Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 21-12-2018
Վանաձորը՝ 2019 թ.-ի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում ամփոփվեց «Երիտասարդական մայրաքաղաք 2019» մրցույթի SMS քվեարկության եւ փորձագիտական խմբի կողմից արձանագրված արդյունքները։


Հայաստանի երեք քաղաքներ՝ Արմավիրը, Կապանը եւ Վանաձորը, 2019 թ.-ի երիտասարդական մայրաքաղաք դառնալու հայտ էին ներկայացրել։ Համաձայն «ՀՀ երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կարգի՝ յուրաքանչյուր հայտատու քաղաք նախապես ձեւավորված փորձագիտական խումբ է այցելել, տեղում ծանոթացել երիտասարդական մայրաքաղաք ճանաչվել ցանկացող քաղաքի դրական եւ բացասական կողմերին, կազմել արձանագրություններ եւ ընտրություն։ Տեղի է ունեցել նաեւ SMS քվեարկություն։


 
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը մրցույթի ամփոփիչ նիստին, որին մասնակցում էին փորձագիտական խումբը, քաղաքների ներկայացուցիչները եւ նախարարության կազմում ձեւավորված մրցութային հանձնաժողովը, ներկայացրեց այն քայլերը, որոնք ձեռնարկվել են մինչեւ «ՀՀ երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի ամփոփումը. «Անցած մի քանի շաբաթների ընթացքում մասնագիտական այցելություններ են եղել 3 հայտատու քաղաք, տրվել են գնահատականներ փորձագիտական խմբի ներկայացուցիչների կողմից, անցկացվել է նաեւ մրցույթի կարգին համապատասխան SMS քվեարկություն, այնպես որ եկել է պահն ամփոփելու այս պահին ունեցած գնահատականները եւ որոշելու գալիք տարվա երիտասարդական մայրաքաղաքը»։


 
Մրցութային հանձնաժողովը նախապես հաստատել էր, որ SMS քվեարկությամբ հաղթած քաղաքը կստանա լրացուցիչ երկու փորձագիտական ձայն։ Ամփոփելով նախորդ օրերին տեղի ունեցած SMS քվեարկության արդյունքները՝ հետեւյալ արդյունքներն արձանագրվեցին․ Արմավիր՝ 8 ձայն, Կապան՝ 83, Վանաձոր՝ 147։ Հետեւաբար, ըստ SMS քվեարկության, առաջատարը Վանաձորի հայտն էր։


 
Այլ պատկեր էր արձանագրել փորձագիտական խմբի մասնագիտական այցելությունները հայտատու քաղաքներ։ Արմավիրի հայտը ստացավ 8 միավոր, իսկ Կապանը եւ Վանաձորն ունեցան հավասար՝ 17-ական միավոր։ Հաշվի առնելով SMS քվեարկության արդյունքները՝ մրցութային հանձնաժողովը Հայաստանի 2019 թ.-ի երիտասարդական մայրաքաղաք հռչակեց Վանաձորը։


 
«2019 թ.-ի երիտասարդական ծրագրերի իրականացման համար անպայման մոտ ժամանակներս կապ կհաստատենք Վանաձորի քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ։ Ընթացիկ տարի մենք դեռ չենք փոխանցի խորհրդանշական բանալին Իջեւանից Վանաձորին։ Միջոցառումը կլինի արդեն բացման ժամանակ, երբ կնշենք Վանաձորի հռչակումը որպես երիտասարդական մայրաքաղաք»,- ընդգծեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը՝ շնորհակալ լինելով փորձագիտական խմբին կատարած մասնագիտական աշխատանքի համար։ Փոխնախարարը նշեց նաեւ, որ 2019 թ.-ին որոշակի փոփոխություններ են սպասվում մրցույթում, քանի որ մեծ տեղ է տրվել փորձագիտական խմբի գնահատականներին, կլինի նաեւ վերջին հինգ տարիներին մրցույթի տված արդյունքների ամբողջական ամփոփում։


 
Մրցութային հանձնաժողովի ամփոփիչ նիստին ներկա էր հայտատու քաղաք Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը։ Վերջինս նշեց, որ քաղաքային իշխանության կողմից SMS քվեարկությանը մեծ տեղ չէր հատկացվել. «Մեր քաղաքի հայտի օգտին քվեարկել է ընդամենը 83 մարդ, մինչդեռ եթե լիներ մեծ ուշադրություն, գուցե 8000 մարդ կքվեարկեր։ Ցավոք, մեծ կարեւորություն չէինք տվել մրցութային այդ հատվածին։ Ինչեւէ, շնորհավորում եմ Վանաձորին ՀՀ երիտասարդական մայրաքաղաք հռչակվելու առթիվ։ Մյուս տարի եւս Կապանը հայտատուների ցանկում կլինի, եւ այս անգամ կփորձենք առավել լավ հայտ ներկայացնել եւ դառնալ 2020 թ.-ի երիտասարդական մայրաքաղաք։ Մեր քաղաքն իսկապես երիտասարդական է եւ երիտասարդությունը մեծ ուշադրության է արժանանում»։

 
Վանաձոր քաղաքի՝ «Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին մասնակցելու առաջին հայտատուն «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպությունն է, որի ներկայացուցիչ Վահե Խաչիկյանի խոսքով՝ 2019 թ.-ին երկրի երիտասարդական մայրաքաղաք հռչակվելը շատ բան կարող է տալ Վանաձորին ու քաղաքացիներին. «Սա նախեւառաջ նոր ու շատ լավ հնարավորություն է երիտասարդների համար։ Երիտասարդությունը կարող է այսպիսի դեպքում ինքնադրսեւորվել, ակտիվ լինել եւ նոր հմտություններ ձեռք բերել։ Սա կօգնի նաեւ մշակելու քաղաքի երիտասարդական քաղաքականության հստակ ծրագիր ու ռազմավարություն, ինչը շատ կարեւոր է»։


 
Հիշեցնենք, որ «Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի նպատակներն են խթանել Հայաստանի Հանրապետության մարզերի համաչափ զարգացումը, զարգացնել երիտասարդական նախաձեռնողականության, երիտասարդական քաղաքականության ոլորտում քաղաքների միջեւ գործընկերային հարաբերություններն ինչպես տեղական եւ հանրապետական, այնպես էլ միջազգային մակարդակում, խրախուսել Հայաստանի Հանրապետության քաղաքային իշխանություններին՝ տեղական մակարդակում մշակելու երիտասարդական քաղաքականության իրականացման արդիական եւ արդյունավետ մոդել, նպաստել մարզերում երիտասարդական կազմակերպությունների եւ ենթակառույցների զարգացմանը։ 


 
Ի դեպ, սա երկրորդ դեպքն է, երբ Լոռու մարզում գտնվող քաղաքը դառնում է Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք. 2015 թ.-ի երիտասարդական մայրաքաղաք էր դարձել Ստեփանավանը։