Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 16-12-2018
Հայաստանում մեկնարկեց «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը
Դեկտեմբերի 15-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Հայաստանում «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի պաշտոնական մեկնարկին։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանը, Հայաստանում եվրոպական մի շարք երկրների դեսպաններ, ԵՄ պատվիրակության, դեսպանությունների եւ  հյուպատոսությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

««Ստեղծագործ Եվրոպան» ԵՄ-ի մշակույթի աջակցության ամենամեծ դրամաշնորհային ծրագիրն է, որը գործում է դեռեւս 1994 թ.-ից: Ի սկզբանե ծրագրի նպատակն էր աջակցել Եվրոպայի կինոարտադրությանը: Հետագայում ընդլայնվել է՝ ներառելով մշակույթի բոլոր ճյուղերը: Հայաստանի Հանրապետությունը տարիներ շարունակ բանակցությունների մեջ է եղել ԵՄ-ի հետ, եւ միայն այս տարի կարողացանք երկար աշխատանքից հետո անդամակցել «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին»,- տեղեկացրեց «Ստեղծագործ Եվրոպա»  հայաստանյան գրասենյակի ղեկավար Սեդա Գրիգորյանը: 

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը բաղկացած է 2 խոշոր ենթածրագրերից՝ «Մշակույթ» եւ «Մեդիա»: 

Սեդա Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանը պաշտոնապես միացել է միայն «Մշակույթ» ենթածրագրին, որը ներառում է  մշակույթի եւ արվեստի բոլոր  ճյուղերը՝ բացառությամբ կինոյի. «Մենք նպատակ ունենք եւ աշխատում ենք այն ուղղությամբ,  որպեսզի հետագայում միանանք նաեւ «Մեդիա»  ենթածրագրին»: 

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը եվրոպական մշակութային կազմակերպությունների հետ դրամաշնորհներ ստանալու եւ ծրագրեր իրականացնելու հնարավորություն է տալիս: 

Մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանը, անդրադառնալով ծրագրին, շեշտեց, որ «Մշակույթ»  ենթածրագիրը հայաստանյան մշակութային եւ ստեղծարար ոլորտի կազմակերպություններին նույն ոլորտի մի շարք այլ կազմակերպությունների հետ համագործակցելու  հնարավորություն է տալիս, խթանում շփումները մշակութային գործիչների միջեւ եւ տրամադրում դրամաշնորհային ծրագրեր գրականության, թատրոնի, ճարտարապետության,  կերպարվեստի, երաժշտարվեստի եւ այլ ոլորտներում: 

Սլովենիայի «Ստեղծագործ Եվրոպա» գրասենյակի «Մշակույթ» ենթածրագրի ղեկավար Մատեյա Լազարը ներկայացրեց  ծրագրի շրջանակում վերջին տարիներին աննախադեպ բարձր ցուցանիշներ արձանագրող իրենց գրասենյակի գործունեությունը:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան «Շողակն» անսամբլը, Իջեւանի «Ավանդույթ» երաժշտական դպրոցի, «Աստղիկներ» մշակութային կենտրոնի սաները, «Տիեզերք» բենդը եւ Հասմիկ Դոլուխանյանը։

Պատկերասրահ՝ Մեկնարկեց «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը