Նյութը՝ Դավիթ Գրիգորյանից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 18-12-2018
Սոպրանո Գոհար Հակոբյանը կներկայացնի «Աղոթք» ստեղծագործությունը
Սոպրանո Գոհար Հակոբյանը հանրությանը կներկայացնի իր նոր՝ «Աղոթք» ստեղծագործությունը, որի հեղինակը կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանն է:

Ստեղծագործության պրեմիերան տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Նարինե Զարիֆյանի ստեղծագործական գործունեության 40-ամյակին նվիրված մեծամասշտաբ համերգի ընթացքում: Գոհարն այն կատարել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի նվագակցությամբ: Մեծամասշտաբ համերգից օրեր անց տեղի կունենա ձայնի եւ նվագախմբի համար գրված «Աղոթք» ստեղծագործության տեսահոլովակի պրեմիերան: 

Գոհար Հակոբյանը փաստում է՝ երգն իր բնույթով կոչ է: ««Աղոթք» երգը կարծես հոգու ճիչ լինի: Այն կոչ է անում մարդկանց իրենց մեջ լույս գտնել: Լույս, որն առկա է յուրաքանչյուր մարդու մեջ կա: Եվ ստեղծագործությունում ասվում է, որ մարդիկ չպետք է վախենան եւ ոչ մի բանից, այլ ձեռք ձեռքի բռնած հնարավոր է հաղթահարել ցանկացած խոչընդոտ: Եվ որ ամենակարեւորը հավատն է: Նշեմ, որ երգը գրված է հայերեն եւ անգլերեն լեզուներով: Ստեղծագործության տեքստում առկա է նաեւ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» գործից թեւավոր խոսք. «Ամենակարեւորը աչքով չես տեսնի, սիրտն է միայն սրատես»,-նշում է Գոհար Հակոբյանը: 

Տեսահոլովակն այնպես է ստեղծվել ու մոնտաժվել, որ դիտողի ուշադրությունը գրավի երգչուհին եւ նրա ձայնը: Երգչուհու կերպարը նման է ծաղկի: Նշենք, որ ստեղծվել է երկու տեսահոլովակ, մեկը՝ հայերեն, մյուսը՝ անգլերեն: 

Երգչուհի Գոհար Հակոբյանը կատարում է ոչ միայն դասական ստեղծագործություններ, այլեւ սիմֆո-փոփ գործեր, ինչպես նաեւ կինոերաժշտություն: Նա նշում է, որ սիմֆո-փոփ ժանրն այդքան էլ մեծ ժողովրդականություն չի վայելում Հայաստանում: Հիմնականում սիմֆո-փոփ գործեր հեղինակել է կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը: Երգչուհին հույս ունի, որ ժանրը ժողովրդականություն կվայելի նաեւ մեր երկրում, եւ այդ ժանրով գործեր կատարող հայ արտիստները հնարավորություն կունենան հանդես գալ միջազգային հարթակներում, մասնակցել հեռուստատեսային միջազգային մրցույթների: 

Նշենք, որ Գոհար Հակոբյանը ներկայումս բնակվում է Մինսկում: 2010-16 թթ. սովորել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Նելլի Փիրումովայի դասարանում: Կոնսերվատորիան ավարտել է գերազանցությամբ: Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է: Հատկանշական է, որ նա 2016-ին իր հայրենիքում դարձել է Գյումրիի «Վերածնունդ» միջազգային մրցույթի դափնեկիր: 

Երգչուհին Via-Goar երաժշտական կոլեկտիվի անդամ է.կոլեկտիվում նվագում են Բելառուսի առաջատար երաժիշտները: 2017-ին Բելառուսում տեղի է ունեցել Գոհար Հակոբյանի առաջին մենահամերգը: Այն կրում էր «Музыка души» խորագիրը, եւ անցավ մեծ հաջողությամբ: 

Այս տարվա սկզբին էլ Բելառուսի պետական ֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավարի առաջարկությամբ անցկացվեց երգչուհու երկրորդ մենահամերգը: Ներկայացվեցին իտալացի, ավստրիացի, ռուս եւ հայ կոմպոզիտորների գործեր, ինչպես նաեւ կինոերաժշտություն: Ներկայումս Հակոբյանը Բելառուսի պետական ֆիլհարմոնիայի հրավիրյալ արտիստն է: 

Առաջիկայում Գոհար Հակոբյանն ու Նարինե Զարիֆյանը հանդես կգան համատեղ այլ ձեռնարկներով: Գոհարը նաեւ իրեն կդրսեւորի հանրահայտ վոկալ մրցույթներում: Երգչուհու ծրագրերում է առաջիկայում լսումներ անցնել Բելառուսի Մեծ թատրոնում: 

<iframe width="555" height="370" src="https://www.youtube.com/embed/RM0X3jZ_Yvc" frameborder="0" allow="accelerometer; autoplay; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe>