Նյութը՝ «Ալեպպո Քուիզին» կենտրոնից
Լուսանկարները՝ «Ալեպպո Քուիզին» կենտրոնից
Տեղադրվել է 02-12-2018
«Ալեպպո Քուիզին» կենտրոնն աշխատանքով ապահովելու է սիրիահայերին
«ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԵՊ» ՀԿ-ը) նախաձեռնությամբ նոյեմբերի 29-ին մեկնարկեց «Ալեպպո Քուիզին» սոցիալական ձեռնարկատիրական կենտրոնի գործունեությունը։

Հանդիսավոր բացման արարողությունն իրենց ներկայությամբ պատվել էին ՀՀ սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը, Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն․Գ․ պարոն Ջուն Յամադան, Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը, ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ՀՀ-ում ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստը եւ Երեւանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության բաժնի պետ Ռուզաննա Զաքարյանը։

«Գործունեության հինգերորդ տարում «ՀԱԼԵՊ» ՀԿ-ն բացում է «Ալեպպո Քուիզին» կենտրոնի դռները՝ հիմնական աշխատանքով ու արժանապատիվ կյանքի կենսապայմաններով ապահովելու սիրիահայերին եւ պաշտպանելու նրանց աշխատանքային իրավունքները ՀՀ-ում»,- նշեց «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Անի Բալխյանը։

«Ալեպպո Քուիզին» սոցիալական ձեռնարկատիրական կենտրոնը, որն ավելի քան 200000 ԱՄՆ դոլարի ներդրումներ է ներգրավել, հիմնադրվում է Տեխասի Հյուսթոն քաղաքի Սբ. Գեւորգ հայ առաքելական եկեղեցու ծխական խորհրդի (ԱՄՆ), Ճապոնիայի կառավարության` հանձին ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության, Գերմանիայի կառավարության՝ հանձին Գերմանիայի «Միջազգային համագործակցություն» ընկերության, Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆինանսական աջակցությամբ, ինչպես նաեւ Եվրոպական միության համաֆինանսավորմամբ՝ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի շրջանակում:

«Մենք հավատում ենք, որ այս օժանդակությունը կդառնա ամուր կապ եւ բարեկամության մարմնացում, ինչպես նաեւ փոխադարձ համակրանք, որն ավանդաբար ձեւավորում է Ճապոնիայի եւ Հայաստանի հարաբերությունների հիմքը»,- նշեց Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադան։

«Ալեպպո Քուիզին» կենտրոնի նպատակն է ստեղծել աշխատատեղեր սիրիական հակամարտության հետեւանքով Հայաստանում հաստատված սիրիահայ կանանց համար ու նպաստել նրանց տնտեսական ու սոցիալական ինտեգրմանը Հայաստանում։

«Սա օրինակելի նախաձեռնություն է, որը կյանքի է կոչվում Սիրիայից տեղահանված ու Հայաստանում հաստատված անձանց կողմից։ Գերմանիայի «Միջազգային համագործակցություն» ընկերության միջոցով Գերմանիայի կառավարությունը նեցուկ է կանգնում տեղահանված այս անձանց՝ հայաստանյան քաղաքացիական կյանքում ներգրավելու ջանքերին»,- նշեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը։

«Դեսպանատունը հպարտ է, որ աջակցում է «Ալեպպո Քուիզին» կենտրոնին՝ մի կենսունակ սոցիալական ձեռնարկության, որ հետամուտ է Միացյալ Նահանգներին շատ հոգեհարազատ արժեքներին: Համոզված եմ, որ Հայաստանի սիրիահայ համայնքի համար այս կենտրոնի բացումը եւս մեկ նշանակալի քայլ է տնտեսական ինտեգրումը խթանելու ճանապարհին»,- ասաց Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը: 

«Ալեպպո Քուիզին» կենտրոնը գործելու է որպես սննդի արտադրամաս, սննդի կետ եւ մատուցելու է ծառայություններ սննդի արտագնա սպասարկման ոլորտում: Կենտրոնի գործունեությունից գոյացած շահույթը ծառայելու է խոցելի կարգավիճակում գտնվող սիրիահայերի համար նոր աշխատատեղեր հիմնելուն եւ սիրիահայ ընտանիքներին մարդասիրական օգնություն տրամադրելուն: