Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 21-12-2018
PR մրցանակաբաշխության մրցանակակիրները ստացան խորհրդանշական պարգեւը
«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ «Հայկական PR մրցանակաբաշխություն 2018»-ի շրջանակում ամփոփվել են ավարտվող տարվա արդյունքները։
Արդեն երրորդ տարին է, ինչ հանրային կապերի (PR) ոլորտի տարվա ամենակարեւոր եւ ինքնատիպ իրադարձություններից մեկն է դարձել «Հայկական PR մրցանակաբաշխությունը»։ Այժմ ավանդական դարձած ոլորտային մրցանակաբաշխությունն իրականացվում է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ/AGBU) եւ «Beeline» ընկերության աջակցությամբ։
 
մրցանակաբաշխության առանցքային նպատակն է արձանագրել հանրային կապերի ոլորտի տարվա կտրվածքով առկա ձեռքբերումները, հնարավորինս զարգացնել եւ հանրայնացնել Հայաստանում գրագետ հաղորդակցության մշակույթի առաջնահերթությունը, նպաստել ոլորտի մասնագետների ակտիվ դերակատարությանը քաղաքական-հասարակական գործընթացներում, ինչպես նաեւ հանրային կյանքում: Հատկանշական է, որ PR մրցանակաբաշխության արդյունքները գիտական հիմք ունեն։ «Հայկական Փի Ար ասոցիացիա»-ի հետազոտական խումբն իրականացրել է հարցումներ թիրախային խմբերի (PR փորձագետներ, ԶԼՄ ներկայացուցիչներ) հետ, կանոնավոր մշտադիտարկման են ենթարկվել գերատեսչությունների աշխատանքն ու պետական, քաղաքական, հանրային գործիչների հանրային գործունեությունը։
 
«Հայաստանում հաղորդակցության մշակույթը զարգանում է, եւ այդ գործում մեծ դերակատարություն ունի «Հայկական PR մրցանակաբաշխությունը»։ Յուրաքանչյուր տարի ոչ միայն պարգեւատրվում են լավագույն ծրագրերն ու գաղափարները, այլեւ ուսումնասիրությունները թույլ են տալիս արձանագրել ոլորտում առկա խնդիրներն ու ձեռքբերումները, ինչպես նաեւ մարտահրավերները, իսկ ամբողջական արդյունքներն ամփոփվում են գիտական հոդվածի տեսքով»,- միջոցառման բացման խոսքում նշեց «Հայկական Փի Ար ասոցիացիա»-ի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը՝ ընդգծելով, որ ինչպես նախկինում, այս տարի եւս ունեցել են պրոֆեսիոնալ ժյուրի, որն էլ վերջնական է դարձրել հետազոտական արդյունքները։
 
«ՀԲԸՄ-Հայաստանը մեծապես կարեւորում է հանրային կապերի ոլորտի զարգացումը Հայաստանում՝ հատկապես նկատի ունենալով դրա կենսական նշանակությունը հանրային առողջ երկխոսության ու հասարակական գործունեությունում թափանցիկության ապահովման գործում: Այս իսկ պատճառով ոգեւորությամբ հյուրընկալեցինք եւ աջակցեցինք այս տարվա PR մրցանակաբաշխությանը: Ուրախ ենք, որ նախաձեռնությունն այս տարի դարձավ համահայկական՝ ներառելով ՀԲԸՄ-ի առաջարկած երկու նոր՝ «Տարվա սփյուռքյան լրատվամիջոց» եւ «Տարվա կին» անվանակարգերը»,- ասաց ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը:
 
«2018 թ.-ի ընթացքում մենք բոլորս ականատես եղանք, թե ինչքան կարեւոր է PR տեխնոլոգիաների եւ զանգվածային հաղորդակցության միջոցների ճիշտ կիրառումը։ Սոցիալական ցանցերի արդի աշխարհում եւ տեղեկատվության կայծակնային տարածման ժամանակաշրջանում հանրային կապերը կարեւոր են ամենուրեք, եւ բոլորը՝ գերատեսչությունները, ընկերությունները, հասարակական կազմակերպությունները, ԶԼՄ-ները, ցանկանում են գրագետ օգտագործել PR տեխնոլոգիաները։ «Beeline»-ը Հայաստանի PR մրցանակաբաշխության կողքին է եղել առաջին իսկ օրից, եւ արդեն երեք տարի է, ինչ փորձում ենք նպաստել Հայաստանում հանրային կապերի զարգացմանը»,- իր ելույթում նշեց Հայաստանում «Beeline» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
 
PR մրցանակաբաշխության հյուրերի թվում էին գերատեսչությունների, դեսպանությունների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, PR ոլորտի ակտիվ մասնագետներ եւ հետազոտողներ։ Վերջիններիս շարքում եղան նաեւ պարգեւատրվողներ, որոնց բաժին հասավ «PR» խորհրդանշական արձանիկը։
 
Հիշարժան է, որ մասնագիտական հետազոտական խումբը երկար ժամանակահատված է տրամադրել քանակական հետազոտության մեթոդաբանությամբ յուրաքանչյուր անվանակարգում հնարավորինս օբյեկտիվորեն առանձնացնելու լավագույն եռյակը, իսկ ահա լավագույնին որոշում է մասնագիտական հանձնաժողովը՝ ժյուրին՝ փակ եւ գաղտնի քվեարկությամբ: Հայկական PR մրցանակաբաշխության մասնագիտական հանձնաժողովի անդամներն են եղել Վազրիկ Բազիլը (հաղորդակցության գերմանացի մասնագետ, դասախոս, ճառագիր), Դալար Կազանջյանը (ՀԲԸՄ-Հայաստանի տնօրեն), Հրաչուհի-Մերի Պողոսյանը (Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանի պրոֆեսոր), Միրո Խանզադյանը (ամերիկահայ PR մասնագետ, «GlobalHye & Associates» ընկերության հիմնադիր), Նարինե Հայրապետյանը (ՀԲԸՄ-Հայաստանի հաղորդակցության ղեկավար), Նաիրա Նազարյանը (Հայաստանում «Beeline»-ի հանրային կապերի ղեկավար) եւ Աստղիկ Ավետիսյանը («Հայկական Փի Ար ասոցիացիա»-ի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR եւ հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար):
 
Ամփոփելով բոլոր անվանակարգերը՝ «Հայկական PR մրցանակաբաշխություն 2018» հաղթողներ են հռչակվել`
• Տարվա PR իրադարձություն՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողով (հաղթողը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն),
• Տարվա իմիջային PR՝ Գլոբալ ինովացիոն ֆորում՝ «Հայաստանը նորարարության կենտրոն» իմիջի ամրապնդում (հաղթողը՝ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST)),
• Տարվա հրապարակային գործիչ՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան,
• Տարվա քաղաքական գործիչ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան,
• Տարվա մշակութային PR՝ «Շնչող արվեստ» նախաձեռնություն (հաղթողը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն),
• Տարվա ԶԼՄ՝ «Ազատություն» ռադիոկայան,
• Տարվա պետական կառույց՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ,
• Տարվա ճգնաժամային կառավարում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամ (անվանակարգում այլ թեկնածուներ չեն եղել),
• Տարվա PR նախաձեռնություն՝ «Էրեբունի-Երեւան 2800» գորգի ստեղծում («Մեգերյան կարպետ»),
• Տարվա ֆինանսական PR՝ «InecoPAY» վճարային լուծում («Ինեկոբանկ»),
• Հայկական բրենդ՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայան,
• Տարվա նորարարական PR՝ «Arloopa» ընկերություն,
• Տարվա PR տեխնոլոգիա՝ «Իմ քայլը» քայլարշավ («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն),
• Տարվա Հայաստանի բարեկամ՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտ,
• Տարվա կին՝ Հասմիկ Պապյան (օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ),
• Տարվա Սփյուռքի ԶԼՄ՝ «Օրեր» եվրոպական ամսագիր, Չեխիա:
 
Ի դեպ, վերջին երկու անվանակարգերը նորություն էին, քանի որ նախկինում այդ անվանակարգերում մրցանակաբաշխության շրջանակում պարգեւատրում չի իրականացվել։

Պատկերասրահ՝ Հայկական PR մրցանակաբաշխություն - 2018