Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 20-12-2018
Առաջին անգամ հանրային քննարկման դրվեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը
ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառում:
Առաջին հատվածը վերաբերում էր 2019-2022 թթ. ՀՀ  հակակոռուպցիոն ռազմավարության քննարկմանը։


 
«Ինչպես գիտեք, նախկին հակակոռուպցիոն ռազմավարության հայեցակարգը ՀՀ Կառավարության կողմից ընդունվել էր գաղտնի պայմաններում: Այդ կապակցությամբ մենք հայտարարությամբ էինք հանդես եկել, ինչից հետո սկսեցինք լուրջ մասնակցություն ունենալ եւ համագործակցել Կառավարության հետ: Մեզ համար չափազանց կարեւոր է, որ այս անգամ Կառավարությունը որոշում է ընդունել  մասնակցային գործընթացով սկսել ռազմավարության  նախագծի քննարկումը: Մենք խնդրել ենք ՀՀ վարչապետին եւ ՀՀ արդարադատության նախարարությանը, որպեսզի երկու ամսով հետաձգվի այս ռազմավարության վերջնական ընդունումը: Այդ դեպքում մասնագիտական շրջանակներին հնարավորություն կընձեռվի լայն մասնակցություն ունենալու  ռազմավարության եւ միջոցառումների վերջնական տարբերակների մշակմանը»,- նշեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը: 



ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը տեղեկացրեց, որ հակակոռուպցիոն ռազմավարության  նախնական կամ աշխատանքային տարբերակն առաջին անգամ է քննարկվում քաղհասարակության հետ. «Այսօրվա միջոցառումն աննախադեպ է. ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունն առաջին անգամ ներկայացվում է՝ ոչ թե ամփոփելով պետական մարմինների կարծիքները, այլ առաջինը քննարկվում է քաղհասարակության հետ, ինչը նշանակում է, որ բարձր է գնահատվում քաղհասարակության դերը եւ մասնակցային քաղաքականության մշակումը հակակոռուպցիոն ոլորտում»: 

Փոխնախարարը ներկայացրեց, թե ինչ իրավիճակում է մշակվել հակակոռուպցիոն ռազմավարությունը. «Դուք գիտեք, որ ներկայիս իրավիճակն աննախադեպ է նրանով, որ ունենք հասարակության վստահությունը Կառավարության՝ հատկապես հակակոռուպցիոն ոլորտում իրականացվող ծրագրերի նկատմամբ: Կարծում եմ՝ ակնհայտ է Կառավարության քաղաքական կամքը կոռուպցիայի դեմ պայքարելու եւ կարճ ժամանակում տեսանելի արդյունքների հասնելու հարցերում: Այդ քաղաքական կամքի կոմպոնենտը, որը բազմիցս  քննարկվել է, այսօր կարծում եմ՝ որեւէ կասկած չի հարուցում: Կասկած չի հարուցում նաեւ հասարակության վստահությունը Կառավարության կողմից իրականացվող ծրագրերի նկատմամբ, ինչը նշանակում է, որ ունենք շատ լավ հիմք, որպեսզի այս ռազմավարությունն իրոք լինի մասնակցային ու արդյունավետ»: 



Խոսելով ռազմավարության գլոբալ ուղղությունների մասին՝ փոխնախարարը շեշտեց, որ այն մշակելիս հիմք են ընդունվել դասական մոտեցումները, սակայն 2019-2022 թթ. ՀՀ  հակակոռուպցիոն ռազմավարությունը նա անվանեց ինովացիոն կամ թվային, քանի որ ներառվել են նորարարական բազմաթիվ տարրեր: 

Եզրափակելով ելույթը՝ փոխնախարարը նշեց. «Մենք բաց ենք քննարկման համար: Մեր գործընկերներից՝ պետական մարմիններից եւ քաղհասարակությունից, ստացել ենք նախնական առաջարկներ, որոնց մի մասը վերամշակվելուց հետո ներառվել է ռազմավարության մեջ: Պատրաստ ենք քննարկել նաեւ նոր առաջարկները»։



Զեկույցով հանդես եկավ ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ Մարիամ Գալստյանը՝ ներկայացնելով  2019-2022 թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության հիմնական թիրախավորված կետերը: 

Միջոցառման երկրորդ մասում տեղի ունեցավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 3-րդ համաժողովը, այնուհետեւ՝ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 2018 թ. հոսքի փակման արարողությունը: