Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Կարեն Այվազյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 13-12-2018
«Ձգտումներ ունենալու դեպքում ամեն ինչի հնարավոր է հասնել». Կարեն Այվազյան
Eritasard.am-ը զրուցել է «Սառնաղբյուրի համայնքային եւ երիտասարդական նախաձեռնությունների ակումբ» ՀԿ-ի նախագահ Կարեն Այվազյանի հետ:
Մեր զրուցակցի գործունեությունն ուղղված է գյուղաբնակ երիտասարդների կարողությունների եւ համայնքի զարգացմանը:  

Մասնագիտությամբ քաղաքագետ է: Ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բակալավրիատը: Ներկայում սովորում է ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի մագիստրատուրայում: Առաջիկայում ուսումը կշարունակի Բելառուսի պետական համալսարանում: 

Կարեն Այվազյանը հաղթող է ճանաչվել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացված «Երիտասարդ-2017» մրցանակաբաշխության «Երիտասարդական աշխատող» անվանակարգում:

- Կարե՛ն, ե՞րբ եք սկսել զբաղվել երիտասարդական աշխատանքով, ինչպիսի՞ իրավիճակում: 
 
- 2005 թ.-ից, երբ 14 տարեկան էի: Ամեն ինչ պատահական ստացվեց. Կրթության զարգացման ակադեմիայի  ներկայացուցիչները մեր համայնքում գործունեություն ծավալեցին՝ իրականացնելով համայնքային երիտասարդական ծրագիր, որի շրջանակում ակումբ բացվեց՝ հագեցած անհրաժեշտ գույքով եւ տեխնիկայով: Ես ընդգրկվեցի այդ ծրագրում, մեկ տարի հետո դարձա ակումբի փոխնախագահ, մի քանի տարի անց՝ նախագահ: Երբ ծրագիրը մոտենում էր ավարտին, պետք է որոշեինք մեր հետագա անելիքները. կա՛մ պետք է դադարեցնեինք մեր գործունեությունը, քանի որ կազմակերպությունը չուներ իրավաբանական կարգավիճակ, կա՛մ ՀԿ հիմնադրեինք: Դեռեւս 2005 թ.-ին ձեւավորված նախնական խմբից, որը սերնդափոխության էր ենթարկվել, մնացել էի ես ու որոշեցի, որ գործունեությունը պետք է շարունակվի: 2014 թ.-ին ստեղծվեց «Սառնաղբյուրի  համայնքային եւ երիտասարդական նախաձեռնությունների ակումբ» ՀԿ-ն: Ինչո՞ւ նման որոշում կայացրի. այն գիտելիքներն ու հմտությունները, որ ստացել էի ինքս, ցանկանում էի փոխանցել այլ երիտասարդների: Գյուղական համայնքների երիտասարդները համարվում են սակավ հնարավորություններ ունեցող, եւ ես՝ որպես նրանցից մեկը, ով կարողացել էր իր համար որոշակի հնարավորություններ ստեղծել, պարտավորված էի ստեղծել այդ հնարավորությունները նաեւ մյուսների համար: 

- Շուրջ 13 տարի Դուք այդ ոլորտում եք: Ձեր կազմակերպության գործունեության արդյունքում ի՞նչ է փոխվել համայնքի երիտասարդության կյանքում: Վստահ եմ՝ փոփոխությունները  շատ են: 
 
- Կազմակերպչական առումով մենք մեծ հնարավորություններ չունենք, բայց, իհարկե, փոփոխություններ արձանագրվել են: Նախ մարդիկ տեղեկացան, թե ինչ է շահույթ չհետապնդող կազմակերպությունը, ծանոթացան տարբեր ծրագրերի, որոնց կարող էին մասնակցել: Ունենք երիտասարդներ, որոնք մասնակցել են կարողությունների զարգացման մեր դասընթացներին եւ այժմ աշխատում են այլ կազմակերպություններում՝ Երեւանում, Գյումրիում եւ այլն: 

Իհարկե, ցավալի է, որ նրանք չմնացին մեր կազմակերպությունում, միեւնույն ժամանակ մենք կարողացանք նրանց ուղղորդել դեպի աշխատաշուկա, մղել մասնագիտական առաջխաղացման եւ դա հաջողություն ենք համարում: Չեմ կարող չնշել, որ մեր կազմակերպությունը շատերի համար հարմարավետության գոտուց դուրս գալու, մասնագիտական եւ անձնական աճի մասին մտածելու խթան է հանդիսացել: 

Համայնքային մակարդակում էլ մենք մեր օրինակով ցույց տվեցինք, որ կարելի է համայնքի զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնել՝ առանց շահույթ հետապնդելու: Նման օրինակներից մեկն աղբամաններ տեղադրելն էր, որոնք երբեւէ գոյություն չեն ունեցել համայնքում: 
 
Մեր ամենահաջողված ծրագրերից մեկը Երիտասարդական կենտրոնի ստեղծումն է: 3 տարի առաջ ԳԴՀ դեսպանության փոքր դրամաշնորհների շրջանակում մենք կարողացանք կիսափլված մշակույթի տան երեք սենյակ վերանորոգել եւ կահավորել: Այնտեղ գործող Երիտասարդական կենտրոնը բաց է բոլոր այն երիտասարդների եւ պատանիների համար, որոնք ցանկանում են ինչ-որ բան անել: Պարբերաբար կազմակերպվում են տարբեր խմբակներ հենց պատանիների կողմից: Եթե որեւէ մեկն ունի որոշակի հմտություններ եւ ցանկանում է դրանք փոխանցել իր հասակակիցներին, առաջարկում է խմբակ կազմակերպել կամ դասընթաց իրականացնել, ապա խումբ է ձեւավորում եւ սկսում պարապմունքները: Դա հասակակիցների կրթությունն է, ինչի արդյունքում նաեւ իր սովորեցնելու, առաջնորդելու հմտություններն են զարգացնում: Մենք լավ նախադեպ ունենք. մեր պատանիներից մեկը մասնակցում էր այդպիսի խմբակի, որոշ ժամանակ անց ինքը խմբակ վարելու հնարավորություն ունեցավ: Վերջերս էլ տեղեկացանք, որ խմբակն օգնել է նրան մասնագիտության ընտրության հարցում: Մենք չենք ուղղորդել, բայց այդ գիտակցմանն ինքնուրույն հասնելու հնարավորություն ենք ընձեռել: 

- Նշեցիք, որ գյուղական համայնքների երիտասարդները համարվում են սակավ հնարավորություններ ունեցող անձինք:  Խնդրում եմ՝ առանձնացրե՛ք գյուղաբնակ երիտասարդների ամենաակնառու խնդիրները: 
 
- Նախ տեղեկացնեմ, որ 2015-2016 թթ.-ին իրականացրել ենք գյուղաբնակ երիտասարդների իրավիճակային վերլուծություն,  որը Հայաստանում առաջինն էր որպես գյուղաբնակ երիտասարդների խնդիրներն ամբողջությամբ արտացոլող աշխատանք: Հետազոտության արդյունքներով փորձեցինք լոբբինգի միջոցով գյուղաբնակ երիտասարդության խնդիրները ներառել երիտասարդական պետական քաղաքականության մեջ: Ինքս ներգրավված եմ եղել ազգային երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության մշակման աշխատանքային խմբում եւ կարծում եմ՝ զեկույցը հնարավորություն տվեց փաստարկված ներկայացնելու, որ գյուղաբնակ երիտասարդությունն ունի բազում խնդիրներ, եւ  դրանցից շատերի լուծումը կախված է պետությունից: 

Ըստ վերլուծության՝ գյուղաբնակ երիտասարդների ամենաակնառու խնդիրներն առնչվում են զբաղվածությանը, ժամանցին, ինքնաիրացման եւ ինքնազարգացման հնարավորությունների պակասին։ 

Անշուշտ, կան նաեւ երկրորդային խնդիրներ, օրինակ՝ տրանսպորտային կապի միջոցների բացակայությունը: Առանձնացրել ենք նաեւ կոնկրետ բնակավայրին հատուկ խնդիրներ, որոնք առկա էին հատկապես սահմանամերձ գյուղերի դեպքում:  

- Վերը նշվածից բացի՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել դրանց լուծման ուղղությամբ: 
 
- Տեղային, ազգային ու նաեւ միջազգային մակարդակում սկսել ենք ավելի մեծ շեշտադրում անել այն ծրագրերի վրա, որոնք բխում են հստակ խնդիրներից: Միջազգային մակարդակում մենք աշխատում ենք երիտասարդների աշխատունակության զարգացման ուղղությամբ, երիտասարդներին ուղարկում ենք արտերկիր՝ մասնակցելու աշխատանքի հմտությունների վերաբերյալ դասընթացների: Նմանօրինակ դասընթացներ նաեւ Հայաստանում ենք կազմակերպում՝ հյուրընկալելով տարբեր երկրների ներկայացուցիչների: Ազգային մակարդակում պարբերաբար այնպիսի դասընթացներ ենք իրականացնում, որոնց ընթացքում երիտասարդները ծրագրեր մշակելու հմտություններ են ձեռք բերում: Փորձում ենք նրանց ուղղորդել դեպի համայնքներ, որտեղ փոքր նախաձեռնություններ կիրականացնեն՝ օգտագործելով տեղի ռեսուրսները: 

- Խոսենք ոչ միայն գյուղաբնակ, այլեւ առհասարակ երիտասարդության խնդիրների մասին: Հատկապես ի՞նչ պետք է փոխել: 
 
- Ես կառանձնացնեի ինքնաիրացման, ինքնակազմակերպման եւ ինքնակատարելագործման խնդիրները: Շատ երիտասարդներ չեն կարողանում ճիշտ կազմակերպել իրենց կյանքը եւ գտնել այն ուղին, որն իրականում անհրաժեշտ է իրենց: Նրանք ավելի շատ ուղղորդվում են հասարակության սպասելիքներով կամ ընտանիքի անդամների դրդմամբ: Ապա գալիս է մի պահ, երբ հասկանում են (կամ գուցե չեն հասկանում), որ դա այն չէ, ինչ իրենց պետք է: Հաջորդը մտածելակերպի խնդիրն է: Շատերն իրենց պատկերացնում են մի ոլորտում, քանի որ մանկուց իրենց ասել են, որ պետք է հենց դա ընտրեն: Սակայն փորձը ցույց է տալիս, որ այդ մարդիկ ի վերջո բախվում են պատնեշի ու հասկանում, որ ընտրությունը սխալ էր: Ոմանց շրջանում բացակայում են քննադատական մտածելակերպը, տարբեր իրավիճակներից դուրս գալու հմտությունը: Եվ իհարկե զբաղվածության խնդիրն է արդիական, որի լուծումը պիտի տրվի պետական մակարդակով: 

- Հետաքրքիր է՝ ոլորտից դուրս ի՞նչ նախասիրություններ ունեք: 

- Սիրում եմ ինչ-որ բաներ ստեղծել: Երբ ազատ ժամանակ եմ ունենում, փորձում եմ օգտագործել իմ ստեղծարար միտքը եւ որեւէ նոր բան ստեղծել, ինչը կօգտագործեմ աշխատանքում: Սիրում եմ զբաղվել մտավոր աշխատանքով: Հակառակ դեպքում՝ ձանձրանում եմ: Ինձ համար ցանկացած աշխատանք սկսելու կարեւոր պայմանն այն է, որ պարտադիր ինչ-որ բան սովորեմ, այլապես ես իմ տեղում չեմ:  

Սիրում եմ ճանապարհորդել: Դա առաջին հերթին տարբեր տեսանկյուններից ինքդ քեզ բացահայտելու հնարավորություն է ընձեռում. մշակութային բազմազանությունը, պատմությունը, տարբեր մարդկանց հետ ծանոթությունները փոխում են աշխարհայացքը, մտահորիզոնը: Պատահական չէ, որ ձգտում եմ գյուղաբնակ երիտասարդներին հնարավորինս շատ միջազգային փոխանակման ծրագրերի մասնակից դարձնել: 

Հատկապես այս տարի շատ եմ ճանապարհորդել: Ճանապարհորդությունների մասին հաճախ եմ պատմում երիտասարդներին՝ նրանց հավաստիացնելով, որ հնարավոր է գյուղում ծնվել, մեծանալ, սովորել, հետ գնալ գյուղ եւ լինել տարբեր երկրներում: Դրա համար պարտադիր չէ մեծ գումար ունենալ: Ցանկություն եւ ձգտումներ ունենալու դեպքում ամեն ինչի հնարավոր է հասնել: