Նյութը՝ ««ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն»-ից
Տեղադրվել է 01-12-2018
Դասընթացի հրավեր Ստեփանավանցի երիտասարդների համար
Երիտասա՞րդ ես, ապրո՞ւմ ես Լոռու մարզի Ստեփանավան համայնքում, ուզո՞ւմ ես ակտիվ մասնակցել համայնքիդ կառավարմանը՝ տիրապետելով մասնակցության ձեւերին եւ քաղաքացիական լրագրության հիմունքներին, ուրեմն այս դասընթացը հենց քեզ համար է:

««ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը Ստեփանավանի եւ հարակից համայնքների 16-30 տարեկան երիտասարդներին հրավիրում է մասնակցելու «Ստեփանավանցի երիտասարդների շրջանում ակտիվ քաղաքացիության խթանում քաղաքացիական լրագրության միջոցով» ծրագրին:

Ծրագրի շրջանակում Ստեփանավանում կանցկացվի հինգօրյա ուսուցողական դասընթաց, որի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ քաղաքացիական ակտիվիզմի եւ համայնքի կառավարմանը մասնակցելու մասին՝ սովորելով իրականացնել համայնքային, քաղաքացիական նախաձեռնություններ, ճիշտ լուսանկարել, պատրաստել հետաքրքիր լրագրողական նյութեր, բացել եւ վարել բլոգ, այդպիսով նոր մեդիայի միջոցով որպես քաղաքացիական լրագրողներ (կամ այսպես ասած՝ 4-րդ իշխանություն) մասնակցել համայնքի տեղական ինքնակառավարմանը:

Դասընթացին մասնակցելու համար հարկավոր է մինչեւ սույն թվականի դեկտեմբերի 5-ը ներառյալ լրացնել մասնակցության հայտը: Մասնակիցների ընտրությունը կկատարվի հայտերի հիման վրա, կտեղեկացվեն միայն ընտրված մասնակիցները: Մասնակցությունն անվճար է: Ծրագիրն իրականացվում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:

Ծրագրի նպատակն է՝ քաղաքացիական լրագրության հմտությունների զարգացման միջոցով նպաստել շահառու  երիտասարդների ակտիվ քաղաքացիությանը, նրանց անհատական և սոցիալական զարգացմանը, քաղաքացիական ակտիվիզմի և մասնակցային կառավարման վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, նրանց մեդիա մասնակցությանը համայնքային կյանքին: Ծրագիրը նպատակ ունի նաև նպաստել երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, երիտասարդների զբաղվածության խնդրի որոշակի մեղմացմանը եւ քաղաքացիական լրագրողների պատրաստման   միջոցով երիտասարդություն-ՏԻՄ հաղորդակցման որակի բարելավմանը: 

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 096-31-97-91,  093-40-50-82 հեռախոսահամարներով կամ նամակ գրել kamqlori@gmail.com էլեկտրոնային փոստին:

Մասնակցության հայտի հղում: