Նյութը՝ Պապին Մուրադյանի
Լուսանկարները՝ Պապին Մուրադյանի
Տեղադրվել է 04-12-2018
Ջութակի եւ երգեհոնի հնչյունների ներդաշնակությունը հանդիսատեսին տեղափոխեց Տիեզերական աշխարհ
Նոյեմբերի 27-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոգեպարար երաժշտության համերգային երեկո էր:

Ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Ֆելիքս Հարությունյանի եւ միջազգային մրցույթների դափնեկիր, երգեհոնահարուհի Անաստասիա Իգոշինայի նվագահանդեսի մեկնարկն ազդարարեց Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Շարական» անսամբլի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Դանիել Երաժիշտը:

Մաեստրոն հանդիսատեսին բավականին մանրամասն ու բովանդակալից ներկայացրեց համերգային ծրագիրը, որում ներառված էին Բարոկկո շրջանի եւ հայ միջնադարյան հոգեւոր երաժշտության նմուշներ: 

Որպես համերգի բնաբան ընտրվել էր դիրիժոր Ջոն Էլիոթ Գարդիների հետեւյալ ասույթը. «Որտեղ հնչում է Բախը, այնտեղ Աստվածն է», իսկ երկրորդ բնաբանն Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հայտնի քառյակն էր.

«Ես շնչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր,
Ես լսում եմ Նրա անլուռ կանչն ու հունչը ամենուր.
Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին
Տիեզերքի խոր մեղեդին ու մրմունջը ամենուր…»:




Դանիել Երաժիշտը նկատեց, որ բազմաբնույթ են Բարոկկո շրջանի մարդու հոգու դրսեւորումները, սակայն գերիշխողը փրկագործության գաղափարն է: Ըստ ակադեմիկոս Բորիս Ասաֆեւի՝ «Հատկապես 17-18 դարերում ե՛ւ բողոքական, ե՛ւ կաթոլիկ կոմպոզիտորները կրոնական քարոզիչներ էին»:

Ջութակի եւ երգեհոնի անկրկնելի մեղեդիները հանդիսատեսին տեղափոխեցին մի յուրօրինակ հոգեւոր աշխարհ: 

«Լոյս զվարթ» լուսերգության կատարումից հետո Դանիել Երաժիշտը, դիմելով Անաստասիա Իգոշինային, ասաց. «Երբեք չեք ասի, թե այս շնորհալի աղջնակն առաջին անգամ է Հայաստանում, կարծես թե Անաստասիան բազում լուսաբացներ ու մայրամուտներ է անցկացրել՝ Արարատին դիտելով»:

Հայրենիքում ու արտերկրում երաժշտական կրթություն ստացած, հայի տաղանդավոր գենն իր մեջ կրող Ֆելիքս Հարությունյանն էլ ջութակը մերթ «խոսեցնում էր» նուրբ, մերթ խրոխտ, եւ մեղեդին հասնում էր յուրաքանչյուր հանդիսատեսի սրտին ու հոգուն:

Նվագահանդեսի ավարտին Դանիել Երաժիշտը նշեց. «Համերգային ծրագրի առանձնահատկությունն այն էր, որ բոլոր ստեղծագործությունները միավորվում էին մեկ հիմնական գաղափարով, այն է՝ Հիսուսի Հարությունը եւ նրան խաչակից մարդկության փրկությունը: Ահա հենց սա է, ըստ Բախի, երաժշտական արվեստի գերագույն առաքելությունը»: 

Նշենք նաեւ, որ այդ հոգեպարար նվագահանդեսն իրականացվեց «Հոգեւոր երաժշտության պետական կենտրոնի» (տնօրեն՝ Անահիտ Պապայան) հովանու ներքո: