Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 17-12-2018
Երիտասարդական աշխատողի՝ նորեկների հետ աշխատանքի ուղեցույցն արդեն պատրաստ է
Համաշխարհային համահայկական երիտասարդական ոստայն կազմակերպությունը ի մի է բերել հնարավոր լավագույն փորձը՝ մշակելով նոր ուղեցույց երիտասարդական աշխատողների համար։

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսական օժանդակությամբ Համաշխարհային համահայկական երիտասարդական ոստայնին հաջողվեց ավարտին հասցնել «Երկրորդ կանգառ՝ արդյունավետ ներգրավման համար» ծրագիրը։ 2018 թ.-ի երիտասարդական մայրաքաղաք Իջեւանում կազմակերպվեց ծրագրի ամփոփիչ հանդիպումը, որին մասնակցեցին հայրենիքի ու Սփյուռքի 15 երիտասարդ:

Մի քանի գործողություններից բաղկացած միջազգային ծրագրի առաջնահեթ նպատակներից մեկը լավագույն պայմանների ստեղծումն էր երիտասարդական աշխատողների համար նորեկների հետ աշխատելիս։ Հայաստանի երիտասարդական մայրաքաղաքում մասնակիցների շնորհիվ լիարժեք ու վերջնական տեսքի բերվեց նորեկներին երիտասարդության ոլորտ ներգրավելու խիստ արդի մեթոդաբանական ուղեցույցը, որը հրապարակվեց կազմակերպության պաշտոնական կայքում:

«Ծրագրի արդյունքում մշակված նորեկների ներգրավման մեթոդական ուղեցույցը ներկայացվել է համապատասխան կառույցներին, երիտասարդական ու միջազգային կազմակերպություններին, Սփյուռքի նախարարության միջոցով՝ նաեւ հայկական համայնքներին: Այն տեղադրել ենք «ՈՍՏԱՅՆ»-ի կայքում ու տարածելու ենք սոցիալական ցանցերով: Ուսուցողական նյութերը եւ հրապարակված ուղեցույցը, ստացած գիտելիքներն ու հմտությունները ծրագրին մասնակից երիտասարդական աշխատողները օգտագործելու են արդեն տեղում՝ նոր դասընթացների կազմակերպման, ինչպես նաեւ երիտասարդներին համայնքային հասարակական կյանք ներգրավելու համար»,- նշեց Համաշխարհային համահայկական երիտասարդական ոստայն կազմակերպության նախագահ Ատոմ Մխիթարյանը։ Վերջինս հավելեց նաեւ, որ նախատեսում են մշակել մեխանիզմ՝ հաշվարկելու հայկական համայնքներում ներգրավվող նորեկ-երիտասարդների թիվը. այն հավաքվելու ու համակարգվելու է «ՈՍՏԱՅՆ»-ի քարտուղարության կողմից:

​«ՈՍՏԱՅՆ»-ի գլխավոր քարտուղար Դիանա Եղիազարյանը, ով «Երկրորդ կանգառ՝ արդյունավետ ներգրավման համար» ուղեցույցի հեղինակն է, նշեց, որ բավականին արհեստավարժ եւ ոլորտում փորձառու խմբագրակազմ էր ձեւավորվել ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից. «Թիմը շատ կարեւոր է նմանատիպ երկարաժամկետ ծրագրերի իրականացման համար։ Մեր թիմը վստահ է, որ այս ուղեցույցը մշտապես կլինի երիտասարդական աշխատողի համակարգչի էկրանին, քանի որ այն հետաքրքիր նորարարություն ունի։ Ուղեցույցը ներառում է բազում՝ արդեն իսկ զտված ռեսուրսներ եւ պատրաստ օգտագործման գործիքներ սոցիալական ներգրավման վերաբերյալ»։

«Նախատեսում ենք մշակված ուղեցույցի հիման վրա ստեղծել ինտերնետային հարթակ՝ երիտասարդական աշխատողներին առավել հասանելի դարձնելու նորեկներին երիտասարդության ոլորտ ներգրավելու մեթոդներն ու ձեւերը: Արդեն ստանում ենք առաջարկություններ՝ ուղեցույցը մի քանի լեզվով թարգմանելու, որպեսզի մեծանա հասանելիությունը, օգտագործման շրջանակը»,- ընդգծեց «ՈՍՏԱՅՆ»-ի նախագահ Ատոմ Մխիթարյանը:

«Երկրորդ կանգառ՝ արդյունավետ ներգրավման համար» ծրագրի մասնակիցները նաեւ հանդիպումներ ունեցան Իջեւանի քաղաքային ակտիվ կառույցների ներկայացուցիչների, այդ թվում՝ քաղաքապետարանի աշխատակից Տաթեւիկ Նազինյանի հետ։ Քննարկում ծավալվեց նաեւ «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղի եւ Տավուշի տուրիզմի զարգացման եւ հետազոտության կենտրոնի ներկայացուցիչների հետ։