Նյութը՝ Վլադ Մուրադյանից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 15-12-2018
Ներսես Ավետիսյան․ «Եվ սարսափներն ինձ հետապնդում էին․․․»
«Մեր ծնողների սիրած կինոն», որը եթեր է հեռարձակվում «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ, բավականին մեծ լսարան ունի։ Կարճ ժամանակահատվածում այն սիրվել է հեռուստադիտողի կողմից։ Հաղորդման ձեւաչափի եւ այլնի մասին պատմում է հեռուստահաղորդավար Ներսես Ավետիսյանը։

 «Մեր ծնողների սիրած կինոն» ․․․

«Մեր ծնողների սիրած կինոն» հաղորդաշարը ստեղծվեց կարոտից ու հիշողություններից: Բացատրեմ՝ ինչու: Հաղորդման հեղինակները մեծահասակներ են, մարդիկ, ովքեր ապրել են խորհրդային երկրում, համարյա թե անգիր գիտեն համաշխարհային կինոն, անխտիր բոլոր դերասաններին ու ռեժիսորներին: Նրանք գիտեն, թե որ ֆիլմը որ թվին է նկարահանվել, ինչպես է նկարահանվել: Նրանք համոզված են, որ այդ ֆիլմերին կարոտով է սպասում հանդիսատեսը․ դրանք նրանց հիշողությունն են՝ ջահել օրերի հիշողությունը: Մի խոսքով, դա այն կինոն է, որ ստվերում թողնել չէր կարելի: Անհրաժեշտ էր, որ ներկա սերունդը ճանաչի համաշխարհային մեծության աստղերին, դիտի այն կինոնկարները, որոնք բարձրարժեք են ու ոսկե ֆոնդի գոհարներ են: Ահա հենց այդ ցանկությամբ էլ իմ հարգելի մեծահասակները որոշեցին հին կինոն բերել նոր ժամանակներ: Հաղորդաշարը կոչվեց «Մեր ծնողների սիրած կինոն», իսկ ես դարձա հին ու նոր սերունդներին կապող օղակը, միջնորդը:  

Կադրից դուրս․․․

Ըստ էության, նրանք իրոք կադրից դուրս են, բայց առանց նրանց ամբողջ «Արմնյուզը» պատկերացնել չի լինի: Եվ հենց նմանօրինակ հաղորդաշար ունենալու որոշումն էլ նրանցն է:  Իմ անփոխարինելի խորհրդատուներն են «Արմնյուզի» տնօրեն Հրաչ Քեշիշյանը եւ  ծրագրերի տնօրեն Գայանե Մանուկյանը: Հաղորդաշարի սցենարիստն է Հրանուշ Կարապետյանը, ռեժիսորը` Հրայր Մեհրաբյանը, իսկ մոնտաժային աշխատանքները կատարում է Լեւոն Կոստանդյանը:

Կինոման եմ․․․

Կդժվարանամ հիշել մեկ օր՝ առանց կինո նայելու։ Եթե անգամ շատ հոգնած եմ լինում, միեւնույնն է, նոր ֆիլմ դիտելու պահանջ ունեմ․․․ Պատահում է, որ գերծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկը հիշեցնում է իր մասին, ու ես ֆիլմի կեսից քնում եմ․․․  



Ամենաբարդ հարցը, թե որ ֆիլմն եմ ամենից շատ սիրում եւ ինչու․․․

Երբ սովորում էի Երգի պետական թատրոնում, ինձ համար բացահայտեցի երաժշտական ֆիլմերը, ու դրանք ինձ ամենաշատն էին դուր գալիս։ 

Այսօր ավելի շատ սիրում եմ դիտել հոգեվերլուծական մելոդրամաներ։ Տանել չեմ կարողանում սարսափ ժանրը․ այդ ֆիլմերի հերոսները, կարծես, հետապնդում էին ինձ․․․ Ուստի խուսափում եմ այդ ժանրի ֆիլմեր դիտելուց։ 

Բոլոր ֆիլմերից առանձնացնում եմ Ջուլի Բերտուչելիի «Ծառը» ֆիլմը՝ Շառլոտա Գենսբուրի գլխավոր դերակատարությամբ, եւ նա իմ ամենասիրելի դերասանուհիներից է, թեեւ կուռքեր չունեմ, եւ իմ կյանքում շատ բան փոխվեց, երբ նրան կինոյում տեսա։ 

Այդ ասպարեզում բարդ է չսայթաքելը

Կինոյում նկարվելու առաջարկներ եղել են, բայց, իմ կարծիքով, մի քիչ բարդ է այդ ասպարեզում չսայթաքելը․ օրինակ՝ եթե որեւէ հեռուստանախագծի սիրված կերպարներից ես լինում, քեզ շարունակ այդ կերպարով են մարդիկ հիշում, ու հետո քեզ շատ դժվար է լինում «ազատվել» այդ կերպարից ու պիտակավորումից։ Չգիտեմ, ես ունեմ այդ մտավախությունը։ Արդյունքում այնպես է ստացվել, որ ես նկարվել եմ ինչ-որ ուսանողական ֆիլմերում, ունեմ մեկ համագործակցություն Հրաչ Քեշիշյանի հետ՝ «Եղնիկների կածանը» բազմասերիանոց հեռուստաֆիլմի շրջանակում։ Այս տարվա գարնանը ռուսական կինոընկերություններից մեկը Հայաստանում նկարում էր բավականին հետաքրքիր ֆիլմ, որտեղ ստացա գլխավոր դերակատարի առաջարկ։ Խոսքը «Ես կվերադառնամ» ֆիլմի մասին է, որի պրեմիերան նախատեսված է 2019-ի գարնանը։ 

Նա ամբողջովին մերկ էր բեմում․․․

Բրիտանական թատրոններից մեկում դերասան Դենիել Ռեդքլիֆն ամբողջովին մերկ էր դուրս եկել բեմ, ու մենք ընկերներով քննարկում էինք դա, թե ինչ լուրջ ենթակետեր պետք է հաղթահարես, որ կարողանաս հանդիսատեսի առջեւ ներկայանաս լիովին մերկ։ Չգիտեմ, ես դժվարանում եմ ասել, թե ինչ չեմ անի նկարահանման հրապարակում՝ որպես դերասան (Ներսեսը՝ որպես հրավիրյալ դերասան, աշխատում է Հ․ Թումանյանի անվան տիկնիկային եւ Գյումրու Վ․ Աճեմյանի անվան թատրոններում)։  

Առաջարկված որոշ հեռուստանախագծերից հրաժարվել եմ, բայց ոչ այն պատճառով, որ կերպարի որեւէ բնավորության գիծ կամ ուղղվածությունն ինձ դուր չի եկել։ Կրկնվեմ․ պարզապես հաշվի եմ առել հայ հանդիսատեսի բծախնդիր լինելն ու չեմ ցանկացել, որ ինձ այդպիսին հիշեն։ Հուսանք, որ մի օր այդ կարծրատիպերը կկոտրվեն, եւ դերասանները ստիպված չեն լինի զուտ գումարի համար նկարվել իրենց համար ոչ հետաքրքիր նախագծերում։ 



Իմ նոր հեռուստակերպարը․․․


«Արմնյուզի» «Առաջին ծրագրի» տաղավարը, անշուշտ, կարոտում եմ։ Հատկապես կարոտում եմ գործընկերներիս, առավոտյան թարմությունն ու այն զգացողությունը, որ օրդ սկսում ես հեռուստադիտողի հետ։ Թեեւ շուտ արթնանալ չեմ սիրում, եւ դա ինձ համար լրջագույն խնդիր է։ «Առաջին ծրագրի» ընթացքում դու չունես այլ հնարավորություն․ ուզես-չուզես, պետք է շուտ արթնանաս ու հավուր պատշաճի ներկայանաս եթերին։  

«Առաջին ծրագրում» աշխատելը շատ մեծ աշխատանքային փորձ էր ինձ համար։ Հատկապես ուղիղ եթերում աշխատելը քեզ ստիպում է, որ ուղեղդ առավելագույն աշխատի, եւ դու ոչնչից ապահովագրված չես․ այդտեղ ամեն ինչ կարող է պատահել։  Ցանկացած պահի դու պետք է կարողանաս, ինչպես ասում են, տակից դուրս գալ, ու երբեք չես կարող կանխատեսել, թե ինչ կգա գլխիդ։ Միշտ լարված ես աշխատում, բայց այն մեծ փորձառություն է տալիս քեզ։ 

«Մեր ծնողների սիրած կինոն» հեռուստանախագծում հեռուստակերպարի փոփոխություն, ինչպես նկատել եք, որոշ չափով տեղի ունեցավ․ այդտեղ ավելի քիչ եմ ծիծաղում կադրում, իսկ եթե կատակը թողնենք մի կողմ, ապա յուրաքանչյուր նախագիծ իր կանոններն ունի։ Այդ հեռուստանախագիծը պահանջում է դասական ոճ, ինչն էլ փորձեցինք ստանալ։ «Մտացրիվ», «Առաջին ծրագիր», «Մեր ծնողների սիրած կինոն», «Երեկոյան Երեւան» նախագծերը տարբեր ձեւաչափեր են, որոնցում ես փորձում եմ ունենալ իմ ձեռագիրը։ 

Ֆիլմ նկարել չեմ պատրաստվում

Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտում ընտրել եմ կինոռեժիսորի մասնագիտությունը։ Ընտրությունս այդ մասնագիտության հանդեպ կանգ առավ զուտ որոշ հետաքրքիր առարկաներ անցնելու նպատակով եւ ոչ միայն։ Բանն այն է, որ այդ առարկաները չկային դերասանական ֆակուլտետում եւ այլն։ 

Մասնագիտությամբ կինոռեժիսոր եմ, բայց ֆիլմ նկարել չեմ պատրաստվում, թեեւ իմ մտքում կա մի պատմություն, որ միշտ մտածել եմ, եթե նկարեմ ֆիլմ, հաստատ այդ պատմությունը կլինի սյուժեի հիմքում։ Առայժմ այդ պատմությունը կմնա ինձ հետ․․․ Ու դժվար թե մեկին այն պատմեմ․․․