Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 15-12-2018
Տեղի ունեցավ Ալեքսեյ Շորի ստեղծագործության համաշխարհային պրեմիերան
Նոյեմբերի 12-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչեցին ազգությամբ մալթացի կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի ստեղծագործություններից:

Ալեքսեյ Շորը Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եւ «Սալոմե» կամերային նվագախմբի ռեզիդենտ-կոմպոզիտորն է: 

«Ստեղծագործություններն ընտրել է նվագախումբը՝ ըստ նախասիրության: Կհնչեն դաշնամուրի, թավջութակի կոնցերտները, կլարնետի վերդիանան: Եթե չեմ սխալվում, նշված ստեղծագործություններից նվագախումբը չի կատարել միայն թավջութակի կոնցերտը: Եվ իհարկե տեղի կունենա նաեւ ջութակի կոնցերտի համաշխարհային պրեմիերան: Ստեղծագործությունը 2 ամիս առաջ եմ գրել, սա առաջին ներկայացումն է,- տեղեկացրեց կոմպոզիտորը եւ հավելեց,-իհարկե, ինչպես միշտ, պրեմիերայի հետ կապված որոշակի հուզմունք, սպասումներ ունեմ։ Դրանից բացի՝ հետաքրքիր է՝ այն ինչպես է հնչելու. գուցե անհրաժեշտ լինի ինչ-որ բան փոխել»: 

Խոսելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության մասին՝ Ալեքսեյ Շորն ասաց. «Մի քանի տարի առաջ ես ծանոթացա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ: Այդպես սկսվեց մեր համագործակցությունը: Այժմ ես նաեւ նվագախմբի ռեզիդենտ-կոմպոզիտորն եմ եւ կձգտեմ ավելի հաճախ լինել Հայաստանում: Նվագախումբը հրաշալի ելույթներ է ունենում, Սերգեյ Սմբատյանը գերազանց դիրիժոր է, եւ ես երջանիկ եմ մեր համագործակցությամբ»:  

Համերգի առաջին մասում նվագախումբը Մոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի մենակատար, միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Ֆիլիպ Կոպաչեւսկու հետ ներկայացրեց «Ճանապարհորդության նոթատետր» դաշնամուրի եւ նվագախմբի համար գրված կոնցերտը: 

Այնուհետեւ տեղի ունեցավ «Ուրվականներ» ջութակի կոնցերտի համաշխարհային պրեմիերան՝ Մոսկվայի ֆիլհարմոնիկ միության մենակատար, ջութակահար Հայկ Կազազյանի կատարմամբ: 

Ջութակահարը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ կոնցերտը բաղկացած է 3 պիեսներից. «Երրորդ պիեսն արդեն հնչել է, նաեւ՝ իմ կատարմամբ, իսկ առաջին եւ երկրորդ պիեսները կներկայացվեն առաջին անգամ: Ինչպես Ալեքսեյ Շորի մյուս ստեղծագործությունները, որոնք ես կատարել կամ ունկնդրել եմ, այս մեկը եւս լուսավոր, պարզ, հաճելի երաժշտություն է: Ստեղծագործությունը կոչվում է «Ուրվականներ», բայց ինչպես կոմպոզիտորն է բնութագրել, խոսքը  բարի ուրվականների մասին է: Առաջին պիեսը «Գրավչությունների պարն» է, երկրորդն էլեգիա է՝ փոքր-ինչ տխուր, մելոդիկ: Երրորդ պիեսը կոչվում է «Բազեի թռիչքը»: Այն սկսվում է նվագախմբի հետ նախաբանով, կա նաեւ տանգոյի հատված: Առհասարակ, այդ պիեսում շատ են ջութակի համար տեխնիկապես դժվար, վիրտուոզ անցումները»:  

Ալեքսեյ Շորի ստեղծագործություններից Հայկ Կազազյանն առաջին անգամ այս տարի Իտալիայում կատարել է «Ծովային պատկերները»:  

Համերգի 2-րդ մասում հնչեցին եւս 2 ստեղծագործություններ՝ «Երաժշտական ուխտագնացություն» թավջութակի կոնցերտը, մենակատար՝ «Աստղային սերունդ» ծրագրի գեղարվեստական ղեկավար, թավջութակահար Բորիս Անդրիանովի կատարմամբ, ինչպես նաեւ կլարնետի եւ նվագախմբի համար գրված վերդիանան՝ Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր կլարնետահար Բորիս Ալահվերդյանի կատարմամբ: 

Նշենք, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը վերջերս է վերադարձել Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի 50-ամյա հոբելյանին նվիրված միջազգային մեծ շրջագայությունից: Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները ներկայացնող համերգը շրջագայությունից հետո առաջինն էր մաեստրո Սմբատյանի ղեկավարությամբ:  

Համերգաշարի ընթացքում Սերգեյ Սմբատյանը ելույթ է ունեցել Նյու Յորքի հռչակավար «Քարնեգի հոլում», որը, ի դեպ, նրա երկրորդ բեմելն էր այդ համերգասրահում, Մոսկվայի պետական կոնսերվատորիայի մեծ դահլիճում եւ Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում: 

«Մեծ համերգային շրջագայություն էր Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Համերգներ եղան ԱՄՆ-ում, ՌԴ-ում, որոնք պատմական էին»,- համերգաշարն այսպես բնորոշեց Սերգեյ Սմբատյանը: 

Նա տեղեկացրեց, որ շրջագայության ընթացքում ներկայացրել են մալթացի կոմպոզիտորներ Ալեքսեյ Շորի, Յոզեֆ Վելլայի, ռուս կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչի ստեղծագործություններից: 

Պատկերասրահ՝ «Ուրվականներ» ջութակի կոնցերտի համաշխարհային պրեմիերան