Նյութը՝ ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորումից
Լուսանկարները՝ ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորումից
Տեղադրվել է 13-12-2018
Երիտասարդ տնտեսագետ հետազոտողները քննարկում են տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցերը
Դեկտեմբերի 6-9-ը ԵՊՀ-ում տեղի է ունեցել «Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցեր-6» խորագրով երիտասարդ գիտնականների 6-րդ միջազգային գիտաժողովը։
Գիտաժողովը համատեղ կազմակերպել են ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորումը, ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետը եւ ֆակուլտետի ՈՒԳԸ-ն։ 
 
ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը բացման խոսքում շեշտեց այդօրինակ ձեռնարկների կարեւորությունն ապագա գիտնականների, դասախոսների ձեւավորման տեսանկյունից: Պրոֆեսորի կարծիքով՝ «Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցեր» խորագրով երիտասարդական գիտաժողովը բռնել է ժամանակի քննությունը եւ կարողացել է ստեղծել գաղափարների քննարկման հարթակ, որտեղ ասելիք ունեցող երիտասարդ հետազոտողներն ինքնադրսեւորվում են: 

ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորման նախագահ Կառլեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ գիտաժողովի ընթացքում քննարկվել են տնտեսագիտությանը վերաբերող տարաբնույթ հարցեր։ Այդ համաժողովի միջոցով փորձել են երիտասարդ մասնագետներին հնարավորություն տալ ներկայացնելու իրենց հետազոտությունները եւ լսելու փորձառու մասնագետների կարծիքները դրանց վերաբերյալ։ 
 
Գիտաժողովին մասնակցել են շուրջ 55 երիտասարդ տնտեսագետներ ինչպես Հայաստանի Հանրապետության բուհերից, այնպես էլ արտասահմանից։ «Գիտաժողովի նպատակներից էր աշխուժացնել գիտական կյանքը եւ ակտիվացնել հատկապես երիտասարդ տնտեսագետներին, որովհետեւ մեր տնտեսությունում առկա բազմաթիվ խնդիրների լուծումը հենց նմանօրինակ հարթակներում առաջարկվող գաղափարներից կարող է ստացվել»,- նշեց Կառլեն Խաչատրյանը՝ ավելացնելով, որ երիտասարդ մասնագետների տնտեսական վերլուծությունները հրատարակվելու են առանձին ժողովածուով եւ հասանելի կլինեն ինչպես պետական քաղաքականություն իրականացնող մարմիններին, այնպես էլ գիտական հանրությանը:

Հավելենք նաեւ, որ արդեն ավանդական դարձած այդ գիտաժողովն իրականացվել է Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակում՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ: