Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Տարոն Աթոյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 16-12-2018
Տարոն Աթոյան. «Նկարները ծնվում են՝ կախված հոգեվիճակից»
Eritasad.am-ն իր «Հաջողության գրավականը» խորագրի ներքո շարունակում է ընթերցողներին ներկայացնել հայ տաղանդավոր երիտասարդներին, որոնք մասնագիտական բազմաթիվ հաջողություններ են գրանցել թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Այս անգամ «Հաջողության գրավականը» խորագրում իր մասին է պատմում երիտասարդ նկարիչ, 25-ամյա Տարոն Աթոյանը:

Մասնագիտության ընտրության հստակ որոշում…

Դեռ փոքր տարիքից մեծ հետաքրքրություն եմ ունեցել արվեստի հանդեպ, հատկապես՝ նկարչության: Ծնողներս, նկատելով  իմ տաղանդն ու ստեղծագործելու ունակությունները, որոշեցին ինձ նկարչական խմբակ ընդունել: 

4-րդ դասարանից արդեն սկսեցի պարապմունքներս տարբեր վարպետների մոտ: Երբ դպրոցն ավարտում էի, արդեն հստակ գիտեի, որ ցանկանում եմ հենց նկարչությամբ զբաղվել, ուստի որոշեցի ընդունվել Վանաձորի Մանկավարժական համալսարան: Անկեղծ ասած, նկարչությունից զատ` հետաքրքրություն ունեի նաեւ ճարտարապետության հանդեպ եւ անգամ մտածում էի, որ գուցե ճարտարապետ դառնամ: Ի վերջո, որոշեցի ընտրել նկարչի մասնագիտությունը: 



Ոգեշնչման աղբյուրն ու նկարները նվիրելու սովորությունը…

Ոգեշնչվում եմ ավելի շատ եղանակից, որը տրամադրություն է ստեղծում, երբեմն նաեւ մարդիկ են ոգեշնչում: Չեմ սիրում ստեղծագործել, երբ աղմուկ կա կամ երաժշտություն: Սիրում եմ լռություն եւ կարծում եմ՝ հենց լռության մեջ կարելի է ստեղծել այն, ինչ կա մտքումդ: Յուրաքանչյուր նկար ծնվում է՝ կախված հոգեվիճակից:

Նկարելիս հիմնականում յուղամատիտներ եմ օգտագործում, երբեմն՝ ջրաներկ: Զարմանալի է, սակայն նկարներիցս ոչ մեկը չեմ վաճառել, հիմնականում նվիրել եմ: 



Նկարչությունից անցում քարերի հետ աշխատանքին (գերեզմանաքարեր)…

Արդեն 3-4 տարի է, ինչ աշխատանքս կապված է քարերի հետ, իսկ ավելի կոնկրետ՝ գերեզմանաքարերի: Շատերի համար տարօրինակ աշխատանք է, սակայն դա էլ արվեստ է, որն ունի իր բարդություններն  ու նրբությունները: Քարի հետ աշխատելը բավականին բարդ է, բացի դրանից՝ կախված է նաեւ պատվերից: Ես սովորաբար աշխատանքս ամենաուշը 3 օրում ավարտում եմ: 

Ունեմ նաեւ տուֆի վրա փորագրած խաչքար: Սակայն խաչքարը բավականին ժամանակատար է, պահանջում է մանրակրկիտ աշխատանք:  



Շրջապատի արձագանքները…

Իհարկե, սկզբում շրջապատիս վերաբերմունքը գործիս հանդեպ անսովոր էր, եւ դա բնական է, քանի որ երիտասարդ ես ու սկսում ես զբաղվել գերեզմանաքարերով: Սակայն դա եւս ժամանակի հարց էր: Մարդիկ արդեն սովորել են ինձ այդ գործընթացում տեսնել, իսկ ամենակարեւորըն այն է, որ շատ հաճելի է, երբ աշխատանքդ գնահատվում է: Անկեղծ կլինեմ՝ հաճույք չեմ ստանում, բայց սիրով եմ անում գործս: Կարծում եմ, որ ցանկացած ոլորտում մարդ պետք է սիրով եւ նվիրվածությամբ կատարի իր աշխատանքը, որպեսզի ունենա լավ արդյունք: 



Երաժշտություն, սպորտ, հոբբի…

Ինչ կապված է արվեստի հետ, բնականաբար, ինձ անտարբեր չի թողնում: Երաժշտությունը եւս բացառություն չէ: Սիրում եմ թավջութակ եւ ջութակ: Անտարբեր չեմ նաեւ սպորտի հանդեպ: Սիրում եմ թենիս, եւ իհարկե առանց էքստրիմի եւ ադրենալինի հնարավոր չէ պատկերացնել կյանքը. շատ եմ սիրում մեքենաներով սարեր հաղթահարելը: Դա լրիվ այլ հաճույք է: 



Ապագա պլանները…

Նպատակներն ու պլանները շատ են: Առաջնային ուզում եմ քարերի խանութ բացել, որը գուցե կոչեմ հենց «Քարերի աշխարհ»: Ինչ կապված է արտերկրի հետ, ապա ցանկություն կա Ֆրանսիա՝ Փարիզ գնալու: Ցանկություն կա աշխատանքներն արտերկրում՝ մասնավորապես Փարիզում ներկայացնելու: Ցուցահանդեսների կամ մրցույթների երբեւէ չեմ մասնակցել Հայաստանում․ ցանկություն չի եղել: 

Գնահատված լինելու կարեւորությունը…

Շատ կուզեմ, որ բոլոր երիտասարդները նկատվեն եւ գնահատվեն: Գնահատվելը քեզ ոգեշնչում է ավելին անելու, ուստի շատ կուզեմ, որ ուշադրությունը սեւեռվի նաեւ դեպի մարզեր: Մարզերում շատ մեծ ներուժով երիտասարդներ կան: Աշխատանքի չգնահատվելու պատճառով է, որ իմ տարիքի եւ ավելի երիտասարդ արվեստագետները լքում են երկիրը: Շատ լավ կլինի, որ երիտասարդների կատարած աշխատանքները տեսանելի լինեն: 



Հաջողության գրավականը

Աշխատասիրություն… Իսկ եթե ավելի լայն իմաստով ասեմ, ապա կարծում եմ, որ հաջողության հասնելու համար կարեւոր է նաեւ տաղանդը՝ ստեղծելու եւ ստեղծագործելու ունակությունը: