Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 15-12-2018
Թավշյա հեղափոխությունը՝ երիտասարդական համաժողովի քննարկման կենտրոնում
«Երիտասարդության դերը Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխության մեջ» թեման Երիտասարդական ակումբների դաշնության 7-րդ համաժողովի առանցքն էր։

Հայաստանի ամենամեծ երիտասարդական կառույցը՝ Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA), օրերս կազմակերպել էր 7-րդ համաժողովը՝ ընդգրկելով ինչպես մայրաքաղաք Երեւանում, այնպես էլ ՀՀ մարզերում ակտիվ գործունեություն իրականացնող ակումբների երիտասարդներին։ Համաժողովի շրջանակում նաեւ հետաքրքիր հանդիպում-քննարկում էր կազմակերպվել 2018 թ.-ի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Իջեւանում, որին մասնակցեցին մեծաթիվ երիտասարդներ։ Քննարկման թեման խիստ արդիական էր եւ ընդգրկող՝ «Երիտասարդության դերը Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխության մեջ»:

Հանդիպում-քննարկումը համախմբել էր ակտիվ երիտասարդների թե՛ Իջեւանից եւ թե՛ հարակից գյուղերից։ Իջեւանի մշակույթի տանը մթնոլորտը բավականին ակտիվ էր, արդյունքում՝ քննարկման ժամանակ երիտասարդները ներկայացրին իրենց տեսլականը եւ հետագա անելիքները:

«Խորհրդանշական է, որ այս անգամ համաժողովը նվիրված էր հայկական «Թավշյա հեղափոխությանը»: Համաժողովին մասնակցած երիտասարդական ակումբների ներկայացուցիչները, ինչպես նաեւ տեղի երիտասարդներն անչափ ոգեւորված էին հեղափոխության ձեռքբերումներով ու պատրաստակամ էին սեփական գիտելիքները եւ փորձը ներդնել հայրենի երկրի զարգացման գործում»,- ասաց Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը: Նա ընդգծեց այն փաստը, որ երիտասարդները իրենց նախաձեռնությամբ տեղում կազմեցին նաեւ խմբեր, մշակեցին զարգացման ծրագրեր, որոնք կիրականացնեն իրենց համայնքներում:

Համաժողովի ժամանակ Երիտասարդական ակումբների դաշնության ակտիվ անդամները տեղի երիտասարդությանը նաեւ ներկայացրին կառույցը եւ վերջինիս ծավալած գործունեությունը, քննարկեցին առկա հնարավորությունները եւ իրականացվող ծրագրերը։ Երիտասարդները խրախուսեցին նաեւ Իջեւանի եւ հարակից գյուղերի հասակակիցների ընդգրկումը կառույցի հետագա գործունեության մեջ:

«Մարզային ակտիվ երիտասարդներն առաջնահերթ կարգով առաջիկայում կներգրավվեն արտերկրում իրականացվելիք միջազգային ծրագրերում` նպաստելով մեր համաժողովի արդյունքների տարածմանը նաեւ միջազգային մակարդակում։ Այս օրերին մշակված նոր նախաձեռնություններն ու համայնքային զարգացման ծրագրերը հընթացս կներկայացվեն համապատասխան կառույցներին ու տեղական ինքնակառավարման մարմիններին։ Դրան կնպաստի նաեւ Երիտասարդական ակումբների դաշնությունը»,- նշեց ԵԱԴ նախագահ Ատոմ Մխիթարյանը:

Հատկանշական է, որ համաժողովի արդյունքում ստեղծված երիտասարդական խմբերը եւ նախաձեռնություններն արդեն տեղում շուտով կներգրավվեն ոլորտում՝ նպաստելով երկրում երիտասարդական դաշտի զարգացմանն ու ընդլայնմանը: Ի դեպ, ծրագրի արդյունքում սպասվում է նաեւ նոր տեղեկագիրք, որը պարունակելու է մասնակից նոր ակումբների մասին թարմացված տեղեկություն, տարածվելու է շահագրգիռ կառույցների, երիտասարդության, տեղական ու միջազգային կազմակերպությունների շրջանում։