Նյութը՝ «Հարմոնիա» հոգեբանության հանրային զարգացման կենտրոնից
Լուսանկարները՝ «Հարմոնիա» հոգեբանության հանրային զարգացման կենտրոնից
Տեղադրվել է 10-12-2018
Հռետորության հմտությունների զարգացման դասընթաց Տավուշի մարզի երիտասարդների համար
Տավուշի մարզի Իջեւան քաղաքում տեղի ունեցավ հռետորական հմտությունների զարգացմանն ուղղված եռօրյա դասընթաց, որը կազմակեպել էր «Հարմոնիա» հոգեբանության հանրային զարգացման կենտրոնը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ։

Դասընթացի նպատակն էր նպաստել երիտասարդների հաղորդակցման եւ հանրային խոսքի հմտությունների զարգացմանը: Երեք օր տեւած ինտենսիվ դասընթացի ընթացքում երիտասարդները ծանոթացան հռետորական արվեստի նրբություններին՝ խոսքի զարգացման հնարքներից մինչեւ հուզմունքի ու վախի հաղթահարման մեթոդներ:

Դասընթացն իրականացվում էր շատ ինտերակտիվ, յուրաքանչյուր թեմայի ժամանակ մասնակիցները պրակտիկ վարժությունների միջոցով ամրապնդում էին ստացած գիտելիքները: Մասնակցիցները մեծ ոգեւորությամբ էին լսում բոլոր խոսնակներին, ներկայացնում էին իրենց տեսակետները եւ կարծիքները։

Դասընթացավարները ոչ մի ջանք ու եռանդ չէին խնայում մասնակիցներին հնարավորինս շատ եւ օգտակար գիտելիքներ փոխանցելու համար։ Նրանք կիսվեցին իրենց գիտելիքներով եւ փորձով, որը նույնպես կնպաստի մասնակիցների հմտությունների զարգացմանը։

Դասընթացը անցավ չափազանց դրական մթնոլորտում։ Մասնակիցները մեծ ոգեւորությամբ խոսում էին իրենց ստացած տպավորությունների եւ գիտելիքների մասին։ Դասընթացի վերջում բոլոր մասնակիցները հանդես եկան ելույթներով եւ տեղում ցուցադրեցին այն բոլոր հմտությունները, որոնք ստացել էին դասընթացի շրջանակում: Վերջում էլ խմբային քննարկման միջոցով ամփոփվեցին մասնակիցների ելույթները, մասնակիցները կիսվեցին իրենց տպավորություններով, կարծիքներով, դիտարկումներով: 

Մասնակիցներից մեկի՝ Նունեի կարծիքով՝ դասընթացը չափազանց անհրաժեշտ էր եւ օգտակար. «Ես միշտ խուսափում էի այն վայրերից, որտեղ պետք էր ելույթ ունենալ։ Երբ հայտնվում էի այնպիսի իրավիճակում, որ պետք է ելույթ ունենամ, միանգամից փորձում էի հեռանալ այդտեղից, խուսափում էի նմանատիպ միջոցառումներից։ Այս դասընթացից հետո, ելույթ ունենալու ցանկությունը աննկարագրելի շատ է, ես ցանկանում եմ լինել այնպիսի վայրերում, ուր ելույթ են ունենում։ Շնորհակալ եմ նման հնարավորության համար»:

«Հարմոնիա» ՀՀԶԿ-ի նախագահ, ծրագրի ղեկավար Աշխեն Մկոյանն էլ ծրագիրն ամփոփեց հետեւյալ խոսքերով. «Դասընթացը ունեցավ ավելի մեծ արձագանքներ, քան սպասում էինք, ինչի համար անչափ ուրախ եմ։ Երիտասարդների զարգանալու անհագ ձգտումը եւ ոգեւորությունը տեսնելով՝ կրկին անգամ համոզվեցինք, որ նման ծրագրերը պետք է հաճախակի բնույթ կրեն։ Շնորհավորում եմ մեզ եւ բոլոր մասնակիցներին կայացած ծրագրի համար»: