Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 03-12-2018
Հայկ Համբարձումյանը ներկայացրեց «Սասնա ծռեր. պատում, մոտիվ, գրքային ավանդույթ» գիրքը
Գրքի երեւանյան երկրորդ փառատոնի շրջանակում դեկտեմբերի 2-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության շենքում կայացավ ԵՊՀ դոցենտ Հայկ Համբարձումյանի «Սասնա ծռեր. պատում, մոտիվ, գրքային ավանդույթ» գրքի շնորհանդեսը: Այն 2018 թվականին լույս է ընծայել ԵՊՀ հրատարակչությունը:
Մենագրությունը նվիրված է «Սասնա ծռեր» ազգային դյուցազներգության բանավոր տարբերակների համեմատական քննությանն ու հայ միջնադարյան գրականության եւ Աստվածաշնչի հետ կապերի ուսումնասիրությանը: Առաջին անգամ հայ էպոսագիտության մեջ կատարվում են էպոսի հրատարակված տարբերակների մանրազնին համեմատություն ու դասակարգում՝ ըստ երեք տիպաբանական խմբերի (Մուշ, Մոկս, Սասուն): Բոլորովին նոր մեթոդաբանությամբ առանձնացվում են միջազգային բանագիտության մեջ ընդունված էպիկական հիպերմոտիվներն ու մոտիվները, ցույց են տրվում էպոսի դիպաշարի կառուցման մեխանիզմները, կերպարակերտման սկզբունքները, ու առանձնացվում են գեղարվեստական առանձնահատկությունները: Մենագրությունն անհրաժեշտ եւ օգտակար կարող է լինել ինչպես հայ ժողովրդական բանահյուսության, էպիկական ավանդույթի, հայ միջնադարյան գրականության ուսումնասիրությամբ զբաղվող հայագետներին, այնպես էլ հայկական էպոսով ու միջնադարյան մշակույթով հետաքրքրվող շրջանակներին:

«Սա իմ մեկ տասնամյակ եւ ավելի տեւած էպոսագիտական ուսումնասիրությունների հանրագումարն է: Ինձ անընդհատ ասում էին, որ հոդվածներս պետք է գիրք դառնան, բայց մտածում էի, որ գուցե պահը չի հասունացել: Մեր ազգային էպոսը մեծ է, բազմաշերտ ու խորը: Գրքի վերնագիրը եռամաս է՝ պատում, մոտիվ, գրքային ավանդույթ: Այստեղ ես նկատի եմ ունեցել գրքի երեք մասերը»,- շնորհանդեսի ընթացքում նշեց  Հայկ Համբարձումյանը: 

ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը Eritasard.am-ի հետ զրույցում նշեց, որ համալսարանն ամեն տարի 100 անուն գիրք է հրատարակում, որոնց մեծ մասը մենագրություններ են, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ: 

«Մեր մենագրությունների հիմնական մասը բացառիկ հրատարակություններ են: Հայկ Համբարձումյանի «Սասնա ծռեր. պատում, մոտիվ, գրքային ավանդույթ» մենագրությունը այդպիսի բացառիկ հրատարակություններից է: Նա տարիներ շարունակ ուսումնասիրել է այս թեման, այն հոգեհարազատ է նրան: Սա բացառիկ աշխատանք է, քանի որ այս թեմային ոչ ոք չի հանդգնել անդրադառնալ»,- ասաց Կարեն Գրիգորյանը: 

ԵՊՀ հրատարակչության տնօրենի խոսքով՝ Գրքի երեւանյան երկրորդ փառատոնին իրենք ներկայացրել են դասագրքեր, գիտական աշխատանքներ․ «Ի ուրախություն մեզ՝ մեր տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացնում: Նմանատիպ միջոցառումները շատ լավ հարթակ են, որպեսզի հրատարակիչը կարողանա շփվել ընթերցողի հետ, ինչպես նաեւ փորձի փոխանակում կատարի այլ հրատարակիչների հետ: Փառատոնը պետք է շարունակական բնույթ կրի, ամեն տարի անցկացվի, ինչպես մեր հարեւան երկրներում՝ Թբիլիսիում եւ Թեհրանում են իրականացվում գրքի փառատոներ»:

Պատկերասրահ՝ Գրքի երեւանյան երկրորդ փառատոն (1-ին օր)

Պատկերասրահ՝ Գրքի երեւանյան երկրորդ փառատոն (2-րդ օր)