Նյութը՝ Սփյուռքահայ ուսանողների խորհրդից
Լուսանկարները՝ Սփյուռքահայ ուսանողների խորհրդից
Տեղադրվել է 10-12-2018
Սփյուռքահայ եւ տեղացի երիտասարդները՝ մեկ տանիքի ներքո
Դեկտեմբերի 7-9-ը Աղվերանում տեղի ունեցավ «Սփյուռքահայ եւ տեղացի երիտասարդների երկխոսության կամուրջ» խորագրով ծրագիրը, որին մասնակցում էին տեղացի եւ սփյուռքահայ 30 երիտասարդներ։

Ծրագիրը իրականացնում էր Սփյուռքահայ ուսանողների խորհուրդը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: Ծրագրի նպատակն էր ստեղծել ապահով եւ ջերմ շփման մթնոլորտ սփյուռքահայ եւ տեղացի երիտասարդների միջեւ: Աջակցել սփյուքռահայ երիտասարդների ինտեգրմանը հայաստանյան կյանք: Ծրագրի ղեկավար Սամվել Մկոյանը հանդիպումը սկսեց բացման խոսքով, շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ նշելով, որ իրենց նպատակն է նպաստել տեղացի, ջավախքցի եւ սփույռքահայ երիտասարդների մեջ կապի ամրապնդմանը։ Պաշտոնական բացման արարողությունից հետո տեղի ունեցավ մասնակիցների ծանոթացման եւ թիմի կառուցմանն ուղղված հանդիպում:

Երեք օր տեւած ծրագրի ընթացքում մասնակիցները հասցրեցին քննարկել բազում հարցեր, բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները եւ ձեռք բերել նոր գիտելիքներ եւ հմտություններ:

Ծրագիրը համեմված էր մշակութային էլեմենտներով, երգ ու պարով, իսկ երեկոններն անցնում էին հագեցած հետաքրքրիր քննարկումներով եւ խաղերով:

Մասնակիցները հասցրեցին նաեւ ծանոթանալ միմյանց առանձնահատկություններին՝ խոհանոցային, մշակութային, լեզվական եւ այլն, ապրելավայրի մասին տեղեկություններին եւ փորձի փոխանակում տեղի ունեցավ:

Երեք օր շարունակ սփյուռքահայ եւ տեղացի երիտասարդները հավաքվել էին մեկ տանիքի տակ, մեկ գաղափարի շուրջ, մեկ նպատակի համար:

Մասնակիցներից սիրիահայ Վրեժ Սարգիսի կարծիքով ծրագիրը շատ արդյունավետ էր եւ օգտակար։ Մնացած մասնակիցները նույնպես շնորհակալություն հայտնեցին, նշելով, որ բացի ստացած գիտելիքներից, ձեռք բերեցին հետաքրքիր ընկերներ,  հաճելի եւ օգտակար ժամանակ անցկացրեցին։

Իսկ ծրագիրն ամփոփվեց հավաստագրերի հանձնման արարողությամբ: Բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր, կիսվեցին իրենց տպավորություններով եւ նոր համագործակցությունների հստակ որոշմամբ՝ հրաժեշտ տվեցին միմյանց:

Սամվել Մկոյանը ամփոփելով ծրագիրը՝ ասաց. «Մեծ ոգեւորությամբ ուզում եմ փաստել, որ ծրագիրը ստացվեց: Վստահ ենք եւ ամեն ինչ անելու ենք, որ այս ծրագիրը տասնյակ այլ ծրագրերի եւ համագործակցությունների նոր ալիք կստեղծի»։