Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 19-12-2018
Կայացավ «Թրաֆիքինգի դեմ պայքար ուսանողական մրցադաշտում» ծրագիր-մրցախաղը
Դեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող «Թրաֆիքինգի դեմ պայքար ուսանողական մրցադաշտում» թեմայով ծրագիր-մրցախաղի 2-րդ՝ մրցակցային փուլը:
«Թրաֆիքինգի դեմ պայքար ուսանողական մրցադաշտում» թեմայով ծրագիր-մրցախաղն ուղղված է երիտասարդների խոցելիության նվազմանը եւ թրաֆիքինգի ու շահագործման վտանգների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը: 

Մրցակցային փուլին նախորդել է նախատեղեկատվական փուլը: 


«Նախատեղեկատվական փուլում ծրագրի մասնակից ուսանողներն ընդհանուր տեղեկատվություն եւ գիտելիքներ ստացան թրաֆիքինգի, դրա տեսակների, պատճառների, խնդիրների, նպատակների մասին: Հրավիրել էինք փորձագետներ, ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ սոցիալական աշխատանքի եւ սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Միրա Անտոնյանին եւ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի վարչության անդամ,  «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի ծրագրերի ղեկավար, ԵՊՀ սոցիալական աշխատանքի եւ սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Նունե Գեղամյանին: Փորձագետներն ավելի քան երեք ժամ տեւողությամբ ինտերակտիվ դասախոսություն ներկայացրին, որն ուղեկցվում էր փաստացի օրինակներով, տեսանյութերով»,- Eritasard.am-ին տեղեկացրեց «Թրաֆիքինգի դեմ պայքար ուսանողական մրցադաշտում» ծրագրի կազմակերպիչ Ջանիկ Սեւոյանը: 



Մեր զրուցակիցը նշեց, որ ծրագիրը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվում է ավելի քան 5 տարի: 

Փորձագետ Նունե Գեղամյանը մեզ հետ զրույցում մեկ անգամ եւս շեշտեց ծրագրի կարեւորությունն ու հրատապությունը. «Նախաձեռնության կարեւորությունը նախ պայմանավորված է  մասնակիցների տարիքային առանձնահատկություններով: Նրանք ուսանողներ են, երիտասարդներ, որոնք առաջին հերթին խոցելի են տարիքի բերումով, ապա՝ պայմանավորված այն իրողությամբ, որ ցանկանում են արագ մտնել աշխատաշուկա, ինքնուրույն, անկախ լինել, գումար վաստակել, ինչն էլ լի է ռիսկերով: Այդ ամենը մղում է երիտասարդին արագ որոշումներ կայացնելուն: Հենց այդ պահին էլ սկսվում է ռիսկային գործընթացը. սովորաբար մարդիկ, որոնք ներքաշված են կազմակերպված հանցագործության այդ տեսակի մեջ, բավականին հմուտ են եւ կարողանում են արագ տեսնել, նկատել ու ներգրավել այդ երիտասարդներին»: 



Փորձագետը վստահ է՝ եթե տեղեկացված ենք, թեպետ՝ ոչ ամբողջությամբ, բայց նաեւ պաշտպանված ենք. «Ինչո՞ւ չենք կարող ասել, որ իրազեկված լինելով՝ պաշտպանված ենք լիարժեք: Նախօրեին մենք ուսանողների հետ նաեւ այդ հարցի շուրջ ենք զրուցել: Ցավոք, լինում են դեպքեր, երբ անգամ անհրաժեշտ տեղեկատվության տիրապետելով՝ մարդիկ թրաֆիքինգի զոհ են դառնում, քանի որ, ինչպես արդեն նշեցի, դա կազմակերպված հանցագործության տեսակ է, եւ դրա մեջ ներքաշված մարդիկ կարողանում են դիպչել անմիջապես զգայուն կետերին, որոնցից են արագ աշխատելու ցանկությունը, ռիսկերը գնահատել չկարողանալը եւ այլն»: 

Ծրագրի մասնակիցներից զրուցեցինք Հայաստանի ամերիկյան համալսարանի 4-րդ կուրսի ուսանողուհի Մարգո Սարգսյանի հետ. «Դեռեւս դպրոցական տարիներից ինձ հետաքրքրել է մարդու իրավունքների ոլորտը: Ինքս ինձ հարց եմ տվել՝ ի՞նչ ներդրում կարող եմ ունենալ տվյալ ոլորտի զարգացման մեջ: Քանի որ թրաֆիքինգը, մարդկանց շահագործումը, հարկադիր աշխատանքը շատ աղերսներ ունեն մարդու իրավունքների ոլորտի հետ, ինձ համար հետաքրքրական ու ոգեւորիչ է նման նախաձեռնությանը մասնակցելը, հատկապես երբ իմացա, որ ոչ միայն կարող եմ գիտելիքներ ձեռք բերել, այլեւ դրանք ամրապնդել ու ստուգել մրցախաղի միջոցով»: 



Մասնակից ուսանողները, բաժանվելով թիմերի, նախօրեին ստացած գիտելիքները ստուգեցին ինտերակտիվ համակարգչային «Brain Ring» մրցախաղի միջոցով՝ պատասխանելով շուրջ 60 հարցի: Նվազագույն ժամանակում առավելագույն միավորներ վաստակած առաջին երեք թիմերը՝ «Ballard» (38659), «Traffickers» (33497) եւ «ASALA» (33159), արժանացան մրցանակների եւ նվերների: 

«Թրաֆիքինգի դեմ պայքար ուսանողական մրցադաշտում» ծրագրի կազմակերպիչ Ջանիկ Սեւոյանը տեղեկացրեց, որ հրավիրյալ փորձագետների հեղինակած «Մարդկային թրաֆիքինգ» ուսումնական ձեռնարկը հավանաբար 2019 թ.-ի սկզբին կվերահրատարակվի եւ կտրվի մասնակիցներին, ինչպես նաեւ կտարածվի ուսանողների շրջանում: