետաքրքիր է այդ աղջկա կերպարային փոփոխությունը, ով  հանկարծ ազնվանում է եւ դառնում Դոն Քիշոտի պատկերացրած Դուլսինեան, նրա զինակիցը եւ հետեւում նրան։ Ամեն մարդ երազում է, որ մի օր կհանդիպի իր Դոն Քիշոտին, ով կտեսնի իր մեջ այդ Դուլսինեային։ Յուրաքանչյուր կնոջ մեջ թաքնված է այդ ազնվական կերպարը, մնում է բացել այն։ 

- Մեկ բառով ինչպե՞ս կնկարագրեք թատրոնի աշխարհը։ 

- Տարօրինակ է, բայց թատրոնն ինձ համար խաղ է իրականության մասին եւ իրականության մեջ։ Ասում են, եթե թատրոնին շատ լուրջ վերաբերես, կմահանաս, բայց նաեւ չես կարող լուրջ չվերաբերել, որովհետեւ դա մի ամբողջ կյանք է: