Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 18-12-2018
«100 գաղափար Հայաստանի համար». հայտնի են մրցանակակիրները
Դեկտեմբերի 17-ին Երեւանի պետական կամերային թատրոնում կայացան ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի եզրափակիչ փուլը եւ մրցանակաբաշխությունը:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը տեղեկացրեց, որ ծրագիրն իրականացվում է 2015 թ.-ից. ««100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթը գաղափարների մրցույթ է: Ծրագրի միջոցով ձգտում ենք երիտասարդների շրջանում խրախուսել տարատեսակ ինովացիոն գաղափարների ծնունդը, ինչպես նաեւ տարբեր գերատեսչությունների հետ համագործակցելով՝ փորձում ենք երիտասարդներին մասնակիցը դարձնել այդ ոլորտների գործունեությանը»:

Փոխնախարարը նշեց, որ գալիք տարում պլանավորվում է գնահատում իրականացնել՝ հասկանալու համար՝ ծրագիրն ինչ ազդեցություն է ունեցել, արդյոք երիտասարդները գաղափարային փուլից անցում են կատարել դեպի իրականացման փուլ, եւ ինչպես են գերատեսչություններն օգտագործել նրանց գաղափարներն իրենց աշխատանքում․ «Գաղափարային փուլը կարող է բավականին հետաքրքիր եւ արդյունավետ լինել, սակայն կարծում եմ՝ պետք է անենք առավելագույնը, որպեսզի կարողանանք երիտասարդներին աջակցել գաղափարային փուլից իրականացման փուլ անցնելու գործում: Այդ նպատակով այս տարի փորձեցինք համագործակցել ՀՀ-ում գործող ինկուբատոր կազմակերպությունների հետ եւ 2 գործընկեր ունենք, որոնք պատրաստ են աքսելերացիոն փուլ ապահովել մեկական գաղափարի համար»:

Մրցույթի եզրափակիչ փուլ անցած 16 հայտերից հաղթող ճանաչվեցին 4-ը՝ 4 անվանակարգերում․   
«Մանկավարժական գիտություններ» անվանակարգում՝ Ավետիք Բասկովչյանի եւ Վահագն Հարությունյանի «Uniq» («Յունիք») նախագիծը, 
«Գիտություններ երկրի մասին» անվանակարգում՝ Շահեն Շահինյանի «ELMA» («ԷԼՄԱ») նախագիծը, 
«Տեխնիկական գիտություններ» անվանակարգում՝ Գայանե Տոնոյանի եւ Արամ Պետրոսյանի «Տարբեր ամինաթթուներով աղերի նոր դասը՝ որպես հեռանկարային նյութերի աղբյուր» նախագիծը, 

«Ռազմական գիտություններ» անվանակարգում՝ Արթուր Դավթյանի «Ռոբոտ սահմանապահ» նախագիծը: 

Մրցանակակիրների անունները ներկայացրին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը եւ երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը: 

«Ռոբոտ սահմանապահ»-ի հեղինակ Արթուր Դավթյանը Eritasard.am-ի հետ զրույցում ներկայացրեց իր նախագիծը. ««Ռոբոտ սահմանապահ»-ը հետեւող համակարգ է. ջերմային, գիշերային եւ ցերեկային տեսախցիկների միջոցով այն հետեւում է հակառակորդի դիրքերում տեղի ունեցող փոփոխություններին, ճանաչում շարժվող օբյեկտները, այդ ընթացքում մշակում է տվյալների բազան եւ «հասկանում», թե հատկապես ինչ է շարժվող օբյեկտը՝ մա՞րդ, կենդանի՞, թե՞  սարք: «Ռոբոտ սահմանապահ»-ը կունենա 2 աշխատանքային ռեժիմ՝ ամբողջությամբ ավտոմատացված եւ օպերատորի կողմից ղեկավարվող: Այն, տեղադրվելով մարտական դիրքերում, մարդկային կյանքեր կփրկի»: 

Շահեն Շահինյանի հեղինակած «ELMA» նախագիծն էլեկտրոնային քարտեզ է՝ կցված «խելացի» բազային. «Նախագիծը հնարավորություն է տալիս ՀՀ-ի եւ Արցախի տարածքում փնտրվող ցանկացած օբյեկտի մասին ստանալ ամբողջական, իսկ ամենակարեւորը՝ բացառապես ճշգրիտ տեղեկատվություն: Եթե փնտրում եք որեւէ հուշարձան,  նախագիծը հասանելի է դարձնում ոչ միայն տեղի, դիրքի նկարագրությունը, անվանումը, այլեւ հուշարձանի մասին ճշգրտված, օտարաբանությունից զտված տեղեկատվություն: Այն հասանելի կլինի բոլորի համար: Շերտերը մշակված են, բազան առկա է, բայց մենք խնդիր ունենք այն առցանց դարձնելու: Այժմ փորձում ենք գտնել ֆինանսական միջոցներ՝  կայք ստեղծելու համար»: 

Շահեն Շահինյանի խոսքով՝ «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը հնարավորություն է՝ ցույց տալու, որ Հայաստանում կան մասնագետներ, որոնք կարող են նմանօրինակ նախագծեր ստեղծել՝ չզիջելով արտասահմանյան մասնագետներին: 

«Մենք ցույց  ենք տալիս, որ մեր երկիրը հարուստ ու լայնաշերտ է: Ունենք բերդեր, ճարտարապետական հուշարձաններ, բնության ժառանգություն... Ներկա պահին այդ ամենը թերի է մատուցվում, քանի որ չկան հստակ տվյալներ: Այսօր մենք զբոսաշրջիկներին ներկայացնում ենք Գառնին, Գեղարդը, Էջմիածինը, այն վայրերը, հուշարձանները, որոնց մասին բոլորը գիտեն, մինչդեռ մենք այնպիսի հարուստ ժառանգություն ունենք, որն անհայտ է շատերի համար: Մեր նպատակն է ավելի լայն մասշտաբով, որակյալ, բարձր մակարդակով ներկայացնել մեր ժառանգությունը: Մեր ներկայացրած նախագիծը գրեթե բոլոր ասպարեզներում օգտակար ծրագիր է»,- ասաց նախագծի մասնակից, ճարտարապետ-վերականգնող Էվլին Օրդուխանյանը: 
 
Մենք զրուցեցինք նաեւ այլ նախագծերի հեղինակների հետ:

Մրցույցի մասնակից Դավիթ Ղարիբյանը ռադիոտեխնիկ է, մի քանի ստարտափների հեղինակ: Մասնակցել է տարբեր մրցույթների, իսկ «100 գաղափար Հայաստանի համար»  համահայկական երիտասարդական մրցույթին ներկայացրել էր «Book-bot» ծրագիրը. «Նախագծի սկզբունքը հետեւյալն է. փոքր ռոբոտ է, որն աշխատում է սոցցանցային տիրույթում: Այն օգտատիրոջն ավտոմատ ուղարկում է  ցանկացած գիրք, ցանկացած հեղինակի գրքերի ցանկը եւ այլն: Ունի նաեւ այլ հատված. մշտական օգտատերերին պարբերաբար հետաքրքիր տեղեկատվություն է ուղարկում: Մեր թիմը նախագիծը պատրաստել է 9 ամիսների ընթացքում: Այն գործում է արդեն 7 ամիս: Ունենք 6000-ից ավելի ակտիվ օգտատեր»: 

Գագիկ Թամրազյանն էլ մասնագիտությամբ դիվանագետ է, զբաղվում է գինեգործությամբ. «Մեր ստարտափը միակ մոլեկուլյար գինին է: Մենք գինի ենք պատրաստում խատուտիկից, բանանից, նարնջից, շոկոլադից եւ այլն: Պրոֆեսիոնալ շրջանակում գինին խաղողից պատրաստվածն է, բայց մենք մարտահրավեր ենք նետում այդ ակզբունքին. մենք պնդում ենք, որ պատրաստում ենք գինի, պարզապես՝ մոլեկուլյար: Վերցնելով հումքը, օրինակ, բանանի հյութը, փոխում ենք դրա մոլեկուլյար կառուցվածքը, դարձնում ենք իդենտիկ խաղողի որեւէ տեսակի մոլեկուլյար կառուցվածքին, ապա գինի ստանում»:

Պատկերասրահ՝ Ամփոփվեց 2018 թ.-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը