Նյութը՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնից
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 08-12-2018
Մոցարտի «Ռեքվիեմ»-ը ներկայացվեց Գյումրու Սեւ բերդում
Գյումրու Սեւ բերդում դեկտեմբերի 7-ին կազմակերպվեց մեծամասշտաբ միջոցառում՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին: Հայաստանյան առաջատար երաժշտախմբերի կատարմամբ՝ ունկնդրին ներկայացվեց Մոցարտի «Ռեքվիեմ»-ը:

Աննախադեպ միջացառումը նախաձեռնել եւ իրականացրել էր Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվեցին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը եւ այլ պաշտոնատար անձինք, հյուրեր, արվեստագետներ: 

Միջոցառման մեկնարկն ազդարարվեց տերունական աղոթքով եւ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ: Համերգի ընթացքում ելույթ ունեցան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային եւ Տիրամայր Հայաստանի երգչախմբերը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան), «Գոհար» երգչախմբի արական կազմը եւ Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի հրավիրյալ երաժիշտները (գեղարվեստական ղեկավար՝ Երվանդ Վարոսյան):

Համերգի ընթացքում երաժշտախմբերը հանդես եկան դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: Որպես մենակատարներ ներկայացան Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Նարինե Անանիկյանը (մեցցո սոպրանո), Տիգրան Օհանյանը (տենոր), Արմեն Գրիգորյանը (բաս): 

«Այս համերգի գաղափարը ծագել էր դեռեւս այս տարվա սկզբին: Որոշել էինք այնպիսի տեղ ընտրել համերգի անցկացման համար, որ բավականին շատ մարդ կարողանա ներկա գտնվել: Ծրագիրն էլ որոշվեց Ռոբերտ Մլքեյանի կողմից: Ներգրավվեցինք նաեւ Գյումրու մշակութային երաժշտախմբերին: Մենք ցանկանում էինք այնպես անել, որ Երեւանի եւ Գյումրու կարող ուժերը միավորվեն մեկ նախագծի շուրջ»,-նշում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնատար Նորայր Նազարյանը: 

Նրա խոսքով՝ նմանատիպ համերգով եւս մեկ անգամ փորձ է կատարվել հարգանքի տուրք մատուցել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին: 

Դիրիժոր Ռոբերտ Մլքեյանն էլ փաստում է՝ այս համերգն առաջին հերթին իր հոգու պարտքն էր: 

«Ես շատ եմ կապված Գյումրիին, երկար տարիներ աշխատել ու շարունակում եմ աշխատել այստեղ: Պարտադիր համարեցի, որ անպայման երկրաշարժի 30-րդ տարելիցին պետք է հանդես գամ ինչ-որ նախաձեռնությամբ: Հիշելով մեր նահատակներին՝ պետք է ավելի ուժեղ լինենք եւ շարունակենք ապրել. այս է մեր ուղերձը»,-նշում է Ռոբերտ Մլքեյանը:

Հավելենք, որ համերգն անցավ լեփ-լեցուն սրահում՝ մասնակիցների անվերջ ծափահարությունների ներքո: Հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ՝ դեկտեմբերի 2-ին, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանում առաջին անգամ ներկայացվել էր եւս մեկ «Ռեքվիեմ»՝ Բրուքների ստեղծագործությունը, որը կրկին հնչեց ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի զոհերի: