Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝
Տեղադրվել է 03-12-2018
Հայտնի են «A21TV AWARD 2018» մրցանակաբաշխության հաղթողները
Դեկտեմբերի 2-ին Երեւանի մշակույթի պետական քոլեջում տեղի ունեցավ Հայաստանի մշակութային հեռուստաընկերության՝ արդեն ավանդույթ դարձած «A21TV AWARD 2018» ամենամյա մրցանակաբաշխության եզրափակիչ փուլը:

Այս տարի մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել տարբեր բնագավառների 16-35 տարեկան շուրջ 350 անհատներ եւ խմբեր, որոնցից լավագույններին ընտրել է ժյուրին: 

Հայաստանի մշակութային հեռուստառադիոընկերության տնօրեն Արթուր Հակոբյանը Eritasard.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Մշակութային ալիքի եւ Մշակութային ռադիոյի նախաձեռնությամբ մրցանակաբաշխությունը տեղի է ունենում արդեն 5-րդ անգամ. «Այս տարիների ընթացքում մրցանակաբաշխությունը բազմաթիվ տաղանդավոր երիտասարդների համար ուղիներ է հարթել: Չափազանց կարեւորում եմ մեր գործընկերների աջակցությունը: 2017 թ.-ից  Երեւանի մշակույթի պետական քոլեջի աջակցությամբ  մրցանակաբաշխությունը քոլեջում ենք անցկացնում, եւ ուսանողները եւս մասնակցում են մրցույթին: Նախքան մրցույթի  եզրափակիչ փուլը լսումներ են տեղի ունեցել: Ժյուրիի կազմում ընդգրկված են Երեւանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն, երգիչ, Մշակույթի եւ կատարողական արվեստների  միջազգային ակադեմիայի պրոֆեսոր Վրեժ Կիրակոսյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը եւ այլք»: 

Արթուր Հակոբյանը փաստեց նաեւ, որ մրցույթի նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի աճում է, եւ ավելանում է մասնակիցների թիվը. «Այս տարի մենք համագործակցում ենք  ԱՄՆ ռադիոկայաններից մեկի հետ, որով հնչելու են մեր մասնակիցների երգերը, ստեղծագործությունները, ինչը նրանց  համար հետագա համագործակցությունների ճանապարհ  կարող է բացել: Դրանից բացի՝ մենք մեր բոլոր լծակներով՝ Մշակութային ալիքով, ռադիոյով, ամսագրով, լուսաբանում ենք նրանց ստեղծագործական նորությունները»: 

«A21TV AWARD 2018»  ամենամյա մրցանակաբաշխության եզրափակիչ փուլը մեկնարկեց Հայաստանի մշակութային հեռուստառադիոընկերության տնօրեն Արթուր Հակոբյանի ասմունքով: 

Ելույթ ունեցան հանրապետական եւ միջազգային մրցույթների դափնեկիր, քանոնահարուհի Մարիաննա Գեւորգյանը, «Մագա Դանս ստուդիո»-ն, դուդուկահար Վաչե Գաբրիելյանը, ֆլեյտահար Սոս Թադեւոսյանը՝ դաշնակահարուհի Անի Ջիլավյանի նվագակցությամբ: 

Այնուհետեւ ներկայացվեցին մրցանակաբաշխության հաղթողները՝ կինոարվեստ, երգարվեստ` էստրադային, մանկական, դասական ենթաբաժիններով, կերպարվեստ, լուսանկարչություն բնագավառները ներկայացնող մասնակիցներից լավագույնները: 

Կինոարվեստի բնագավառում հաղթող ճանաչվեց Դավիթ Հակոբյանը՝ «Հաղթողների դպրոց» ֆիլմով, երգարվեստի էստրադային անվանակարգում՝ Մարի Ավետիսյանը,  մանկական եւ դասական անվանակարգերում՝ Էլինա Չոլախյանը եւ Անի Ծատուրյանը: 

Կերպարվեստի եւ լուսանկարչության բնագավառներում էլ  հաղթող ճանաչվեցին Զոհրաբ Թովմասյանը եւ  Մուշեղ Էլոյանը: