Նյութը՝
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 12-12-2018
Աշխատաժողով՝ «Երիտասարդական քաղաքականության գնահատում» թեմայով
Դեկտեմբերի 8-ին Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը «Eval Youth ECA» ռեգիոնալ նախաձեռնության, Մոնիթորինգի եւ գնահատման հայկական ասոցիացիայի հետ կազմակերպել էր աշխատաժողով՝ «Երիտասարդական քաղաքականության գնահատում» թեմայով:
Բացման խոսքով հանդես եկան ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը, «Eval Youth ECA» նախաձեռնության համահիմնադիր Անտոնինա Ռիժկո-Պոռչեսկոն, Մոնիթորինգի եւ գնահատման հայկական ասոցիացիայի ու «Eval Youth ECA»  նախաձեռնության համահիմնադիր Աննա Հարությունյանը, Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի ղեկավար Մարինա Գալստյանը:

Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության,  «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի, Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

Կազմակերպությունների եւ համակարգերի դիզայնի միջազգային խորհրդատու, թրեյներ, ազդեցության, մոնիթորինգի եւ գնահատման մասնագետ, զարգացման նախագծերի փորձագետ Ֆրիյեր Սպերկլին ներկայացրեց մոնիթորինգի եւ գնահատման գործընթացների փուլերը, կառավարման համակարգում միասնական մեխանիզմի ներդրման կարեւորությունը:  

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի ղեկավար Մարինա Գալստյանն էլ ներկայացրեց ՀՀ-ում երիտասարդական քաղաքականության հիմնական դերակատարներին, առկա փաստաթղթերը, «Երիտասարդական քաղաքականության որակի չափանիշներ» ուղեցույցը:  

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանի ելույթը նվիրված էր երիտասարդական պետական քաղաքականության մշակման գործընթացին: 

Ելույթ ունեցան նաեւ Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի խորհրդի անդամ Աննա Եղոյանը, «Eval Youth ECA» նախաձեռնության համահիմնադիր Անտոնինա Ռիժկո-Պոռչեսկոն:  

Հանդիպման ավարտին մասնակիցները հարց ու պատասխանի միջոցով հնարավորություն ունեցան ստացած ինֆորմացիան քննարկելու ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանի հետ: