Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 03-12-2018
Գրքի երեւանյան փառատոնի ուշագրավ շնորհանդեսները
Դեկտեմբերի 1-2-ին ՀԲԸՄ-ի շենքում անցկացվեց Գրքի երեւանյան երկրորդ փառատոնը:
Փառատոնի օրերին հայաստանյան հրատարակչությունների մասնակցությամբ կայացավ գրքերի ցուցահանդես-տոնավաճառ, ինչպես նաեւ առաջին փառատոնի գրական մրցույթում հաղթած, հավաստագիր ստացած եւ այլ գրքերի 9 շնորհանդեսներ: Eritasard.am-ը ներկայացնում է փառատոնի ուշագրավ շնորհանդեսները: 

Էդուարդ Խաչիկյանի «Երկու աշխարհների քաղաքացին» վեպի շնորհանդես
 
Խաչիկյանի «Երկու աշխարհների քաղաքացին» ժողովածուի պատմվածքները ոչ միայն անդրադարձ են Արցախյան հերոսամարտին, այլեւ վեր են հանում խառնակ տարիների սեւ ու մութ էջերը, մարդկային ճակատագրերի անկանխատեսելի ընթացքը, հերոսների ապրումներն ու մաքառումը, երբեմն էլ դաժան փորձությունների միջով անցնելը: Հեղինակը չի ցանկացել պատումները ներկայացնել միայն հերոսական երանգով: Իբրեւ ազատամարտիկ-հրամանատար՝ նա պատերազմի արհավիրքներն ընթերցողին ցույց է տալիս իրենց տարատեսակ գույներով… «Երկու աշխարհների քաղաքացին» համանուն վեպը բոլորի կողմից լքված, հիվանդ մարդու տվայտանքների եւ տառապանքի պատմություն է՝ միստիցիզմի շնչով տոգորված, որն ի վերջո գտնում է որոնելին: Նշենք, որ գրքի խմբագիրներն են Սուրեն Աբրահամյանը, Վահան Տեր-Ղազարյանը: Գեղարվեստական խմբագիրն է Սյուզաննա Խաչիկյանը:

«Գիւտ» մատենաշարի շնորհանդես

«Գիւտ» մատենաշարի շրջանակում հրատարակվելու են հայ միջնադարյան մշակույթի երեւելի, բայց քիչ հայտնի գործերը։ Մատենաշարով առաջին անգամ աշխարհաբար լույս են տեսել Գրիգոր Նարեկացու «Ներբողներ եւ գանձեր»-ը եւ Վարդան Անեցու «Ներբող Աստվածության կառքին»-ը, որոնք գրաբարից փոխադրել է գրող եւ թարգմանիչ Վարդան Ֆերեշեթյանը: Նարեկացու գիրքն ամփոփում է նրա բոլոր ներբողները եւ պահպանված տասը գանձերից հինգը։ Վարդան Անեցին մեր միջնադարյան բանաստեղծության, թերեւս, ամենաանհայտ, բայց մեծագույն բանաստեղծներից մեկն է, որի երկերից պահպանվել է միայն «Վասն կառաց աստվածությանն ներբող»-ը, որը եւ ներկայացվում է ընթերցողին։

Լեւոն Շահնուրի «Ցավեր բռնողը» պատմվածքների ժողովածուի շնորհանդես
 
Լեւոն Շահնուրը նոր տեսանկյուններով, փիլիսոփայական խորհրդածություններով, հաճախ հակաուտոպիական պատումներով ու հմայական-ծիսական ոճավորմամբ ձգտում է ներթափանցել կեցության խորքերն ու աշխարհը պատկերել ընդունված պայմանականություններից անդին: Պատմվածքների հերոսները ժամանակների եւ տարածությունների մեջ մոլորված մարդիկ են, որոնք փորձում են հասկանալ իրենց շրջապատող իրականությունն ու շերտատել այն: Նետվելով մտածումների ու զգայությունների խավար անդունդը՝ նրանք ձգտում են պեղել լույսը:

Աննա Իսաբեկյանի «Փիսոն վատ երազ է տեսնում» մանկական գրքի շնորհանդես

Փիսոն ապրում է իր մայրիկի ու հայրիկի հետ: Նա ունի իր զարմանահրաշ աշխարհը, որտեղ զարմանում ու զայրանում է տարբեր բաների վրա, վախենում ու դառնում է քաջ, ուրախանում ու երազում: Փիսոն շարունակաբար կհայտնվի գրախանութներում իր նորանոր պատմություններով, հույզերով եւ ուրախություններով։ Այդ պատմությունների շնորհիվ մեր փոքրիկները կսովորեն հաղթահարել իրենց վախերը, մանկական խանդը` ընտանիքում ծնված նոր բալիկի հանդեպ, քմահաճույքները, մայրիկից անկախանալու եւ այլ խնդիրներ… Փիսոյի առաջին գիրքն ունի «Փիսոն վատ երազ է տեսնում» վերնագիրը։ Այն նախատեսված է 2 տարեկան եւ ավելի երեխաների համար։

Շառլ Ազնավուրի «Դարի երգիչը» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդես

Գրքում ամփոփված են մեծանուն երգչի երեք թարգմանիչների՝ Աբրահամ Ալիքյանի, Սամվել Գասպարյանի եւ Պերճ Թյուրաբյանի ավելի քան 60 երգերի թարգմանությունները, որոնք ուղեկցվում են ֆրանսերեն տեքստերով: Գիրքը բացվում է տաղանդաշատ թարգմանիչ եւ գրող Կարպիս Սուրենյանի` դեռեւս անցյալ դարի 60-ականներին գրված փայլուն էսսեով: 
 
Գրքում տեղ են գտել նաեւ Ազնավուրի` տարբեր տարիների գրած ինքնակենսագրական վեպերից քաղված պատառիկներ, որոնց օգնությամբ փորձ է արվում ընթերցողին ներկայացնել մեր մեծ հայրենակցի մարդկային բնութագրի որոշ կողմերը: Գրքի խմբագիրն է Անահիտ Դաշտենցը:

Հայկ Համբարձումյանի «Սասնա ծռեր. պատում, մոտիվ, գրքային ավանդույթ» մենագրության շնորհանդես
 
Մենագրությունը նվիրված է «Սասնա ծռեր» ազգային դյուցազներգության բանավոր տարբերակների համեմատական քննությանն ու հայ միջնադարյան գրականության եւ Աստվածաշնչի հետ կապերի ուսումնասիրությանը: Առաջին անգամ հայ էպոսագիտության մեջ կատարվում են էպոսի հրատարակված տարբերակների մանրազնին համեմատություն ու դասակարգում՝ ըստ երեք տիպաբանական խմբերի (Մուշ, Մոկս, Սասուն): 
 
Բոլորովին նոր մեթոդաբանությամբ առանձնացվում են միջազգային բանագիտության մեջ ընդունված էպիկական հիպերմոտիվներն ու մոտիվները, ցույց են տրվում էպոսի դիպաշարի կառուցման մեխանիզմները, կերպարակերտման սկզբունքները, ու առանձնացվում են գեղարվեստական առանձնահատկությունները: 

Ներսես Աթաբեկյանի «Երկրապտույտ» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդես
 
Ներսես Աթաբեկյանի գիրքը նոր ու թարմ մտածողությամբ է առանձնանում: Մեր օրերի պատկերին զուգահեռվում են համաշխարհային մշակութային տարընթերցումները: Երկրապտույտը բանաստեղծի եւ ընթերցողի համատեղ շուրջերկրյա մշակութային ճամփորդությունն է...

Վահե Արսենի «Դոնկիխոտասպան իմ հայրենիք կամ ի սկզբանե էին» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդես

«Կանաչ աստվածների վերադարձը» հայտնի ժողովածուից տասնմեկ տարի անց հրատարակված այս գրքում Վահե Արսենը շարունակում է մեր իրականության նշանագրումը՝ հասարակական հակասությունների, մարդու եւ բռնապետության բախման, պատերազմի ու անհատի միայնության, մոռացված զգայությունների ու սիրո փնտրումի թեմաների իրացումներով: Ձեւախեղված իրերի ու հարաբերությունների, իմաստազուրկ բառերի ու քաղաքական լոզունգների միջեւ խարխափող հերոսը շատ սուր արձագանքում է մեր իրականության վերջին տասնամյակի ցավոտ իրադարձություններին՝ 2008 թ․ մարտի 1-ից մինչ ապրիլյան պատերազմ: Ընդվզում է երեսպաշտության ու անբարոյականության դեմ, խիզախում բարձրաձայնել առկա հոգեւոր ճգնաժամի, դրա պատճառների եւ կործանարար հետեւանքների մասին:

Պատկերասրահ՝ Գրքի երեւանյան երկրորդ փառատոն (1-ին օր)

Պատկերասրահ՝ Գրքի երեւանյան երկրորդ փառատոն (2-րդ օր)