Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Միլենա Մկրտչյանի
Տեղադրվել է 06-12-2018
Իտալական բարոկկոյի շունչը՝ Ազգային պատկերասրահում
Դեկտեմբերի 5-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Բեռնինիի դպրոց. հռոմեական բարոկկո» ցուցահանդեսը, որում ներկայացված են Իտալիայի Արիչչա քաղաքի «Պալացցո Կիջի» թանգարանում պահվող բարոկկո ոճի 55 բարձրարվեստ նմուշներ:


Արվեստասերները ցուցահանդեսում կարող են տեսնել իտալական բարոկկոյի խոշորագույն ներկայացուցիչների՝ Ջովաննի Բեռնինիի, Պիետրո դա Կորտոնայի, Սալվատորե Ռոզայի, Դոմենիկո Ֆետտիի եւ նշանավոր այլ վարպետների ստեղծագործությունները:


 
«Սա բացառիկ արվեստ ներկայացնող եւ պատմական կարեւորության արվեստի ստեղծագործությունների ցուցահանդես է, որի բացումն այսօր հաճույքով անում ենք Երեւանում: Այս միջոցառումն առանձնահատուկ է դարձնում նաեւ այն փաստը, որ ցուցահանդեսը կայանում է Ազգային պատկերասրահում, որը Հայաստանի հանրագիտարանային պատմական գիտելիքի գանձարանն է, եւ որի մոգական հավաքածուները ի ցույց են դնում, թե որքան է հայ ժողովուրդը կարեւորում մշակույթը եւ արվեստը,- ասաց ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն ու հավելեց,- Բեռնինիի դպրոցի տարբեր աշխատանքներ խորհրդանշում են մի վճռորոշ գեղանկարչական ժամանակաշրջան, որը մեկնարկեց Հռոմում ու ծնունդ տվեց բոլոր ժամանակների ամենափառահեղ գեղանկարչական շրջաններից մեկին: Ծագելով Բել Պաեզեում եւ ապա հատելով Ալպերը՝ այն իր ճառագայթները սփռեց հերկուլեսյան սյուներից մինչեւ Սանկտ Պետերբուրգ»:



Դեսպանը փաստեց, որ ցուցահանդեսը  եւս մեկ ներդրում է անցնող տարին հարստացնելու եւ ամփոփելու  համար, որն արդեն իսկ հատուկ է Իտալիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների տեսանկյունից, քանի որ այս տարվա ընթացքում Հայաստան ժամանեցին Իտալիայի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներ:



«Եվրոպայում սովորաբար արշավներն անցկացվել են զենքերի միջոցով, իսկ Իտալիային հաջողվեց այդ արշավները կազմակերպել արվեստի եւ մշակույթի միջոցով: Բարոկկոն սկզբում տարածվեց  Արեւմտյան, հետո՝ Կենտրոնական Եվրոպայում, հետո՝ Հյուսիսային Եվրոպայում: Այն հասել է Եվրոպայի բոլոր անկյունները, բայց չէր եղել Հայաստանում: Ուրախ ենք, որ այդ գեղեցկությունն այստեղ ներկայացնելու հնարավորություն ունենք»,- ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:



Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էր նաեւ ՀՀ մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանը, ով ընթերցեց ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի ուղերձը. «Այս ցուցահանդեսը մեծ իրադարձություն է Հայաստանի մշակութային կյանքում: Հայ-իտալական մշակութային կապերն ամուր հիմքի վրա են եւ ունեն դարերի պատմություն: Թե՛ Հայաստանում եւ թե՛ Իտալիայում պարբերաբար կազմակերպվում են միջոցառումներ, որոնց նպատակը հանրությանը երկու երկրների բազմադարյան մշակույթին ծանոթացնելը եւ երկու երկրների բարեկամությունը վերահաստատելն ու ամրապնդելն է»:



Ցուցադրությունը կգործի դեկտեմբերի 6-ից մինչեւ 2019 թվականի փետրվարի 18-ը: