Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 02-12-2018
Մեկնարկեց Գրքի երեւանյան երկրորդ փառատոնը
Դեկտեմբերի 1-2-ը Հայկական բարեգործական ընդհանուր միության շենքում անցկացվում է Գրքի երեւանյան երկրորդ փառատոնը:

Փառատոնի օրերին հայաստանյան հրատարակչությունների մասնակցությամբ տեղի է ունենում գրքերի ցուցահանդես-տոնավաճառ, որին մասնակցում է 30 հրատարակչություն, ինչպես նաեւ անցկացվելու է առաջին փառատոնի գրական մրցույթում հաղթած, հավաստագիր ստացած եւ այլ գրքերի 9 շնորհանդես: 

Տոնական բուքֆեստը չի սահմանափակվում միայն շնորհանդեսներով: Անցկացվում են նաեւ ժամանակակից գրականության ընթերցանություններ եւ համերգներ («ԹմբաԹա», «Բամբիռ», Լեւոն Մալխասյան եւ «Մալխաս» ջազ բենդ):

ՀՀ մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանը բացման արարողության ընթացքում ներկաներին տեղեկացրեց, որ ի տարբերություն նախորդ տարվա՝ այս տարի փառատոնի շրջանակում գործում է ցուցահանդես՝ նվիրված նշանավոր ճարտարապետ, գրքի ձեւավորող ու տառաստեղծ Ֆրեդ Աֆրիկյանին: Նա նաեւ առանձնահատուկ շեշտեց, որ փառատոնում ընդգրկվել է հրատարակչություն Արցախից: 

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանն էլ հավելեց, որ միջոցառմանը մասնակցում են ոչ միայն խոշոր, այնպես էլ փոքր հրատարակչություններ: Ի դեպ, կազմակերպիչները ցանկություն ունեն առավել ընդլայնելու փառատոնի սահմանները, որպեսզի իրադարձությանը մասնակցեն նաեւ արտերկրի հրատարակչությունները: 

Սարգսյանի խոսքով՝ փառատոնը շատ կարեւոր հարթակ է գրողների ու հրատարակիչների հանդիպման առումով: 

Փառատոնի փակման հանդիսավոր արարողության ժամանակ (դեկտեմբերի 2՝ ժամը 18:00) տեղի կունենա Գրքի երեւանյան փառատոնի ամենամյա գրական մրցանակաբաշխությունը՝ «Արձակ» եւ «Պոեզիա» անվանակարգերում, որոնցով փառատոնը ստացել է 167 հայտ:

Պատկերասրահ՝ Գրքի երեւանյան երկրորդ փառատոն (1-ին օր)

Պատկերասրահ՝ Գրքի երեւանյան երկրորդ փառատոն (2-րդ օր)