Նյութը՝ Վլադ Մուրադյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 20-12-2018
«Գեղեցկուհին ու հրեշը»․ Ամանորի ներկայացում Պատանի հանդիսատեսի թատրոնում
Դավիթ Հարությունյանի ղեկավարությամբ Պատանի հանդիսատեսի թատրոնն իր Ամանորի նվերն է մատուցել պատանիներին։ Բեմ բարձրացավ «Գեղեցկուհին ու հրեշը» հեքիաթը։ Պիեսի բեմականացումն իրականացրել է Նարեկ Մանուչարյանը։ Հեքիաթի ծանոթ հերոսները փոքրիկներին կտեղափոխեն կախարդական աշխարհ, որտեղ անիրականը դառնում է իրական, անշունչը՝ շնչավոր։
«Մեր ընտրությունն այս անգամ կանգ առավ «Գեղեցկուհին ու հրեշը» հեքիաթի վրա։ Ծանոթ գործ է: Կա ե՛ւ էկրանավորված տարբերակը, եւ՛ մուլտֆիլմը, որը քսան տարի առաջ է նկարվել։ Ի դեպ, երգերի խոսքերի հեղինակը քաջածանոթ Թիմ Ռայսն է՝ «Jesus Christ Superstar» ռոք-օպերայի լիբրետոյի հեղինակը։ Այդպիսի երաժշտական ստեղծագործություններն իրենց  անզուգական կերպարներով ու շատ անսպասելի լուծումներով հետաքրքիր են նույնիսկ մեծերին։ Այո՛, երբեմն էլ պետք է անդրադառնանք դիսնեյան հեքիաթներին, որոնց մեծ սպասումով հետեւում են աշխարհի տարբեր սերունդների ներկայացուցիչները»,- ասաց Դ. Հարությունյանը։ 

Նրա հավաստմամբ՝ որոշակի փոփոխություններ են կատարել հեքիաթը բեմադրելիս․ «Անշուշտ, մասնակի խմբագրել, կրճատումներ ենք արել, քանի որ այս ներկայացումն ունի հստակ ձեւաչափ (Ամանորի ներկայացում է), եւ արդեն ժամանակն է հրաժարվելու Ամանորի հերթապահ ներկայացումներն անելու տխուր միտումներից, ինչից դեռ անցյալ տարվանից ենք հրաժարվել։ 2018 թ.-ին հանդիսատեսի դատին հանձնեցինք «Հենզելի ու Գրետելի Ամանորի արկածները», եւ այն արդեն խաղացանկում է։ Վստահ եմ, որ «Գեղեցկուհին ու հրեշը» հաջողելու դեպքում հետագայում եւս կընդգրկվի խաղացանկ»։ 

Դերասան Իշխան Ղարիբյանը համոզված է, որ սերն ամենակարող զգացմունքն է, եւ այն ի զորու է փրկել աշխարհը․ «Այս ներկայացման ամենակարեւոր մեսիջը սերն է։ Եթե հիմքում կա սեր, ապա ոչ մի խոչընդոտ չի կարող լինել։ Այս հեքիաթում բոլոր հերոսները հետաքրքիր են։ Յուրաքանչյուրն իր տեսակով շատ վառ է»։ 

Ի․ Ղարիբյանը վստահ է, որ փոքրիկների համար այս հեքիաթն Ամանորի լավագույն նվերը կլինի․ «Աիդան՝ դուստրս, երբ իմացավ, որ մեր թատրոնում այս հեքիաթն է բեմադրվում, շատ ուրախացավ։ Վստահ եմ, որ փոքրիկների համար այն Ամանորի լավագույն նվերը կլինի։ Ե՛վ մուլտֆիլմը, ե՛ւ ֆիլմը բավականին մեծ հաջողություն են ունեցել»։  

Ղարիբյանը փոքրիկներին կներկայանա մոմակալի կերպարով։ 

Գլխավոր հերոսուհու դերը կերպավորող Նազիկ Բաղդասարյանը պատմում է, որ «Գեղեցկուհին ու հրեշը» իր ամենասիրելի հեքիաթներից է եղել ու շարունակում մնալ․ «Հետաքրքիր զուգադիպություն կա իմ կյանքում։ Երբ փոքր էի, մայրիկս ինձ ամեն օր հեքիաթ էր ընթերցում, եւ այդ հեքիաթների ժողովածուից նշել էի հենց «Գեղեցկուհին ու հրեշը»։ Ամեն անգամ նրան խնդրում էի հենց այդ հեքիաթը ընթերցել։ Տարիներ հետո ամենասիրելին դարձան մուլտֆիլմն ու  ֆիլմը»։ 

Ն․ Բաղդասարյանն ասում է, որ կերպարն իրեն շատ մոտ է անգամ բնավորության որոշ գծերով․ «Այս հեքիաթը շատ ուսուցողական է․ ցանկացած մարդու մեջ պետք է տեսնել ոչ թե նրա արտաքինը, այլ նրա հոգին, եւ դա ամենակարեւորն է։ Փոքրիկները հաստատ չեն ձանձրանա․ այստեղ իրենց սպասում են շատ սիրելի հերոսները՝ իրենց երգ ու պարով։ Ի դեպ, մեծ հաճույքով եմ կատարում վոկալային պարտիաները»։

Վահան Միրաքյանը ժամացույցի դերում է հանդես գալու, կեսկատակ-կեսլուրջ ասում է, որ դերը, հավանաբար, միտումնավոր են իրեն վստահել․ «Ֆանտաստիկ ուշանալու սովորություն ունեմ եւ կարծում եմ՝ սա ինչ-որ կոչ է, որ ժամին մի փոքր պետք է ուշադրություն դարձնել ու կարեւորել ժամանակը»։ 

Պատկերասրահ՝ «Գեղեցկուհին ու հրեշը» ներկայացումը