Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 02-12-2018
Կայացել է Swiss Blockchain Leadership Summit համաժողովը
Նոյեմբերի 23-24-ին Շվեյցարիայի Բազել քաղաքում կայացավ Swiss Blockchain Leadership Summit համաժողովը:

Միջոցառումը միավորում էր 2000-ից ավելի մասնակիցների, այդ թվում` քաղաքական առաջնորդների, ֆինանսական եւ տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների, մտավորականների, կարգավորող մարմինների եւ այլն: Քննարկումների կիզակետում էին բլոկչեյն տեխնոլոգիայի զարգացումն ու նրա սոցիալ-տնտեսական ազդեցությունը: 

Nooor բլոկչեյնի հայկական ասոցիացիայի թիմը նույնպես մասնակցել է Swiss Blockchain Leadership Summit-ին՝ ներկայացնելով Հայաստանում բլոկչեյնի զարգացման հեռանկարները, ռեսուրսները, մասնագիտական ներուժը, ինչպես նաեւ տեխնոլոգիայի օրենսդրական կարգավորման նախադրյալներն ու մարտահրավերները։ 

Նոյեմբերի 23-ին Nooor-ի նախագահ Վիգեն Առուշանյանը հանդես է եկել անհատական ելույթով, այնուհետեւ Bosch, IBM, S7 Airlines ընկերությունների, ինչպես նաեւ Ռոտերդամի նավահանգստի ներկայացուցիչների հետ մասնակցեց բլոկչեյնի` իրական հատվածում կիրառությունների վերաբերյալ քննարկմանը:

Համաժողովի երկրորդ օրը՝ նոյեմբերի 24-ին, «Next Industrial Revolution» խորագրով պանելային քննարկման ընթացքում Առուշանյանն իր տեսակետը ներկայացրեց զարգացող տնտեսություններում բլոկչեյն տեխնոլոգիայի ներդրման, նոր շուկաների ձեւավորման հնարավորությունների մասին։ Քննարկման խոսնակների շարքում էին նաեւ Էսկո Ահոն (Ֆինլանդիայի նախկին վարչապետ), Բեն Բաներջին (InnMind, Շվեյցարիա) եւ Ասիլբեկ Դավլետովը («Աստանա» ֆինանսական կենտրոն, Ղազախստան): 

Միջոցառման շրջանակում կայացած ստարտափների` ներդրողներին ներկայացման մրցույթի արդյունքում էլ հաղթող է ճանաչվել հայկական CryptoNDX նախագիծը, որը ներկայացնում էր ընկերության ղեկավար Արթուր Ասլանյանը։ Ստարտափի հաղթանակը հիմնավորեց բլոկչեյն տեխնոլոգիայով աշխատող հայկական նախագծերի մրցունակությունը միջազգային հարթակում։ 

«Նմանատիպ միջոցառումներին մասնակցությունը մեր մշտական օրակարգում է, ինչը հնարավորություն է ընձեռում ներկայացնելու Հայաստանի ներուժը՝ որպես գիտելիքի կենտրոն, եւ ընդգծելու երկրի առանցքային դերն ու նշանակությունը տարածաշրջանում բլոկչեյն տեխնոլոգիայի զարգացման գործում։ 2019 թվականը մեր երկրում ոլորտի համար առանձնահատուկ ակտիվ եմ կանխատեսում»,- ասել է Առուշանյանը: